HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Յագլանդին՝ հրավերն ընդունելու և գլոբալ ֆորումին մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Թորբյորն Յագլանդի՝ որպես համաեվրոպական կարևորագույն կառույցի գլխավոր քարտուղարի, մասնակցությունը և ներդրումը ֆորումի աշխատանքներին, որը, նախագահի համոզմամբ, վերահաստատում է ԵԽ դերը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում:

Հանրապետության նախագահը հանդիպման առիթով ևս մեկ անգամ հաջողություն է մաղթել Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի երկրորդ մանդատի իրականացման գործում՝ նշելով, որ նա իր առաջին մանդատից սկսած բավական լուրջ և խորքային բարեփոխումներ է ձեռնարկել, որոնց հիմնական նպատակը ԵԽ դերի բարձրացումն է՝ որպես համաեվրոպական մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր աջակցությունը ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից ձեռնարկված ԵԽ բարեփոխումների գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, այդ կապակցությամբ անցկացվող միջոցառումներին, որոնց թվում նաև՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային արդի խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, համանախագահների գործունությանը և խաղաղության հասնելու համար կարևորում է հակամարտող կողմերի միջև երկխոսությունը:

Թորբյորն Յագլանդը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ երևանյան գլոբալ ֆորումին հրավիրելու համար, նշելով, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել այս կարևոր ֆորումին և ելույթ ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter