HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես հայտնվեցի Լեռ Կամսարի բանտախցում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ապրիլի 2-ից սկսել եմ ռուսերեն թարգմանել Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» 

Զբոսախուց գնալիս սովորություն ունեմ. երբեմն հետս գրքեր եմ վերցնում: Մարզվում եմ, քայլում պատից պատ, նայում ճաղապատ երկնքին, կարդում: Մի քանի օր առաջ զբոսանքի տարա Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը»: Չէի ուզում կարդալ մինչև վերջ, ուզում էի պահել ինտրիգը, որ շունչս պահած թարգմանեմ ռուսերեն: Իսկ այն ռուսերեն թարգմանելու մտադրությունն առաջացավ, երբ իմացա, որ Կամսարը երբևէ չի թարգմանվել: «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի միջոցով հեռակա ստացա Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանի համաձայնությունը: Հավատացեք, մեծ պատիվ ու պարտավորվածություն է ինձ համար:  

Նայում էի կազմին, փորձում հասկանալ վերնագրի իրական իմաստը`բանտիս օրագիրը: Չէ՞ որ հեղինակը կարող էր այլ կերպ վերնագրել, օրինակ` բանտի օրագիրս: Շրջում եմ կազմը՝ Լեռ Կամսարն է մինչև բռնադատումը և երեք տարի սովետական բանտում անցկացնելուց հետո: Ապշելու տարբերություն` երկու նկարների միջև… Ինչ-որ բան հանգիստ չէր տալիս: Առանց գիրքը բացելու՝ փորձում էի զգալ օրագրի էներգետիկան:

Մի կողմ դրեցի այն. նույնիսկ զգացի, որ չեմ ցանկանում կարդալ: Մի՛ զարմացեք, պարզապես անազատության մասին ցանկացած միտք ժամանակի ընթացքում անտանելի է դառնում: Լինելով անարդարացիորեն մահապատժի դատապարտված և արդեն 19 տարի գտնվելով բանտում՝ չեմ կորցրել ռոմանտիզմը, սակայն շատ-շատ հարցերում դարձել եմ ծայրաստիճան պրագմատիկ: Բայց զարմացա, երբ գիրքը դեռ չընթերցած՝ միստիկ զգացողություն առաջացրեց: Մտածեցի՝ ինչ կլիներ, եթե մի դիպվածով հայտնվեի Լեռ Կամսարի բանտախցում.

- Բարև, Լեռ, բարև, Արամ… անունս Մհեր է:

-Բարև… բայց ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ, բանտախցի դուռը չբացվեց, հո երա՞զ չեմ տեսնում...

- 21-րդ դարից եմ, ես էլ եմ բանտարկյալ, 19 տարի է բանտում եմ չկատարած հանցանքի համար: Գնացել էի զբոսախուց ու հանկարծ հայտնվեցի քո խցում: Հիմա 2015 թվականի ապրիլի 24-ն է,- ասում եմ ես:

- Այսինքն՝ Ցեղասպանությունից 100 տարի ա՞նց ... չեմ հավատում, իսկ մեր հողերը՞, իմ ծննդավայր Վանը՞, արդյո՞ք հետ ենք բերել:

Ամաչեցի, գլուխս կախեցի, ի՞նչ ասեի:

- Հասկացա, տղա՛ս, ոչ մի դաս պատմությունից չենք առել, - Կամսարը զարմացած նայեց երեսիս,- իսկ 21-րդ դարի Հայաստանում բռնադատվածներ էլի կա՞ն:

- Ցավոք, կա՛ն,-ասացի ես՝ փորձելով ցրել վատ մտքերը,- գիտե՞ս, ես բանտից գրում եմ, մեր հանդիպման մասին էլ կգրեմ, որ մարդիկ կարդան:

- Անհավանական բան ես ասում,- Կամսարը շվարած նայում է աչքերիս մեջ,- իսկ դասագրքերում իմ գործերը կա՞ն, երեխաները սովորու՞մ են ազատության իմ դասերը, սովորու՞մ եմ լինել ուժեղ մարդ-քաղաքացի:

- Դասագրքերում չեմ տեսել, ես էլ դպրոցում քո մասին չեմ իմացել, կուզեի վաղուցվա ծանոթներ լինեինք, շատ բան կսովորեի քեզնից: Հիմա մի քանի միտք գիտեմ քեզնից. «Ո՜վ ազատություն, թույլ տուր վռնդել քեզի իմ բոլոր զգայարաններով։ Պետք է մարդ մեզի չափ անազատ ըլլա՝ ազատության հարգն իմանալու համար։ Ո՜վ Սուրբ Ազատություն, թող անգամ մըն ալ ծնրադրեմ, բանտի ծանր երկաթապատ դռան ետև հավիտյանս անհետանալե առաջ...»։

- Ահագին շատ բան գիտես, տղա՛ս,- հուսադրեց Արամ Լեռ Կամսարն ինձ հայրաբար՝ ուշադիր նայելով ձեռքիս,- այդ ի՞նչ գիրք է:

- Քո գիրքն է`«Բանտիս օրագիրը», թոռնուհիդ`Վանուհին, քո բոլոր անտիպ գործերը տպագրում է: Տես`քո գրածն է. «Ստրկությունն անհրաժեշտ է նաև ազատությունն իր գաղափարի բոլոր սահմաններով երազելու համար: Մի երազ, որ ավելի փայլ է տալիս ազատությանը, քան իրականությունը»: Ես արդեն գիտեմ, հիմա զբոսախցից արագ կիջնեմ ու կսկսեմ «Բանտիս օրագիրը» ռուսերեն թարգմանել:

Մի քանի րոպե անց

Համակարգչի մոտ նստած՝ թարգմանում եմ «Բանտիս օրագիրը» առաջին էջերը՝ ինձ այնքան ծանոթ-անծանոթ մտքերը. «Որպեսզի մարդ հանկարծակիի չգա, պետք է ժամանակից գեթ մի ամիս առաջ ձերբակալվի, հոգեբանորեն ինքզինքը նախապես պատրաստի այդ ահեղ օրվա համար, կարոտն առնի իր կնոջից ու երեխաներից, աշխարհի հետ եղած կապերը մեկ-մեկ քանդի, վերջին անգամ փափուկ անկողնում պառկի, յուղի և մսի երես տեսնի, հաշտվի ոջիլի գոյության հետ, իսկ ամենից կարևորը` մեջքն ուղղի ու հանգստանա, որպեսզի ուժ ունենա այնուհետև, Աստված գիտի մինչև երբ, հյուսիսի անտառներում գերաններ կրել դեպի գետային նավահանգիստ և այն բեռնել նավը»:

Մեկնաբանություններ (6)

ՀԱՅՈՒՀԻ
Հասմիկ ջան, նախագահը մեզ չի ընդունի, մեզնից մնում է ամեն տեղ բարձրաձայնել ու ցրել էն բոլոր սուտ բաները, որ ժողովուրդը երբեմն խոսում է էս արժանավոր մարդու մասին
աննա
Խեղճ տղայ...
Հասմիկ
Ժողովուրդ, ի՞նչ անենք այս տղայի համար, խումբ կազմենք գնանք նախագահի մոտ խնդրենք ինչ անենք
Ամինա
Մհեր ջան Մհեր... Դու Ավետիք Իսահակյանի պոեմի Մհերն ես, Քարանձավից մի օր դուրս կգաս, որ աշխարհւմ արդարություն հաստատվի...Աստված քեզ պահապան...
Դավիթ
Այս երիտասարդը բանտում նստած շատ ավելի գործ է անում, քան ազատության մեջ գտնվող հազարավոր մարդիկ։ Համբերությւոն քեզ, եղբայր, իսկ մեր իշխանություններին՝ մի քիչ խիղճ ու թասիբ
Սինանյան Գ․
Մհեր, Կարդացել եմ բոլոր հոդվածներդ, գիրքդ դեռ առիթ չեմ ունեցել կարդալու։ Հավատում եմ որ շատ շուտ ազատության մեջ պեքտ է գտնվես, ոչ միայն դու այլ քո մյուս անօրեն տադված ընկերները։ Ջերմ Ողջյուններ Քեզ Ամերիկայից․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter