HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ցեղասպանությունից փրկված Ազատ պապի պատմությունը

«Անօգնական ժողովուրդը փրկության երկու հույս ուներ՝ վերևն Աստված, ներքևն՝ Անդրանիկ փաշան» 

Ազատ պապս մեր գյուղի դարբինն է եղել և միաժամանակ հյուսնը: Մինչև հիմա էլ կան տներ, որտեղ դեռ ապրում են իր սարքած դռներն ու պատուհանները: Այդպես է նաև նրա տանը. հաստ, բարձրահասակ են դրանք ու անպայման ամուր, ինչպես իր բնավորությունն ու ապրած կյանքը: Ամուր էին նաև նրա սարքած ու կարմիրով ներկած աթոռները, որոնք վաղուց մոդայից դուրս են եկել ու հայտնվել տան մոռացված անկյուններում: Փայտե պահարանում, որպես փրկության խորհրդանիշ, պաշտամունքի նման տարիներ շարունակ խնամքով պահվում էր զորավար Անդրանիկի լուսանկարը: 

Նրան վարպետ Ազատ են դիմում մինչ օրս, նույնիսկ՝ եղբայրները: Երբ մենք՝ թոռներս, այցելում էինք նրանց, իմ մանկության անխախտ ավանդույթներից էր՝ ճանապարհին անպայման մտնել դարբնոց- արվեստանոցը, տեսնել պապին, նստել մրոտ, սևացած մի անկյունում ու երկար-երկար  նայել, թե ինչպես է նա շիկացած երկաթը ծեծելով ծռում, հետո նորից կարմիր քուրայում պահում, նորից ծեծում այնքան, մինչև որ իր ուզած տեսքին գար: Խաղաղ ու տխուր մի բան էր մշտապես շրջում իր հետ, որը անընդհատ հիշեցնում էր, որ պապը դժվար կյանք է տեսել:

Ազատ պապը՝ Ազատ Թովմասյան, հիմա գյուղի ամենատարեցն է: Ծնվել է գաղթի ճանապարհին՝ 1916թ.: Գյուղում ասում են, որ էրգրից եկածները երկարակյաց են, հավանաբար էրգրի հող ու ջրի զորությունից: Նա ցեղասպանության հետքերով եկող լրագրողների ամենահայտնի հերոսներից է, որովհետև ծնվել է գաղթի ճանապարհին, ինչպես իրենք էին ասում՝ «փախեփախին», հրաշքով կենդանի մնացել ու հասել մինչև այսօրվա Ներքին Բազմաբերդ գյուղը (Արագածոտնի մարզ): Պապս գաղթից բնականաբար ոչինչ չի հիշում, և  այն, ինչ պատմում է, լսել է իր մորից՝ սասունցի Խանոյից: Մեծ մորից իրեն, եղբորը,  հետո զավակներին ու թոռներին ժառանգվեցին այդ պատմությունները, որոնք սարսափելի հեքիաթի են նման. սարսափելի և միևնույն ժամանակ լույս տվող, քանի որ մաքառումի, պայքարի, հուսահատության ու տանջանքի միջով վերապրելու մասին էին: Այդ պատմությունից սերունդներին ժառանգություն մնաց նաև մեծ մոր՝ Խանո տատի բրդե շալը, որով փաթաթել ու թաքցրել էին նորածին Ազատին, մեկ էլ՝ մի մեծ, ծանր փայտե սնդուկ՝ ամբարած լուռ ու չասված դառնություններ, թաքնված հույսի կտոր՝ հետդարձին ճանապարհ կիսելու մտադրությամբ:

   

 

Սասունը և Արևմտյան Հայաստանի այլ գավառներ ու գյուղեր, ովքեր համարձակվել էին պայքարել, ինքնապաշտպանական մարտեր մղել, իսկական պատուհաս էին թուրքական կառավարության համար, լուրջ արգելք՝ հայերի բնաջնջումը աննկատ ու անկաշկանդ իրականացնելու ծրագրում:  Այս համառ պայքարի արդյունքում, սակայն, թեկուզ մյուսներից ավելի ուշ, այնուամենայնիվ ստիպված եղան բռնելգաղթի ճանապարհը: 1915թ. Սասունի ինքնապաշտպանությունը նրանց գոյամարտն էր Մեծ Եղեռնի շրջանում: Ունենալով ընդամենը որսորդական հրացաններ,  սասունցի գեղջուկների խմբերը, ֆիդայիների գլխավորությամբ, համառորեն հետ են շպրտում թուրքական և քրդական զինված, կանոնավոր (մոտ 30 հազարանոց) ուժերին: 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին թեժ մարտեր են տեղի ունենում Սասունի մի քանի շրջաններում, որի արդյունքում պաշտպանական կողմը թշնամու գերակշռող ուժի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել է և պատսպարվել լեռներում՝ այստեղից շարունակելով դիմադրությունը:  Պարբերաբար շարունակվող մարտերի ընթացքում մերթ փախուստի մատնելով թուրք-քրդական զորքին, մերթ նահանջելով՝ սասունցիները մինչև օգոստոս ամիսը կարողանում են դիմանալ, պաշտպանվել Անդոկի, Ծովասարի և Գեբենի լեռներում:  Որից հետո տեղի է ունենում այն, ինչին փափագում էր հասնել թուրքական կառավարությունը՝ ջարդել ու ոչնչացնել ժողովրդին: Պատմաբանների տվյալներով՝ շուրջ 65 հազար սասունցիներից սպանվում են 45 հազարը, իսկ մնացածը՝ սարսափելի ոճիրից մազապուրծ լինելով, փախչում է ու բռնում գաղթի ճանապարհը՝ դեպի անհայտ, արյունոտ ու անկանխատեսելի պատմություններով լի կյանք:  Սովը, հյուծվածությունը, վախն ու սարսափը, վրա հասած խոլերան քայքայում ու սպառում էր փրկված ժողովրդին:

«Ես ծնվել եմ Բասենում, 1916թ.-ին,- պատմում է Ազատ պապը,- գերդաստանս Սասնո Կորթեր գյուղից էր: Ճանապարհին գաղթականների խումբը մեծ դժվարություններ է տեսել, անընդհատ հետապնդվել քրդերի կողմից ու ստիպված եղել փախչել հետ ու առաջ… Մայրս գաղթի ճանապարհին կորցրել է հարազատներին, իր երկու աղջիկներին, որոնք մահացան խոլերայից: Իմ ընտանիքն էլ մյուսների նման Սասունից հետո թափառելով, հալածվելով անցել է Արևմտյան Հայաստանի հսկա տարածքներով, հասել մինչև Թավրիզ,  ամիսներով ապրել սովի ու թշվառության մեջ: Մայրս պատմում էր, որ Թավրիզում երկու ամիս ապրելու ընթացքում, հայրս՝ Պետրոսը, շերեփ ու գդալ էր սարքում, վաճառում, որ հացի փող վաստակեր ու կերակրեր ընտանիքը: Փողի դիմաց նրան երբեմն վճարում էին չամիչ, որով ստիպված սնվում էին գաղթականները՝ սովից չմեռնելու համար»:

Թավրիզից հետո կրկին սկսվում է գաղթի անդադար շարունակվող ընթացքը: 1916թ-ին սոված ու տանջահար գաղթականների խումբը անվերջանալի «առաջ-նահանջներ»-ից  հետո հասնում է Բասեն: Հենց այդտեղ էլ ծնվում է Ազատ պապը: Ցերեկները թաքնվելով, գիշերները քայլելով,  ամիսներ շարունակ տևող այդ մաքառումը գաղթականների խմբին հասցնում են համարյա Արևելյան Հայաստանի սահմանը, որտեղից, սակայն, վրա հասած թուրք և քուրդ զինվորներից փրկվելու պատճառով ստիպված են լինում հետ փախչել, շրջանցել հսկա տարածքներ, հասնել նույնիսկ, հետո Գորիս, Ղարաբաղ, Դիլիջան, հետո հաստատվում են Թալինում: Այստեղ էլ հավաքվեցին Սասունից և Մուշից գաղթած, մեծ Եղեռնից փրկված գաղթականները, ովքեր չոր ու ամայի լեռներում ծվարելով՝ Արարատի դիմաց նոր տուն սարքեցին՝ ամեն բացվող օր սպասելով հետդարձի հնարավորության:

«Գաղթի ճանապարհին մայրս մի քանի անգամ կորցնում է հորս: Սոված ու ուժասպառ կանայք հետ էին մնում խմբից: Մայրս ինձ մեջքին էր կապել՝ թաքցնելով ինձ անվերջ հետապնդող և հարձակվող քրդերից: Բոբիկ, տանջահար, քարերից ու փշից արյունլվա եղած ոտքերով նա և մի կին, ով նույնպես երեխայի հետ էր, փորձել են հասնել խմբին: Հանկարծ հայտնվում են թուրք զինվորներ: Նրանցից մեկը սրի մի հարվածով թռցնում է երեխայի գլուխն ու գալիս դեպի մայրս: Մյուսը զինվորը, նայելով մորս ցնցոտիներին,  արյունլվա ոտքերին ու տանջահար դեմքին, ասում է՝ «թող դրան, բան չի մնացել, միևնույն է՝ կմեռնի»: Հետո գլխատված երեխայի՝ սարսափից ուշաթափված մորը գցում են թամբին ու ավարից գոհ՝ սուրում նոր որսի հետևից»:

   

Ազատ պապի հիշողությանը օգնության է հասնում ընտանեկան արխիվում պահպանվող մեծ մոր՝ Խանոյի ձայնագրությունը: Թովմասյանների կրտսեր որդին՝ Անուշավանը, ով արդեն ծնվել էր այդ դեպքերից տարիներ հետո, Ն. Բազմաբերդում, մեծ մոր՝ Խանո տատին ձայնագրել է՝ այսպիսով ժապավենի վրա վավերագրելով դառը և իրական պատմությունները: Հավանաբար զգացել էր, որ եկող սերունդները, ում անհասանելի կլինեն էրգրի համ ու հոտով ներծծված սասունցիները, ուրիշ ոչինչ չեն ունենա իմանալու, թե ինչպես են մաքառել ու հաղթել իրենց նախնիները, ինչպես էր հնչում նրանց ոսկեղենիկ բարբառը, որից հիմա շատ քիչ բան է պահպանվել:

«Լաո՛, ըզ սարեր ու ձորեր անցանք ջուխտով գիշեր ու ջուխտով ցերեկներ, հասցրին  մինչև Թավրիզու հող: Ջամփան ում տեսանք հետ նահանջեցինք…  նահանջեցինք ու հետ դարձանք-փախանք» :-պատմում է մեծ մայրը:

Այդ պատմությունների  միջով հնարավոր է պատկերացում կազմել նաև պատմական որոշ իրադարձությունների մասին, ռուս-թուրքական փոփոխական հարաբերությունների և դրանց մեջտեղում իրենց չքնաղ էրգիրը կորցնող խաղաղ ժողովրդի ճակատագրի մասին: Խանո տատի կցկտուր, երբեմն տարբեր ժամանակների մեջ թափառող պատմություններից հասկացվում է, որ գաղթականների խմբին մի որոշ ժամանակ առաջնորդել և ի վերջո փրկության տարածք է հասցրել զորավար Անդրանիկը:

- Փաշան ու՞ր էր նանե՛:

-Փաշան մըր առջև էր. իմալու մենք էղնենք հոն՝Էշիլ, փաշան՝ հոդը: Գասեր՝ «Էղնի գոդորում էղնի, մենք գռվինք, բըլքի զժողովուրդ խլսցունք»:

Անդրանիկից մինչև իրենք ընկած տարածությունը համեմատում է երկու գյուղերի միջև եղած հեռավորության հետ: Թափառելով հսկա տարածքներով՝ գաղթականների մեծաքանակ խումբը հասնում է Ջուլֆա, որտեղ նրանց գտնում են Անդրանիկի զինվորները և հազիվ փրկված սասունցիներին առաջնորդելով, թուրք-քրդական անակնկալ հարձակումներից պաշտպանելով՝ անցկացնում են սահմանը՝ հասցնելով Գորիս: Ազատ պապն ասում է՝ «Անօգնական ժողովուրդը փրկության երկու հույս ուներ՝ վերևն Աստված, ներքևն՝ Անդրանիկ փաշան»: Ջուլֆայում, կամրջով անցնելու պահին տեղի է ունենում մի ողբերգական պատմություն: Այդ կամուրջը և այդ գիշերը ճակատագրական էին Ազատ պապի համար: Կամուրջն անցնելու վտանգավոր գործողությունը իրականացնելու և գաղթականներին փրկելու համար ստիպված հնչում է հրաման՝ երեխաներին և այն վիրավորներին, ովքեր ի վիճակի չէին անցնել, պետք էր առայժմ թողնել, սպասել մինչև զինվորները ավելի ուշ հետ կգային նրանց հետևից: Հակառակ դեպքում՝ վտանգված էր և՛ ժողովրդի, և՛ զինվորների կյանքը:  Կամուրջը պետք է անցնեին շատ զգույշ, գիշերով, աննկատ, ինչը կձախողեր երեխաների լացի ձայնը և որևէ անզգույշ շարժում:

Պատմում է մեծ մայրը. «Զորք մըր առջև, մենք ուր էդև: Էգանք գարմնջի (կամուրջի) դագ, լաո՛,  լիք ժողովուրդ էր: Ազատ 10 ավրգան էր (օրական)… Է՜…  սև իկա ըմ հալուն, ի՜նչ իմ քաշե: Հըսանք գարմնջի մոդ, ասեց ՝ «պռնեք իրար, անցեք էս ջոթից (ճոթ, ծայր) էն ջոթ, բայց էրեխեքին չանցուք. էրեխան գիլը (լաց կլինի), կիշերով գը պռնին զէրեխան, զորք գը գոտորին: Թափաձ են գարմնջի մե ջոթից… ախր դու չըս տեսե, մրոր- մրոր  ջուր մ’ էր…»:

Բռնվելով միմյանցից` գաղթականների շարքը իրար հետևից  զգուշորեն անցնում էր կամուրջը, որի ներքևից սպառնում էր  պղտոր-մրոր  ջրով գետը: Լացն ու ողբը անհնար է դառնում լռեցնել այլևս: Արդյոք կգտնեի՞ն իրար հետո, կփրկվեի՞ն անցնողները, որ հետ գային իրենց հետևից: Երեխաների մեծ մասը ջրում խեղդվում է՝ փորձելով վազել անցնողների հետևից, բռնվել նրանցից: Ջուրն էին ընկնում նաև վիրավոր, սովից ուժասպառ կանայք: Տեսնելով այդ դաժանությունը՝ հայրը՝ Պետրոսը,  ստիպված որոշում է թողնել 10 օրական որդուն, որովհետև դեռ հարց էր՝ հնարավոր՞ր էր միայնակ հաղթահարել այդ ճանապարհը:

 «… Ես լացի.. քու բաբ ասեց՝ սըրը (բաց թող) զ Ազադ, էլ ի՞նչ դանունք, ու՞ր դանունք: Դեսը (Տեսա), օղորմի  Մոսեին, ինչքան օղորմի էղնի, գիդամ ուրուն, ասեց՝ «Գփաթթինք հիդը շալով, թող շալգի Խանոն, մինչև հանինք զգարմունջ:  Զգարմունջ որ հանինք, էլ չեն վերցնի: Թե մեռավ,-ասեց,- մըր ձեռքով գը փորինք, դեխ մը մդունք, էրթանք»:

«Թե մնաց սաղ»,- որոշում են նրանք, կտանեն, էլ ինչու՞ թողնեն փոքրիկին: Ազատ որդուն փաթաթեց շալով,  կապեց մեջքին, խմորի մի աման էլ կապեց որդու վրա… անցան: Ոչ ոք չնկատեց, որ մեջքին կապածը ոչ թե շոր ու աման էր, այլ երեխա: Կամուրջն անցան ու մի կերպ շարունակեցին ճանապարհը՝ « Զորք նորից անցավ առաջ, ժողովուրդ թապավ՝ անոթի, ձարավ, հոգին մեռցուց քելելով…»:

Շալով փաթաթած ու սոված երեխան ճանապարհին հիվանդանում է ջրծաղիկով: «Մայրս մի պահ երբ բացում է շալը, սարսափում է, կարծում է, թե խեղդվել եմ: - պատմում է Ազատ պապը,- Ճանապարհին ես հիվանդացել էի ջրծաղիկով: Վերքը փակել էր քիթս՝ թույլ չտալով շնչել: Մայրս մի կնոջ հետ փորձում է հեռացնել վերքը՝ քիթս վնասվում է, կոտրվում. ընդամենը մի քանի օրական էի»:

Ճանապարհի կրած այդ հիվանդության ու դրանից փրկելու համար մոր պայքարի հետքերը մինչ օրս սպիացած, դրոշմված են Ազատ պապի դեմքին:  Ընտանիքը փրկվում է, հաստատվում Արագածի ստորոտում ընկած, լեռնային, նախկինում թուրքաբնակ մի գյուղ՝ Ներքին Աղջաղալան, ու փորձում տեսած դառնությունները սպիացնել նոր կյանքով, նոր երեխաներով ու նոր հույսով:

Հետո, երբ թվում էր այլևս ետևում են դժվարությունները,  վրա հասան ռուսական մտքին ենթարկվելու փորձությունները:

 Ցեղասպանությանը հաղթած շատերը, այդ թվում և Ազատ պապին, ամեն տարի ապրիլին լրագրողների կողմից ամենափնտրված մարդիկ են: Ու թեև նրանով հետաքրքրվում են, որպես ցեղասպանության վկայի, պապը մեկ-երկու պատմություն անելուց հետո սահուն շրջադարձ է անում դեպի Հայրենական պատերազմը, որն իր կյանքի ամենակարևոր ու ամենադժվարին կանգառն է համարում: Նա պատմում է, թե ինչպես արկը պայթեց հենց իր կողքին, ու ինքը տեսավ քիչ առաջ իր հետ հաց ուտող ընկերոջ ցիրուցան եղած մարմինը, ինչպես գերի ընկավ ու ապրեց գերմանացիների անասնական պայմաններում: Հետո հայտնվեց Իտալիայում, ապա՝ Եգիպտոսում, և ռուսաստանյան տափաստանները կտրելով`տարիներ անց գյուղ մտավ՝ կերպարանափոխված, տանջահար տեմքով, այնպիսին, որ ոչ ոք սկզբում չհասկացավ, թե ով էր այդ վայրի տեսքով մարդը: Բակում խաղացող եղբայրն ու քույրը նույնպես չիմացան, ճանաչեց միայն մայրը:

Գաղթից, պատերազմից, գերությունից փրկված պապն ապրեց սովետական իբր խաղաղ, բայց ամեն օր աքսորի վտանգը աչքի առաջ, անվերջ հետապնդեղ այդ սարսափի հետ,կողք-կողքի: Նա սպասում էր դատապարտվելու իր հերթին, հենց այնպես, ասենք՝  գերի ընկնելու համար մեղադրվելով: 100-ին մոտեցող Ազատ պապը արդեն քանի տարի է՝ ապրում է՝ առանց տեսողության: Ասում են՝ դարբնի աշխատանքը ժամանակից շուտ ազդում է տեսողության վրա, կուրացնում է մարդուն, ասում են նաև՝ այդպիսին կարող է դարձնել ապրած կյանքը՝ շատ դժվարություններ տեսնելիս… ասում են, չգիտենք: Միգուցե այս բազմաթիվ դժվարություններ տեսած աչքերը ցավից են կուրացել, բայց պապս ներսից դեռ առույգ է:  Ասում է՝ «ինձ համար օրը սկսվում է գիշերով, ավարտվում գիշերը,  բայց երջանիկ եմ, որ ապրում եմ դեռ»:  Գյուղում նրան հիշում և մեծարում են, հատուկ այցելում են ամեն մայիսի 9-ին, որին սպասում է նաև պապս:

Այդ օրը նա հրահանգում է ընտանիքի անդամներից մեկին անպայման պահարանից հանել զինվորական համազգեստը, որին խնամքով ամրացված են գույնզգույն մեդալներ, հագցնել իրեն, որ հաղթանակի օրը տոնի պատշաճ կերպով: Պապս ու նրա նման փրկված բոլոր հայերը, վերապրածները, որոնց թիվը գնալով սպառվում է, միայն վկաներ չեն. նրանք մեր հարստությունն են, որովհետև նրանց հետ մեզնից հեռանում է մի անկրկնելի տեսակ՝ ուրիշ խառնվածքով, ուրիշ հայացքով, պատմելու ու ապրելու ուրիշ բանաձևով: Իմաստուն, համով զրույցներով այդ կերպարներն այլևս միայն հիշողություններում են մնում,  իրենց հետ տանելով նաև ոսկեղենիկ բարբառի մեծ հարստություն: Հիմա էլ ոչ ոք չի դիմում իր զավակին կամ թոռանը «գառ», «լաո», «ձագուկ», «իմ հոգի» բառերով: Հիմա նրանց նման ներողամիտ չենք և ոչ էլ ամուր, որովհետև թողնում ենք մեր երկիրը առանց ինքնապաշտպանության, թեկուզ՝ անհավասար մարտերում:

Մերոնք պատմում են, որ Սասնո տարբեր գյուղերից գաղթած, Եղեռնից փրկված նրանց պապերը բոլորն էլ հավատացած էին, որ այստեղ ժամանակավոր էին մնալու, շուտով պիտի հետ դառնային իրենց էրգիրը, տեր կանգնելու էնտեղ թողած օջախին: Չգիտեմ՝ որքանով էր պատմություն և որքանով իրական, բայց ասում են, թե նրանցից մեկը մի քանի անգամ թաքուն լողալով անցել էր Արաքսը, հասել էրգիր, գիշերով տուն մտել, ջրել իր այգին ու արտը, որ հետ դառնալիս չորացած չլինեն: Հետո նույն ճանապարհով հետ էր եկել՝ սպասելով իրական տունդարձին:  

«Ծնողներս չտեսան, ես էլ չեմ տեսնի, բայց դուք հաստատ տեսնելու եք մեր վերադարձը Սասուն, հաստատ գալու է էդ օրը»,- ասում է պապն ու քթի տակ դնդնում «Գորանին»:

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

Մեկնաբանություններ (1)

Լուսինե Հակոբյան
Սա մեծ դասագիրք է՝ փաստագրական, ուսուցողական, խրատական, և միևնույն ժամանակ՝ գեղարվեստական... Ամուր առողջություն Ազատ պապին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter