Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

5 միսիոներուհիների «գծած» «Փրկության քարտեզը»



Ապրիլի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց ռեժիսոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» ֆիլմը: Այն փաստագրական ժապավեն է` խաղարկային տեսարաններով: Ֆիլմը պատմում է եվրոպացի 5 միսիոներուհիների մասին, որոնք իրենց առաքելության համար հասել էին Արևմտյան Հայաստանի քաղաքներ: Նրանք են` Մարիա Յակոբսեն (Maria Jacobsen, Դանիա), Քարեն Եփփե (Karen Jeppe, Դանիա), Բոդիլ Բյորն (Bodil Biørn, Նորվեգիա), Ալմա Յոհանսոն (Alma Johansson, Շվեդիա), Աննա Հեդվիգ Բյուլ (Anna Hevdig Büll, Էստոնիա):

Նրանց` այդտեղ հայտնվելը համընկել է Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացման հետ: Միսիոներուհիներն այդ օրերի մղձավանջի, հայերի կոտորածի, հայ փոքրիկներին խնամելու, ապաստան գտնելու մասին օրագրություններ են արել` ուղարկելով Եվրոպա: Ֆիլմում պատմական դեպքերը ներկայացնում է ֆինն ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը (Svante Lundgren):

Վերջինս ֆիլմի հենց սկզբում առաջարկում է Արևմտյան Հայաստանում հայերի մահվան քարտեզի փոխարեն ստեղծել փրկության քարտեզ: Նա մի երկրից մյուս երկիրն է տեղափոխվում` ներկայացնում ոչ միայն երիտասարդ միսիոներ աղջիկների ծննդավայրերն ու բնակավայրերը, այլև արխիվները, որտեղ պահպանվել են վկայությունները: Եթե եվրոպական քաղաքներում արևոտ եղանակ է, ապա Թուրքիայի մասին պատմող խաղարկային գրեթե բոլոր դրվագներում ցուրտ ձմեռ է: Խաղարկային կադրերը սահուն անցումներով միանում են փաստագրությանը: Դրանք հաճախ մշուշապատ քողի մեջ են առնվում` ստեղծելով անցյալի պատրանքը:

Ֆիլմի միսիոներ աղջիկների կերպարներն այնքան համահունչ ու նման են իրականներին, որ խաղարկային կադրերն այլևս ձուլվում են փաստերին, դրանց հաղորդելով ավելի մեծ ազդեցիկություն: Ֆիլմում, կարծես, կարմիր գծի պես անցնում է գնացքը, որը միսիոներուհիների` մի վայրից մյուսը տեղափոխվելն է ցույց տալիս: Հուզիչ ֆոն է ստեղծում ֆիլմի երաժշտությունը, որը հատուկ այդ ֆիլմի համար գրել է Վիգ Զարտմանը (Ավստրիա): Ֆիլմի կարգախոսը միսիոներուհիներից մեկի խոսքերից է վերցված. «Մենք գնացել էինք խնամելու մի քանի որբերի, բայց գտանք մի ողջ ժողովուրդ…»: Հայաստանը դարձել էր 5 կանանց երկրորդ, իսկ գուցեև առաջին հայրենիքը:

Սվանտե Լունդգրենի և Արամ Շահբազյանի հետ էլ զրուցել ենք ֆիլմի մասին: Ֆինն ցեղասպանագետն ասում է, որ առաջին անգամ Հայաստան եկել էր 7 տարի առաջ: Գիրք էր գրում Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանության մասին:  

-Հայոց ցեղասպանությունը երբեմն անվանում են «մոռացված ցեղասպանություն», բայց դա ճիշտ չէ: Այս օրերին կարող եք տեսնել, թե ինչքան միջազգային հյուրեր են գալիս Հայաստան: Միևնույն ժամանակ մեծաքանակ լրատվամիջոցներ են եկել: Երկու շաբաթ առաջ Հռոմի պապը խոսեց այդ մասին, երեկ Ավստրիան ընդունեց, վաղը Գերմանիան կընդունի: Այնպես որ, այն մոռացված չէ: Հիմա այն գլխավոր թեմաներից է, որի մասին խոսում են քաղաքական գործիչները: Բայց այն դեռևս ժխտված ցեղասպանություններից է, քանի որ Թուրքիան մինչ օրս մերժում է այն: Լռությունը «ջարդվել» է, և Ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակվում է: Հայոց ցեղասպանությունը, դժբախտաբար, շատ հաջողված ցեղասպանություն էր, որովհետև Անատոլիայում քրիստոնյաներին տեղահանեցին: 100 տարի առաջ` մինչև ցեղասպանությունը, Թուրքիայի բնակչության 25 տոկոսը քրիստոնյա էր, և դրանից մի քանի տարի անց այն հասավ 1 տոկոսի:

-Ինչպե՞ս հանդիպեցիք Արամին:

-Մինչ օրս, իսկապես, չգիտեմ՝ ինչո՞ւ ինձ հրավիրեցին, ինչո՞ւ ես դարձա ֆիլմի վարողը: Նախորդ մայիսին էր, էլեկտրոնային նամակ ստացա, որը տարօրինակ էր ինձ համար: Առաջին ռեակցիան այն էր, որ սա կատակ է, այստեղ մի բան սխալ կա, բայց նամակի աղբյուրն ինձ վստահեցնում էր, որ դա լուրջ է: Ես շնորհակալություն հայտնեցի, իհարկե, բայց սկզբից չէի հասկանում, թե ինչ պետք է լինի: Նրանք ասացին, որ չեն ցանկանում պրոֆեսիոնալ դերասան հրավիրել, գիտնականի են փնտրում, որ այդ թեմայով ուսումնասիրություն է արել: Եվ նման գիտնականներն, ասացին, քիչ են: Ես նրանցից մեկն էի:

-9 երկրների 29 քաղաքներում եղաք: Ֆիլմը մեծ ճամփորդություն էր նաև Ձեզ համար:

-Այո, իսկապես, մեծ ճամփորդություն էր: Նախորդ տարի երբ սկսվեց այս ճամփորդությունը, ես ազատ ունկնդիր էի: Անցած ամառ մենք 3,5 շաբաթ նկարահանումներ արեցինք 5  երկրներում: Նկարում էինք վաղ առավոտյան: Սկանդինավներում, օրինակ, ամռանը շատ լուսավոր է, մենք ստիպված էինք գիշերվա կեսին նկարահանել, քանի որ լույս էր: Ջանասիրաբար աշխատում էինք վաղ առավոտից մինչև գիշեր:

-Արամ, ինչպե՞ս գտաք Սվանտե Լունդգրենին:

-Մենք ցեղասպանագետ էինք փնտրում ֆիլմի համար, և պարզ էր, որ ոչ թե դերասան, այլ եղեռնագետ պետք է մասնակցեր ֆիլմում: Դանիացի մի եղեռնագետ կար, ով զբաղվել է Հայոց ցեղասպանության հարցով: Իսկ Սվանտեն երկար ժամանակ ասորիների հարցով է զբաղվել: Առաջին զրույցների ժամանակ այդ դանիացու հետ տարօրինակ դիալոգ էր սկսվում: Ես չգիտեի, թե ուր պիտի տանեմ [նկարահանումների ժամանակ], նա էլ կին էր: Իսկ կինոն շատ խանդոտ բան է: Ուրիշ տարբերակ չունեի, սկսեցինք ուրիշ եղեռնագետների նայել, որոնց թվում մեծամասամբ կանայք էին: Առաջարկված եղեռնագետների թվում տեսա Սվանտեին և ասացի` այ, է´ս մարդը: Նրա հետ միանգամից սկսեցինք դիալոգը, եկանք համաձայնության: Հետագայում երբ սկսեցի նկարահանումները, հասկացա, որ եթե մեր կողքին չհայտնվեր այսպիսի համեստ, շատ հանդուրժող, հարմարվող մարդ, բարդությունների մեջ կարող էինք ընկնել: Էլի եմ կրկնում, կինոն խանդոտ բան է, լիքը զոհողություններ պիտի անես: Եվ երկրորդը` նա շատ կինոմատոգրաֆիկ էր: Կարևոր է, թե տվյալ պերսոնաժը, որ պատմում է, ինչքանով կարող է հավատացնել քեզ, վստահություն հաղորդել:

-Մինչև ֆիլմը դիտելը մտածում էի, որ թեման շատ նուրբ է, և նույնիսկ որոշ ռեժիսորների մոտ կարող է վախ առաջացնել` չդիպչել դրան: Դուք ունեի՞ք այդ վախը:

-Երեկ էլ ինձ նման հարց տվեցին, որ մի թեմայի եմ կպել, որին ամեն երկրորդն ուզում է անդրադառնալ: Նման կոմպլեքս չունեմ: Այդ առումով չգիտեմ ոնց կձևակերպեք, իմ «ռուբիլնիկն» անջատած է: Գիտեմ` ես ով եմ, անկեղծորեն ուզո՞ւմ եմ անել, թե՞ չեմ ուզում: Եվ ուրիշ որևէ բան ինձ չի հետաքրքրում: Եթե թեման ինձ կպնում է, և բոլոր զգայարաններով գիտեմ, որ կանեմ այն և լավ կանեմ, մնացած կոմպոնենտները չեն հետաքրքրում: Ինչպես նաև չի հետաքրքրում` էս ֆիլմը երեկ կցուցադրվեր, այսօր, թե մի տարի հետո: Իմ գործը ռեալիզացնելն է:

Ես գիտեմ` էն , ինչ ես եմ անելու, էն մյուսը հաստատ չի անելու, և հակառակը` էն, ինչ մյուսն է անում, ես չեմ անելու: Շատ դեպքեր են եղել իմ կյանքում, որ առանց աչքերս թարթելու մերժել եմ, չնայած այդ առաջարկների հետևում մեծ բյուջեներ են թաքնված եղել, որովհետև գիտեի, որ վատ կանեմ, և առաջինն իմ հոգեկանի վրա էնպիսի հետևանքներ կթողներ, որ որպես ռեալիզացնող` կարող է կորցնեի ներքին համարձակությունս: Հետո էդպիսի մի բանի համար կարող է շատ երկար պատասխան տամ: Ինչ-որ քայլ անելուց պիտի շատ վստահ լինեմ: Եթե չես ուզում անել, ուրեմն` մի գնա «գրդոնի»:

-Ուժե՞ղ մարդ եք համարում Ձեզ:

-Ոչ, բացարձակ, ես շատ էմոցիոնալ մարդ եմ, իսկ էմոցիոնալները ուժեղ չեն լինում: Էմոցիոնալը միշտ կռվում է:

Փրկության քարտեզը» խաղարկային կադրերով փաստագրական ֆիլմ է: Մինչ այն նայելը մտածում էի, որ խաղարկային դրվագները կթուլացնեն ֆիլմը, արհեստական շունչ կհաղորդեն: Բայց ֆիլմում այդ անցումներն այնքան սահուն էին, կարծես, ձուլված էին փաստագրությանը:

-Հենց դա էր խնդիրը, որ անցումները չզգային: Էդտեղ մի կարևոր բան կա. ռեժիսուրան հենց այն է, որ ռեժիսուրան չերևա: Եթե ռեժիսորը վեր է կենում, ռեժիսուրա է ցույց տալիս, ի՞նչ ռեժիսոր: Այդ գնահատականն ինձ առաջին անգամ տվել է իմ շատ մտերիմ բարեկամներից մեկը: Քո պրոֆեսիոնալիզմն այն է, որ անկեղծորեն կարողանաս պատմել պատմությունը: Եթե մարդիկ ռեժիսուրայով են անում, ինչ-որ կետում արդեն անկեղծ չեն, սիրում են իրենց արվեստում, այլ ոչ հակառակը: Տարիներ առաջ մեկն իմ մասին ասել էին, ես կողքից եմ լսել այդ մասին, թե էդ տղայի ունիկալ լինելն այն է, որ ռեժիսորը թաքնվել է: Դա ասել է Ռոման Բալայանը, ով նստում էր ժամերով նայում էր իմ փոքրիկ փաստագրական ֆիլմերը:

Անցումները պետք է լինեն այնքան օրգանական, որ հանդիսատեսը չնկատի: Գիտե՞ք` աբսուրդ դրամատուրգիայի ամենահաջողված ներկայացումները որո՞նք են. երբ վերցնում ես որևէ գործ, և կարողանում ես բեմադրել հնարավորինս ռեալ, ինչքան ճշմարտանման բեմադրես, այնքան հաջողում ես: Ինչքան օրգանականի մեջ կարողանաս կարել, այնքան լավ:

-Արամ, իսկ ֆիլմում օգտագործած արխիվային նյութերը հեշտությա՞մբ էին տրամադրում:

-Միստիկորեն հեշտությամբ էին տրամադրում: Այդ արխիվային նյութերի համար նախապես հարցում պետք է ուղարկել: Դանիայի թագավորական արխիվին ամենաշուտը երկու ամիս առաջ պետք է դիմել, բայց մեր առջև արխիվը բացվել էր հաջորդ օրը:

Մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեմ: Մենք մտանք Շվեդիայի միսիոներական արխիվ: Երկու մարդ էին աշխատում այդտեղ: Մի կին եկավ, մեզ շարեց պատերի տակ և սկսեց նկարել հեռախոսով: Հերթը հասավ ինձ, սկսեցի փակել դեմքս: Ասաց` չշարժվեք, ձեռք չտաք ոչ մի բանի, ասեք` ի՞նչ եք ուզում: Սենյակում դրվել էին էքսպոնատ աթոռներ, իրեր: Ասաց` դուք պետք է ասեք` ի՞նչ եք ուզում, և ես կորոշեմ` ցույց տա՞մ, թե՞ ոչ: Շատ ագրեսիվ էր մեր հանդեպ, գոռգոռում էր: Պարալիզացրեց բոլորիս: Մի պահ այդ կինը դուրս եկավ սենյակից, թարգմանիչն էլ քիչ անց դուրս եկավ սենյակից, հետո վերադարձավ, ասաց` էդ կինը լաց է լինում հարևան սենյակում: Պարզվում է` այդ մեկ շաբաթվա մեջ երկու պատվիրակություն պետք է գնար իրենց մոտ` հայերը և թուրքերը: Եվ այդ կինը մեզ շփոթել էր թուրքերի հետ: Դա իմանալով սկսել էր լացել, որ այդքան վատ է վարվել հայերի հանդեպ: Դրանից հետո ամբողջ արխիվը բացեց մեր առջև: Պատկերացրեք` անտիկվար աթոռին նստած` սիգար էի ծխում (ծիծաղում է- հեղ.):

-Արևմտյան Հայաստանի քաղաքներում եք եղել: Հիշողությունների առումով դժվար չէ՞ր այնտեղ նկարահանումներ անելը:

-Արևմտյան Հայաստան չորրորդ անգամ էի գնացել նկարահանման, նույնիսկ գիտեի, թե որտեղ ինչ պետք է նկարահանեմ: Որոշակի կետերով գիտեի, թե որ քաղաքում որ տեսարանն եմ նկարահանելու:

Ես շատ առանձնահատուկ ընտանիքից եմ սերում: «Վա~յ, մեր հողը» ասոցիացիաներ չեմ ունեցել: Երդվյալների ընտանիքից եմ: Մերոնք հայդուկներ են եղել, եկել հասել էին Սարիղամիշ, հետո Անդրանիկի զորքի մի մասի հետ գնացել Բիթլիս: Ես ջարդված տղայի ոչ մի կոմպլեքս չունեմ, կոմպլեքս ունեմ` առիթ լինելու դեպքում ջարդելու: Բիթլիսում էլ նկարահանումներ ունեցանք, անգիր գիտեմ մեր թաղը:

-Փաստորեն, Բիթլիսից եք:

-Այո, երկկողմանի բիթլիսեցի եմ: Ինձ մոտ կարոտախտ չկա: Փոքր ժամանակ իմ կյանքի երազանքն էր ԱՍԱԼԱ-ից լինելը: Ղարաբաղյան պատերազմը, սակայն, խառնեց ամեն բան:

-Մասնակցեցի՞ք:

-Չէի կարող չգնալ: Դա իմ հոգեական խայտառակությունը կլիներ: Այդ ժամանակ ուսանող էի, սովորում էի Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտում: Ծնողներիցս գաղտնի ընդունվեցի: Թուրք ազգն արել է ամենասարսափելին` սպանել է երեխաներին: Եվ ես այդ ազգին չեմ ներելու: Այդ ազգը մեր կողքի հարևանի գլուխը բահով կիսել էր: Կառավարությունը ջիհադ էր հայտարարել, հանգիստ-հանդարտ արել են այդ ծրագիրը: Ես չեմ ներում թուրքերին, քրդերին: Ու ամբողջ կյանքում էլ չեմ ներելու: Ինձ համար կռվի տեսակները պարզ են. էսօր` կինոյում, վաղը, եթե կրակելու առիթ լինի, կգնամ: Եթե կարողանամ ցանկացած ակցիայով իմ խորին վնասը բերել էդ երկու ազգին, բերելու եմ:

-Ձեր ասածը նացիստական է:

-Այո, ես չեմ էլ թաքցնում: Ուզում եք անունը դրեք նացիզմ, ֆաշիզմ, եսիմինչ: Ես փոքր ազգ եմ, կոսմոպոլիտ լինելու ոչ մի կոմպլեքս չունեմ, չեմ էլ ուզում լինել: Մարդասեր չեմ ուզում լինել այդ ազգերի նկատմամբ: Շատ հստակ վերաբերմունք ունեմ ազգերի հանդեպ և հստակ անարգանք այդ ազգերի հանդեպ: 100 տարի հետո էլ նրանք չեն փոխվել: Եթե վաղը պատերազմ լինի, առաջինը ես եմ իջնելու խրամատ:

-Պարոն Սվանտե, ի՞նչ եք կարծում` ինչքա՞ն ժամանակ կամ գուցե տասնյամյակ անհրաժեշտ կլինի, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

-Հավանաբար, այն ժամանակ է պահանջելու: Դուք կարող եք տեսնել, որ վերջին 10 տարիներին թուրք հասարակությունն ավելի բաց է դարձել` կոնֆերանսներ են կազմակերպում համալսարաններում, գրախանութներում կարող եք գտնել Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Մտավորականների շրջանում սկսել է քննարկվել հարցը, սակայն Թուրքիայի կառավարությունը բավավական ագրեսիվ պահվածք դրսևորեց, օրինակ, Հռոմի պապի հանդեպ, նրանք կազմակերպեցին Գալիպոլիի դեպքերը նշելու արարողություն, և դա հենց այն ժամանակ, երբ հայերը ոգեկոչելու էին Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրանք փորձում էին ստվերել ոգեկոչումը: Քաղաքական շրջանակները շարունակում են մերժել Ցեղասպանության ճանաչումը, դեսպաններին են հետ կանչում: Հետևաբար, բավական ժամանակ կպահանջի: Այսօր նաև շատ կարևոր է, որ Գերմանիան է սկսել քննարկել Ցեղասպանության հարցը, քանի որ 100 տարի առաջ Գերմանիան մտերիմ էր Թուրքիայի հետ, երբ Ցեղասպանությունն իրականացվեց: Մեկուկես միլիոն թուրք է բնակվում Գերմանիայում, և Գերմանիայի ճանաչման դեպքում ավելի ու ավելի մեծ ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա: Գուցե լինի փոփոխություն:

Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումը նաև 100 տարվա ժխտողականության ճանաչումն է: Դա, իհարկե, կարող է լինել արժանապատվության, ազգային հպարտության հարց` ասելով, որ այո, մենք սխալ ենք գործել և կուղղենք այն: Դրա համար անհրաժեշտ է խիզախություն: Չեմ կարծում, որ այսօր Թուրքիան ունի այդ խիզախությունը: Իսկ թե երբ կունենա, դժվար է ասել: Եկեք հուսանք:

Լուսանկարները` ֆիլմի պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ