HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաձայն են համայնքների խոշորացմանը, եթե դրանից հետո գյուղացին չմտածի արտագաղթելու մասին

Շուշան Օհանյան

 Սյունիքի մարզի Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Տաթեւ, Հարժիս, Սվարանց, Տանձատափ եւ Քաշունի համայնքներում խոշորացման նպատակով մայիսի 17-ին հանրաքվե կանցկացվի: Նշված համայնքների ղեկավարների մի մասը դեմ է խոշորացմանը՝ համոզված լինելով, որ համայնքներն իրենց ներկայիս ենթակառուցվածքներով դրան պատրաստ չեն: Մի մասն էլ պնդում է, որ խոշորացումը ճիշտ գործընթաց է, քանի որ մի քանի համայնքների բյուջեն միասին զգալի գումար կկազմի, որով էլ հնարավոր կլինի կոնկրետ ծրագիր իրականացնել:

Բնակչության մեծ մասը նույնպես դեմ է խոշորացմանը՝ տարբեր պատճառաբանություններով: Նրանց հիմնական անհանգստությունն  այն է, որ խոշորացման դեպքում փոքր գյուղերն անտեսվելու են, հիմնական ներդրումները կարվեն համայնքային կենտրոնում:

Մարտիրոս Գրիգորյան, Խոտ համայնքի ղեկավար

Ընդհանուր առմամբ, խոշորացման գաղափարն ինձ համար ընդունելի է. կարծում եմ, որ եթե ոչ հիմա, ապա ապագայում այդ գործընթացն անխուսափելի կլինի: Այս պահին, ուղղակի, մեր համայնքներն իրենց ունեցած հնարավորություններով պատրաստ չեն խոշորացման: Ավելի ճիշտ կլիներ ենթակառուցվածքային որոշ հարցեր լուծվեին, համայնքներում որոշակի զարգացում լիներ, հետո միայն կատարվեր խոշորացումը, բայց այս ամենի հետ մեկտեղ հավատում եմ, որ լուրջ ներդրումներ, փոփոխություններ լինելու են:

Համայնքային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կենտրոնացումը մեկ համայնքում, բնականաբար, հնարավորություն կտա կենտրոնացնել ռեսուրսները եւ դրանք ուղղել առավել կարեւոր խնդիրների լուծմանը, բայց միանշանակ ասել, որ մինչ այժմ համայնքներում ոչ մի աշխատանք չի կատարվել եւ համայնքապետարանի աշխատակիցները «պարապ-սարապ» նստած, ուղղակի աշխատավարձ են ստանում, ճիշտ չի լինի: Համաձայն եմ, համայնքապետարանները չեն կարողանում մեծ ու առավել ծախսատար խնդիրներ լուծել, ինչպես, օրինակ, ճանապարհաշինությունն է, բայց կան որոշակի ծառայություններ, որոնք մենք տարիներ շարունակ մատուցում ենք բնակչությանը՝ հնարավորության դեպքում փորձելով դրանք բարելավել:

Համաձայն չեմ նաեւ խոշորացման հիմքում դրված այն գաղափարի հետ, որ բյուջեի գումարները փոշիանում են՝ ծախսվելով հիմնականում համայնքի աշխատակազմի աշխատավարձերի վրա. այդ դեպքում կարելի էր նաեւ աշխատակազմը կրճատել՝ ստեղծելով միջահայնքային միավորումներ: Ես աշխատանք կորցնելու մտահոգություն չունեմ: Եթե խոշորացումից հետո ստեղծվելու են այնպիսի պայմաններ, որ գյուղացին չի մտածելու արտագաղթելու մասին, ես առաջինն եմ տալիս իմ համաձայնությունը:

Ներսես Բարխուդարյան, Շինուհայր համայնքի աշխատակազմի քարտուղար

Խոշորացման նպատակներից մեկը տեղական ինքնակառավարման մարմինների մատուցած ծառայությունների բարելավումն է: Այսօր համայնքապետարանների մի մասն աշխատում է թերծանրաբեռնված, եւ տրամաբանական է, որ նրանց տրվող միջոցները խնայելու եւ դրանք համայնքների համար կարեւորագույն խնդիրների լուծմանը, աշխատող հատվածի աշխատավարձերի բարձրացմանն ուղղելու անհրաժեշտություն է առաջացել: Իհարկե, այս գործընթացում հաշվի են առնվելու տեղային առանձնահատկությունները, որպեսզի խոշորացման ծրագիրն արդյունավետ գործի եւ նպաստի համայնքների զարգացմանը։
Կարեւոր է տարբեր լսարանների հետ հանդիպում-քննարկումներ կազմակերպելը, խոշորացման վերաբերյալ որոշումները պետք է ընդունել՝ հաշվի առնելով հանրության կարծիքներն ու առաջարկությունները:

Խոշորացումից հետո կարեւորագույն դեր են ստանձնելու ավագանու անդամները՝ պաշտպանելով իրենց համայնքի շահերը: Գործուն ավագանի ունենալու համար պետք է ընտրվեն ոչ թե, օրինակ, մեծ ազգություն ունեցողները, այլ գործից հասկացող մարդիկ:

Եթե միջհամայնքային ճանապարհները վերանորոգվեն, լուծվի ոռոգման ջրի հարցը, շուկա ունենանք, գյուղատնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ կստեղծվեն, ներդրումներն այս ոլորտում այլեւս ռիսկային չեն լինի:

Մարատ Գերասիմյան, Հալիձոր համայնքի ղեկավար

Եթե խոշորացում լինի, առաջին հերթին իմ դերն է փոխվելու՝ որպես գործող համայնքապետ, բայց ես դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում, բոլորիս համար կարեւորը պետք է լինի այն, որ համայնքը զարգանա՝ ունենալով գոնե նվազագույն ենթակառուցվածքներ: Իմ կարծիքը խոշորացման գործընթացի մասին ավելի շատ դրական է, սակայն, որպես համայնքի ղեկավար, ես պարբերաբար քննարկումներ եմ ունենում համայնքի բնակիչների հետ, լսում նրանց՝ եւ՛ կողմ, եւ՛ դեմ կարծիքները, եւ դրանք ներկայացնում խոշորացման գործընթացում ներգրավված կառույցներին:

Նախկին փորձից ունեցած այն մտավախությունը, թե մեծ համայնքներն ավելի կզարգանան՝ երկրորդ պլանում թողնելով փոքրերին, ես չեմ կիսում: Փոխվել են մարդիկ, ժամանակաշրջանը, միջոցները, եւ տասնամյակներ առաջ ունեցած չհաջողված փորձի պատճառով չի կարելի հրաժարվել խոշորացումից: Մեր հանրապետությունում ցանկացած համայնք ունի իր խնդիրները՝ ոլորտային քիչ տարբերություններով: Հիմա կա կոնկրետ առաջարկ, սպասվելիք ներդրումներ, խոսվում է նաեւ այն մասին, որ խոշորացվող համայնքներին տրվող դոտացիաները 50%-ով կավելացվեն, եւ քանի որ սա մեկնարկային ծրագիր է, ապա եսասիրական հարց է առաջանում՝ ինչո՞ւ չօգտվել դրանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter