HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Պետությունը չի ընդունում դատական հնարավոր սխալները և խուսափում է ավելորդ գլխացավանքից»

Դատարանները մերժում են վերաբացել 19 տարվա վաղեմության քրեական գործը

Ո՛չ գլխավոր դատախազությունը, ո՛չ դատարանները չեն ընդունում, որ նախկին զինվոր, 19 տարի առաջ մահապատժի դատապարտված Արթուր Մկրտչյանի գործում ի հայտ են եկել նոր երևան եկած հանգամանքներ: Հետևաբար՝ 19 տարվա վաղեմության քրեական գործի վերաբացման վարույթի հարուցումը մերժվում է թե՛ գլխավոր դատախազությունում, թե՛ դատարաններում:  

Այսօր վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, ընդամենը կես ժամում, առանց դատապարտյալի ներկայության, մերժեց ցմահ բանտարկյալ Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքը՝ հրապարակելով որոշման միայն եզրափակիչ մասը (դատախազն էլ հայտնել էր, որ այլ նիստի պատճառով չի կարող մասնակցել նիստին):

Թեպետ փաստաբանը բողոքը հիմնավորելիս նշեց, որ եթե անգամ 0,1 տոկոսանոց կասկած կա մարդուն ծանրագույն հանցանքի համար մեղադրելիս, ապա պետք է փարատվեն այդ կասկածները. «Հարգելի դատարան, խոսքը ցմահ դատապարտված անձի մասին է: 19 տարի անց ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բազմաթիվ հարցեր են ծնում կապված գործի հանգամանքների ու փաստերի հետ, պիտի փարատվեն դրանք: Չեմ ասում, թե արդարացրեք նրան, նախ վերանայման վարույթ պիտի սկսել, որպեսզի հասկանանք, թե ինչ օպերատիվ տվյալների է տիրապետել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը:

ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով մահապատժի (2003 թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում) դատապարտված նախկին շարքային Արթուր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել 5 համածառայակիցների սպանության մեջ: Սակայն դատարանում չի ընդունել մեղքը՝ պնդելով, որ անմեղ է, որ սպանությունը կատարել են անծանոթ մարդիկ, ովքեր պետական համարանիշերով «Նիվա» մակնիշի մեքենայով դեպքի օրը եղել են Կոթիի զորամասի հենակետում: 

Գլխավոր դատախազություն դիմելու համար հիմք էր հանդիսացել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցը «Հետքին», որտեղ նա, խոսելով Արթուր Մկրտչյանի վերաբերյալ գործի մասին, հայտնել է օպերատիվ տվյալներ: Դրանք վերաբերել են 19 տարվա վաղեմության դեպքերին, որոնք տեղի են ունեցել Կոթիի զորամասի հենակետերից մեկում: Նախկին զինդատախազը հարցազրույցում հաստատել էր, որ այդ օրը դիրքեր եկել են անծանոթներ: Սակայն դատարանը նախկին զինդատախազի հայտնած օպերատիվ տվյալները համարել էր ենթադրություններ:

Լսելով փաստաբանի հիմնավորումները՝ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը հարցրեց, թե ինչ կլիներ, եթե մեկն, օրինակ, տառապելով հոգեկան հիվանդությամբ, գար ու հայտարարեր, որ ինքն է սպանել 5 մարդու, մի՞թե այդ դեպքում պետք է անմիջապես վերաբացեվեր հին գործը:

Փաստաբանն էլ պատասխանեց, որ կոնկրետ դեպքում հարցազրույց տվողը նախկին զինդատախազն է, ով վարույթ է սկսել այս գործով, օպերատիվ տվյալներ ստացել:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր փաստաբան Ռևազյանի բողոքն ըննդեմ զինդատախազության: Փաստաբանը խնդրել էր դատարանին իր վստահորդ Արթուր Մկրտչյանի գործով պարտավորեցնել դատախազությանը սկսել վերաբացման վարույթ:

Վերաքննիչ դատարանի մերժումը լսելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը նկատեց. «Պետությունը բացի այն, որ չի ուզում ընդունել դատական հնարավոր սխալները, նաև ավելորդ գլխացավանքից է խուսափում: Մերժելն ավելի հեշտ է: Դրա համար որևէ պատասխանատվություն չկա: Հին՝ 15-20 տարվա վաղեմության գործերի վերաբացման համար անհրաժեշտ է միայն մարդակենտրոն համակարգ: Պետք է մտածել մարդու մասին, ուրիշ բան պետք չէ»: 

Փաստաբան Ռևազյանը հայտնեց, որ որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: 

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա.Ա.
Իսկ մարդու խեղված ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունը՞, միթե՞ մի լումայի արժեք չունի մարդը մեր երկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter