HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Եթե հանրապետական չլիներ, կնշանակվե՞ր

Տ. Գ. Շեվչենկոյի անվան 42 ավագ դպրոցում տնօրենի ընտրություններ են տեղի ունենալու: Ինչպես նշում է դպրոցի ուսումնական մասով փոխտնօրեն Աիդա Շահվերդյանը, օգոստոսի 5-ին նախկին տնօրեն Զեմֆիրա Պողոսյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Նրա ազատման պատճառը թոշակի անցնելն է:

Նույն ամսին Կրթության եւ գիտության նախարարությունը դպրոցի աշխատակազմին է ներկայացրել Էլեանորա Թումանյանին` որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Էլեանորա Թումանյանը տնօրենի հավաստագիրը ձեռք է բերել պաշտոնավարման 3-րդ ամսին եւ այժմ ցանկանում է ընտրվել որպես դպրոցի տնօրեն:

Մի շարք լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են 42 դպրոցում տիրող լարված իրավիճակին: Ըստ դպրոցի ծնողներից մեկի կողմից մեր խմբագրությանն ուղարկված նամակի` ուսուցիչներն ու ծնողները չեն ցանկանում տեսնել Էլեանորա Թումանյանին` որպես դպրոցի տնօրենի: Ձեզ ենք ներկայացնում «Հետքի» զրույցը ներկայիս տնօրեն` Հանրապետական կուսակցության անդամ Էլեանորա Թումանյանի հետ:

Վերջին օրերին լրատվամիջոցները մի բողոք-նամակ էին ստացել այն մասին, որ, լինելով N 42 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այժմ ցանկանում եք դառնալ նույն դպրոցի տնօրենը: Ինչպես նշված էր թե՛ նամակում, որ ստացել է մեր խմբագրությունը, եւ թե՛ դպրոցի ուսուցիչների խոսքում, նրանք կարծում են, որ Դուք չէ, որ պետք է լինեք դպրոցի տնօրենը: Եթե նրանք դեմ են, ինչո՞ւ եք ցանկանում լինել տնօրեն:

Հետաքրքիր է` այդ ինչու ես չէ, որ պիտի լինեմ տնօրեն: Կրթությո՞ւնս չի համապատասխանում, թե՞ գիտելիքներս: Ինչի՞ շուրջ են բողոք հայտնում: Կարծում եք` նորմա՞լ է, որ ուղղակի ասեն` չենք ուզում այս մարդը լինի եւ վե՞րջ:

Սկզբում տնօրենի հավաստագիր չեք ունեցել եւ այն ձեռք եք բերել շատ կարճ ժամկետում: Բացի այդ, նշում են, որ դպրոցն արդեն ունի իր հավակնորդներին:

Ինչ վերաբերում է հավաստագրին` հանրապետության տնօրենների մեծ մասն աշխատում են առանց հավաստագրի: Եւ նրանց հավաստագիր տրամադրելու գործընթացն այժմ ընթանում է: Ես էլ, ինչպես շատ այլ տնօրեններ, չեմ ունեցել հավաստագիր: Սեպտեմբերի 20-ից մինչ հոկտեմբերի 20-ը մասնակցել եմ դասընթացներին: Հոկտեմբերի 21-ին հանձնել եմ քննություններս, ի դեպ` շատ լավ, որից հետո ստացել եմ հավաստագիրը: Հիմա ներկայացրել եմ հայտ` տնօրենի թափուր պաշտոնն ստանձնելու: Վաղն ընտրություններ են, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Ի տարբերություն շատ-շատերի` անստորագիր նամակներին լուրջ չեմ վերաբերվում: Կարող եմ իմ կարծիքն ասել, որ ամբողջ ծնողական ու ուսուցչական համայնքը շատ նորմալ է վերաբերվում ինձ: Ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա:

Ո՞վ է Ձեզ առաջարկել լինել այս դպրոցի տնօրեն:

Ես ինքս եմ ցանկություն հայտնել: Ունեմ մեծ մանկավարժական ստաժ: Կենտրոն վարչական շրջանի կրթության բաժնի պետն եմ եղել, աշխատել եմ նաեւ Պուշկինի անվան դպրոցում, հիմա էլ ցանկություն ունեմ` տնօրեն աշխատելու, եւ նախարարը հրամանագրել է:

Իսկ ինչպե՞ս է պատահել, որ հավաստագիր չունենալով` Ձեր ցանկությունը հասել է նախարարություն:

Դիմել եմ գրավոր, խնդրել եմ նկատի ունենալ, որ ունեմ մանկավարժական փորձ ու ցանկանում եմ աշխատել` որպես տնօրեն: Ցանկությունս հարգել են, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Այո, ես ինչ-որ դրսի մարդ չէի. աշխատել եմ այդ բնագավառում:

Կուսակցակա՞ն եք:

Կուսակցական եմ:

Ո՞ր կուսակցությունից:

Հանրապետական կուսակցության անդամ եմ:

Իսկ դա Ձեր նշանակման հետ կապ չունի՞:

Ո՞ր տեսակետից:

Դե ընտրություններ են մոտենում: Նշանակումներն էլ ըստ այդմ են կատարվում:

Ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ շատ դպրոցներ կան, որոնց տնօրենները անկուսակցական են, նույնիսկ այլ կուսակցությունների անդամ: Այնպես որ, կուսակցությունը յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, եւ յուրաքանչյուր տնօրեն գիտակցում է, որ դպրոցը քաղաքականությունից դուրս է:

Այսինքն ընտրություններին Դուք որեւէ ազդեցություն չե՞ք ունենա ուսուցչակազմի վրա:

Ի՞նչ ազդեցություն կարող եմ ունենալ: Դրանք անհիմն դիտարկումներ են, որ ես հասկանում եմ` միայն դուք չեք այդպես կարծում: Այսինքն եթե չլինեի Հանրապետականի անդամ եւ նույն աշխատանքային փորձն ու գիտելիքներն ունենայի, ինձ կարող էին չվստահե՞լ, դուք դա՞ եք ուզում ասել:

Միգուցե, եթե հանրապետական չլինեիք, չնշանակեի՞ն:

Ես չեմ կարող միգուցե-ով խոսել, քանի որ հստակ գիտեմ, որ այդ նշանակումը միայն կապ ունի իմ փորձի եւ երկարամյա տարիների աշխատանքի հետ:

Ես շրջեցի դպրոցում, խոսեցի ուսուցիչների հետ, մի տեսակ վախի մթնոլորտ կա դպրոցում:

Ես չեմ նկատել դա. չգիտեմ, բայց եթե դուք նկատել եք, չեմ կարող ժխտել: Ինչի՞ց են վախենում, ինձանի՞ց:

Չգիտեմ` ումից, բայց որ ազատորեն կարծիք չեն արտահայտում, հաստատ է:

Դե ոմանք անտարբեր են ուղղակի, ոմանք էլ երեւի էթիկայից ելնելով` չեն խոսում: Վաղն ընտրություններ են, չեն ուզում նախընտրական օրը խոսել:

Ուսուցիչներից ոմանք ասում են, որ Ձեզ եւ Ձեր աշխատելաոճը չգիտեն, այդ պատճառով չեն ուզում, որ ընտրվեք:

Նրանք ինձ լավ էլ ճանաչում են . նորից պիտի նշեմ, որ աշխատել եմ այդ ոլորտում, եւ նրանք ինձ շատ լավ են ճանաչում:

Միգուցե ճանաչում են, այդ պատճառով չեն ցանկանում, որ ընտրվեք:

Ես դա համարում եմ անհիմն հայտարարություն: Եթե դուք շփվել եք մանկավարժների հետ, դա ուրիշ հարց է: Ո՞ւմ հետ եք խոսել, փոխտնօրենների՞:

Փոխտնօրենների եւ այլոց հետ:

Փոխտնօրենները փոխտնօրեններն են, իսկ մանկավարժներն ուրիշ են: Ամեն մեկն իր կարծիքն ունի, բնականաբար:

Դպրոցը շատ վատ կարգավիճակում է գտնվում, ի՞նչ եք անելու, եթե ընտրվեք:

Մենք արդեն մի հաջողություն ունենք. դպրոցն ընդգրկվել է կառավարության 2012-ի բյուջեում եւ կապիտալ վերանորոգման է ենթարկվելու: 

Այդ հաջողությանը Ձեր պաշտոնավարման ընթացքո՞ւմ եք հասել:

Չէ, բյուջեն երբ հաստատել են, դպրոցի վերանորոգումն ընդգրկել են: Երբ եկել եմ, հետաքրքրվել եմ այդ ծրագրով: ԿԳՆ-ն ունի ծրագիր` բոլոր ավագ դպրոցների համար, մենք էլ այդ ծրագրում ընդգրկվել ենք 2012-ի համար:

Մի հարց էլ, եթե ուզում եք պատասխանել, Ձեր ընտանիքում կա՞ն հանրապետական այլ անդամներ:

Ոչ, պատկերացրեք` ոչ: Բոլորն անկուսակցական են իմ ընտանիքում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter