HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինուհայրի բազմաբնակարան շենքերը վթարային վիճակում են

Քրիստինե Հայրապետյան

Շինուհայր համայնքի բազմաբնակարան շենքերի բնակիչները տեղական իշխանավորներից պահանջում են վերանորոգել շենքերի տանիքները:

«Ասի ի՞նչ կնեկ ես էէէ՜, հունց ես մնում էդ տանը, ոչ մեջք ա մնացել, ոչ երիկամ»,- լացակումած  ասում է Շինուհայրի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ Ալվարդ Հարությունյանը, եւ  շենքի բակում կանգնած, ձեռքը մեկնելով ցույց է տալիս շենքի վերջին հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբը, որի պատերը փլուզման եզրին են:

Ա. Հարությունյանը մեծ տարաներ, նույնիսկ ճաշի կաթսաներ է տան հատակին շարում, որպեսզի առաստաղից կաթող անձրեւաջրերը կամ ձնհալից առաջացած ջրերը տունը չողողեն: Միայնակ ապրող ծեր կնոջ տան պատերն ու առաստաղը խոնավությունից  սեւացել ու ճաքճքել են:

«Էլ վիճակ չկա, ճաշիս ամաննին տեն ըծիլի ա, աման էլ չունեմ, որ տինեմ տակին»,- ասում է նա եւ ավելացնում, որ արդեն մի տարի է, ինչ այդ հարցով դիմել է համայնքի ղեկավարին, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետին, եւ վերջինս էլ  խոստացել է, որ մինչեւ մայիս ամիսն այդ հարցը ինչ-որ ձեւով կլուծեն:

Շենքի ինը բնակարանում ապրում է 18 ընտանիք: Նույն հարկի բնակիչ Սոնա Մինասյանը եւս նշում է, որ տանիքի կաթոցներից իրենց բնակարանի առաստաղի, պատերի ծեփերը եւս թափվում են: Պատկերն ավելի դժգույն է ծեր ռուս քույրերի տանը:  Տանիքի անմխիթար վիճակն ավելի շատ մտահոգում է այդ շենքի վերջին հարկում բնակվողներին:

Շենքի միջանցքը

Դեռեւս 1960-ական թվականներին Տաթեւ ՀԷԿ-ի կառուցած բազմաբնակարան շենքերի տանիքներն, ինչպես նշեց բնակիչներից մեկը, 20-25 տարի առաջ են նորոգվել, դրանից հետո ընդհանրապես չեն փոխվել: Միայն շենքերից մեկի տանիքն է ամբողջությամբ փոխվել «Տաթեւեր» ճոպանուղու աջակցությամբ: Բնակիչներն ասում են, որ մյուս շենքերի տանիքները փտած են, կաթում են: Նորոգելու համար դիմել են համայնքի ղեկավարին, սակայն համայնքապետարանը մի երկու անգամ մի քանի թերթաքար (շիֆեր) է տրամադրել:

«Մի երկու անգամ բնակիչները դիմալ են գյուղապետին ու ինքը մի քանի շիֆեր ա տրամադրալ, բայց դե ընդհանուր պիտի տանիքը փոխվի, իսկ մենք էլ մեր միջոցներով չենք կարող դա անել, մեծ ծախսերի հետ ա կապված»,- ասում է բազմաբնակարան շենքի բնակիչ Սուրեն Գրիգորյանը:

Շինուհայրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ներսես Բարխուդարյանը նշեց, որ բազմաբնակարան շենքերը համայնքապետարանի ենթակայության տակ չեն գտնվում, դրանք բնակիչների սեփականությունն են: Ն. Բարխուդարյանի խոսքով՝ համայնքապետարանը լուծում է միայն այդ շենքերի կոյուղու կամ խմելու ջրի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ իր միջոցներով իրականացնում է աղբահանությունը: Աշխատակազմի քարտուղարը նշեց նաեւ, որ շենքերի ընդհանուր վիճակից իրենք տեղյակ են եւ գրություն են ներկայացրել մարզպետարան:

«Եթե մարզպետարանն էլ էս հարցը չլուծի՝ թեժ գիծ եմ զանգիլու»,- ասում է Ալվարդ Հարությունյանը, չհստակեցնեով, թե խոսքը որ թեժ գծի մասին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter