HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ խախտման համար է նախազգուշացում ստացել դատավոր Ելենա Քոչարյանը

«Հետքը» տեղեկացրել էր, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը ՀՀ արդարադատության խորհրդի որոշմամբ ստացել է նախազգուշացում: Դատական համակարգի պաշտոնական էջում հրապարակվել է ԱԽ որոշումը, ըստ որի` դռնփակ նիստում խորհուրդը լսել է դատավոր Ելենա Քոչարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու հարցը: Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով, որի համար առիթ է հանդիսացել քաղաքացի Ռազմիկ Քարամյանի դիմումը:

Ռազմիկ Քարամյանը 2007թ.-ից աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում, սակայն 2013թ. հուլիսի 2-27-ը գտնվել է անաշխատունակ վիճակում և չի ներկայացել աշխատանքի: Իսկ երբ հուլիսի 28-ին ներկայացել է աշխատանքի, ղեկավարությունից ստացել է պատասխան, որ հուլիսի 13-ի հրամանով հեռացված է աշխատանքից՝ անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմքով: Օգոստոսի 15-ին նա ստացել է աշխատանքից ազատման հրամանի օրինակը և աշխատանքային գրքույկի բնօրինակը փոստային ծառայության միջոցով իր պահանջից հետո:

Պարզվել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում առանց Ռազմիկ Քարամյանի պահանջի, աշխատանքային գրքույկում լրացվել է աշխատանքից ազատման հիմքը: Աշխատանքը կորցրած քաղաքացին սեպտեմբերի 13-ին հայցադիմում է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի: Նա դատարանից պահանջել է պարտավորեցնել պատասխանողին իրեն վերականգնել նախկին աշխատանքում և անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելու հրամանը, աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումը:

Սակայն դատավոր Ելենա Քոչարյանը աշխատանքային օրենսգրքով սահմանված մեկամսյա ժամկետի մեկնարկի սկիզբը դիտել է ոչ թե աշխատանքից ազատման մասին հրամանը քաղաքացու կողմից ստանալու, այլ աշխատանքից ազատման մասին իմանալու պահը: Այդպիսով՝ դատավորը մերժել է հայցվորի բոլոր 3 պահանջները՝ պարզապես կիրառելով հայցային վաղեմություն:

Սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2014 թ.-ին բավարարել է հայցվոր Ռազմիկ Քարամյանի վերաքննիչ բողոքը ու բեկանել Ելենա Քոչարյանի վճիռը` գործն ուղարկելով նոր քննության: Այս անգամ էլ «Գազպրոմ» ԲԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղն է վճռաբեկ բողոք բերել, սակայն այն վարույթ չի ընդունվել:

Արդարադատության խորհուրդն այսպիսով արձանագրել է, որ դատավոր Ելենա Քոչարյանը, չանդրադառնալով աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու մասին հայցվորի պահանջին (այս փաստը չի վիճարկվում նաև դատավորի կողմից), թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի և 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

«Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ե. Քոչարյանը, թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռով չանդրադառնալով աշխատանքային գրքույկում աշխատանքի հիմքի գրառումն անվավեր ճանաչելու մասին հայցվորի պահանջին, արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նշված խախտումները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում»,- նշված է ՀՀ արդարադատության խորհրդի որոշման մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter