Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Խոշորացվող գյուղերից յուրաքանչյուրը հավակնում է համայնքային կենտրոնի կարգավիճակին



Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր գյուղերը խոշորացման արդյունքում կձեւավորեն Թումանյան համայնքը: Նշված գյուղերում ապրիլի 7-ին քննարկվել է խոշորացվող համայնքի մոդելը, որին ներկա է գտնվել նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Քննարկման ժամանակ, գյուղացիների ասելով՝ նախարարը համայնքերի խոշորացման հետ կապված փաստարկել է, որ փոքր  գյուղերի  բյուջեների ֆինանսական միջոցները փոշիանում են` գյուղերը չեն զարգանում:

Այսուհանդերձ, խոշորացման շուրջ Մոտկորի գյուղերում հակասական քննարկումներ են ընթանում: Լորուտի համայնքապետ Հրաչիկ Սահակյանը խուսափեց մեզ հանդիպել: Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը համայնքերի խոշորացումը դիտեց որպես նոր երեւույթ:

Տնօրենի կարծիքով՝ գյուղերում տիրող ներկա վիճակը նորմալ չէ: «Մոտ 1000 բնակիչ ունեցող Լորուտը, որտեղ ազգակցական կապերը խորն են, համայնքի ղեկավար ընտրելիս բաժանվում է բանակների եւ շարքային ընտրողը ընտրում է ոչ թե արժեքներ կրող գյուղապետի, այլ իր ազգականին կամ ընկերոջը, ով իրենից հարկ չի վերցնի եւ իր ուզած տեղից հող կհատկացնի իրեն: Այդ սկզբունքով ընտրվող գյուղապետն առաջադրում եւ օգնում է ընտրվել իր ավագանուն»,- բացատրեց դպրոցի տնօրենը:

Վերջինիս կարծիքով՝ ստեղծված վիճակում գյուղի զարգացման համար համայնքապետն աշխատանք չի կատարում, պետբյուջեից հատկացված դոտացիայով էլ համայնքապետարանի աշխատակազմն ու մանկապարտեզն է պահվում: «Այսպես չի կարելի շարունակել: Այս տարի Լորուտի դպրոցում առաջին դասարան չենք ունեցել, գյուղից արտագաղթ կա, առաջին դասարանի համար 4 երեխա ենք ունեցել հաշվառված, երեխաների ընտանիքները գյուղից տեղափոխվել են Վանաձոր»,- հայտնեց Դ. Սարգսյանը:  

Լորուտցի 55-ամյա Դերենիկ Գեւորգյանը կարծում է, որ համայնքների խոշորացումից իրեն օգուտ չկա: «Մինչեւ հիմա ինչ եմ դարձել, որ խոշորացումից հետո ինչ դառնամ»,- ասաց նա: Դերենիկը 30 խոշոր եղջերավոր անասուն ունի, որից 16-ը կթի կով են: Նրա համար իր  անասուններից այն կողմ Լորուտում կյանք  չկա:

«Ես Մարցում տնփեսա եմ, բայց համաձայն չեմ, որ համայնքները խոշորացվեն: Պետք չի խոշորոցումը, մի տեղեկանքի հմա ոնց գցում-բռնում եմ՝ մի երկու անգամ էլ ա Թումանյան տեմ գնալ-գալ»,- հայտնեց Բորիս Զաքարյանը:

«Հա, քննարկում ա եղել մի երկու մարդ զրից են արել: Ես ասել եմ, որ վերի գյուղերի համար էլ հարմար է համայնքի վարչական կենտրոնը Մարցը լինի: Հա, դե պարզ չէ՞, արդեն պետք է ենթարկվենք կենտրոնին: Է, ներկայացուցիչը ինչ պետք է անի, ով տի բանի տեղ դնի նրան, եթե պեչատ չկա, իրավունքներ չկան, չի կարա մեկին մի լավ բան անի: Այսինքն՝ էդ մարդը փող կստանա»,- իր կարծիքը հայտնեց մարցեցի Ռաֆիկ Աֆիցերյանը:

Մարցի համայնքապետ Ռոբերտ Գալստյանի ասելով՝ թեեւ իր պաշտոնավարմանը դեռ 1,5 տարի կա, ինքն էլ կուզեր դեռ աշխատել, բայց քանի որ խոշորացման դեպքում գյուղերում եվրոպացիների ֆինանսավորմամբ մեծ ծրագրեր են լինելու, դրա համար համաձայն է խոշորացմանը:

«Մեր խմելու ջրի վիճակը սարսափելի է, ջրագիծը անցյալ դարի 60-ականներին է կառուցվել: Ջուրը գյուղից 5 կմ հեռու է` Արթաթալա հանդամասից  է գալիս:  Ջրագծի վրա բյուջեից տարին մի 200-300 հազար դրամ ենք ծախսում: Էդ ա մեր  եղածը: Բայց, մի կողմից սարքում ենք, հետո գնում ենք տեսնում` էն մի կողքից տրաքել ա: Շատ լավ ջուր ա, պարզապես ցեխաջրերը խողովակներն են լցվում»,- բացատրեց Ռ. Գալստյանը: Նա կարծում է, որ խոշորացման դեպքում հնարավոր է Մարցի  հրատապ այս եւ այլ խնդիրները արմատապես լուծել:

Պատմության ուսուցիչ Նվեր Ստեփանյանը Մարցի շահերից ելնելով կողմ է համայնքների խոշորացմանը: Նվերը նույնպես կարծում է, որ գյուղական 6 համայնքերի կենտրոնը պետք է Մարցը լինի: «Թումանյան քաղաքում հիմա ավելի քիչ բնակիչ է ապրում, քան Լորուտում, Մարցը հարմար չէ՝ թող Լորուտը դառնա խոշորացված համայնքի կենտրոն»,- առաջարկեց մաթեմատիկայի ուսուցիչ Նորիկ Արզումանյանը:  

Քարինջի համայնքապետ Նորիկ Մկրտումյանի ասելով՝ գյուղում բնակիչները համայնքերի խոշորացմանը 50:50 հարաբերակցությամբ են վերաբերվում: Մի մասը կարծում է, որ կենտրոնացվում է՝ ուրեմն տնտեսումներ կլինեն: «Քարինջում մշակույթի տուն կառուցելու համար առնվազն 200 մլն դրամ է պետք, որը փոքր համայնքի դեպքում հնարավոր չէ: Մեր բյուջեն հիմա 14 մլն դրամ է, 600 հազար դրամ ազատ մնացորդ ենք ունենում: Այդ էլ օգտագործում ենք ճանապարհի, մանկապարտեզի բակի եւ գյուղի գերեզմանոցի ցանկապատը վերանորոգելու նպատակով»,- բացատրեց Ն. Մկրտումյանը:

Քարինջեցի Ռոբերտ Մկրտումյանը նույնպես դեմ է համայնքների խոշորացմանը: «Հաշվենք, թե գյուղի ջրագիծը վթարվել է, մի տեղ տրուբա է պայթել, ուզում ենք վթարը վերացնենք: Ներկայացուցիչ պետք է լինի չէ՞ էստեղ, պետք է գումար լինի՞ ձեռքին, որ խողովակ առնի, կամ շինանյութ»,- ապրիլի 7-ի հանդիպման ժամանակ հարցրել է նա նախարար Արմեն Երիցյանին: Նախարարն ինձ պատասխանեց. «Չէ, ներկայացուցիչը պետք է գնա Թումանյան համայնքի ղեկավարին դիմում գրի, որ փող դուրս գրեն դրա համար»: Այսինքն` քարինջցիներ ջան, ջուր չունենք, սպասեք, մինչեւ էդ փողը դուրս կգրեն, ամենաքիչը մի 2 օր հետո էնտեղից փող կտան, էն էլ կամ կտան, կամ` չէ, որ բերենք Քարինջի ջրի վթարը վերացնենք: Դա քիչ բան ա՞»,- հարցրեց Ռոբերտը:

Մոտկորի գյուղացիները չէին հավատում նաեւ խոշորացված համայնքապետարանի կողմից կենտրոնացված ֆինանսական միջոցների արդարացի բաշխմանը: Որքան մոտենում է խոշորացման համար մայիսի 17-ին նշանակված հանրաքվեի օրը, այնքան գյուղերում թեժանում են քննարկումները: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սանթրո09:06 - 25 ապրիլի, 2015
Էդ գեղերը դառնալու են գեղատեղեր, խոշորացումը մենակ անտերություն ու թալան ա ավելցնելու: Թե լավ ծրագիր ու ֆինանս ունեն, թող բերեն անեն, խոշորացումը դրան ընչով պտի օգնի կամ խանգարի, էդ մեկը դժվարա հասկանալ: Թող մի երկու լավ բան անեն որ տենանք գեղի լավն են ուզում որ հավատանք, թե չե ոնց որ թազա քալակ են սարքում թե ընչի, էդ վերջը գլխի կնկնենք բայց ուշ կլի
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ