HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Էմմա Պետրոսյան

Թբիլիսիի հայերն այսօր համախմբվել էին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև՝ պահանջելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 1915թ. թուրքերի  իրականացրած Ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին ներկա են Թբիլիսիում գործող հայկական հոգևոր և աշխարհիկ դասի ներկայացուցիչներ, ովքեր ցեղասպանության ճանաչման կոչեր էին հնչեցնում թե հայերեն ու թե վրացերեն լեզուներով:

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության վարչության անդամ Սանդրո Օհանյանի խոսքով՝ այս տարի առաջին անգամն էր, որ Թբիլիսիի հայությունն այսպես համախմբված էր: Ցեղասպանության ճանաչման համար անցկացվող ակցիային առաջին անգամ միացել է նաև Թբիլիսիի հայկական թատրոնի խումբը, ինչպես նաև Վիրահայոց թեմը:

«Բոլորս էլ գիտենք, որ Թբիլիսիում մինչև 80 հազար հայ է ապրում, իսկ այսօր այստեղ՝ Թուրքիայի դեսպանատան առջև մոտ 1000 հայ է հավաքվել միայն, սակայն հաշվի առնելով եղանակային պայմաններն ու նաև այն հանգամանքը, որ տեղի հայությունը ակտիվ չէ, գոնե այս 1000-ը կգնան ու կպատմեն իրենց հարևաններին, բարեկամներին: Հույս ունենք, որ հաջորդ տարիներին ավելի մեծ թվով հայեր կգան ու կմասնակցեն ոչ միայն ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին ու բողոքի ցույցին, այլ նաև առհասարակ համայնքային կյանքին»,- ասում է Սանդրո Օհանյանը:

Ցույցին ներկա էին ոչ միայն տեղաբնակ հայեր, այլև սիրիահայեր ու եզդիներ: Սիրիահայերից մեկն անգամ թուրքերեն լեզվով հնչեցրեց իր պահանջը՝ ընդունել ցեղասանությունն ու հատուցել կատարած հանցանքի համար:

Թբիլիսիի ուսանողուհի Հասմիկ Տոնապետյանը նույնպես միացել է ցույցին: Ասում է՝ իր երկրում պահանջատեր լինելն այլ է, իսկ մի երկրում, ինչպիսին Վրաստանն է և որտեղ բացի վրացիներից կողք կողքի ապրում են նաև հայեր, ադրբեջանցիներ ու թուրքեր, շատ ավելի դժվար է ազատ կերպով արտահայտել ցեղասպանության ճանաչման արդար պահանջը:

«Հայաստանում և Հայաստանից դուրս ցեղասպանության ճանաչման պահանջատիրական հոգեբանությունը տարբեր է: Հայաստանում եթե նույնիսկ ցեղասպանության ընդունման կոչերով վերնաշապիկներ ենք հագնում, չենք մտածում հասարակության արձագանքի մասին, իսկ այստեղ չենք կարող անտարբեր մնալ այն մտավախությանիվ, թե ինչպիսի արձագանք կունենա մեր այդ քայլը: Զգացողությունները տարբեր են այս իմաստով, ցեղասպանության ճանաչում պահանջել այն երկրում, որտեղ էթնիկ մեծամասնությունը հայեր են, այլ է, իսկ որտեղ տարբեր ազգեր են ապրում կողք կողքի, մանավանդ այն ազգերն, ումից պահանջում ենք ընդունել ցեղասպանությունն՝ այլ: Կոնկրետ Թբիլիսիում, քանի որ մեծ է հայկական համայնքը, ես այսօր այստեղ մարդկանց ավելի մեծ թվաքանակ էի ակնկալում: Բայց հասկանում եմ, որ այլ երկրներում պետք է հաշվի առնել տվյալ երկրի ներքաղաքական իրավիճակն ու տարբեր էնթնիկական խմբերի միջև փոխհարաբերությունները, ինչպես նաև միմյանց աջակից լինելու հանգամանքները»,- ասում է Հասմիկը:

Ի դեպ, նախապես լուրեր էին տարածվել, թե տեղի ադրբեջանցի բնակիչները պատրաստվում են խանգարել ցույցը, սակայն նման բան տեղի չունեցավ: «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության վարչության անդամ Սանդրո Օհանյանը նշում է, որ դա գուցե արվել է հային վախեցնելու և ցույցի մասնակիցների թիվը կրճատելու նպատակով: Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվող ցույցին հետևում էին ոստիկանները, սակայն որևէ միջադեպ տեղի չունեցավ: Մի քանի ժամ ընթացող ցույցի մասնակիցները պահանջատիրական կոչեր հնչեցնելուց հետո խաղաղ կերպով հեռացան դեսպանատան բակից:

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Պահանջել Թուրքիայից, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը , ի սկզբանե անիմաստ և անպտուղ գործողություն է։ Մենք մեր ձեռքով հարցը տանում ենք փակուղի և անորոշություն։ Միթե 100 տարին բավարար չէր հասկանալու, թե ում հետ գործ ունենք։ Հույս ենք փայփայում, որ Թուրքիան մի գեղեցիկ օր հրաշքով կդառնա քաղաքակիրթ երկիր և կքավի իր մեղքերը։ Սականյ կյանքը ցույց է տալիս, որ նա դառնում է ավելի հանդուգն, ավելի անբարտավան ու ավելի գռեհիկ։ Եթե 90-ականներին որոշակի ձգտում ուներ ինտեգրվելու Եվրոպային, ապա այժմ ձգտում է հակառակ ուղղությամբ՝ Եվրոպան ինտեգրել իրեն, էթնիկ-կրոնական ասպատակության միջոցով; Միթ հավատում եք, որ մի օր կարող եք գայլին տեսնել դաշտում արածելուց; Ես չեմ հավատում։ Միակ բանա, որ մենք ի վիճակի ենք և պետք է անենք դա 1․ կոնկրետ փաստերի հավաքագրումն է միջազգային դատական ատյաններ դիմելու համար 2․Պետք է մոբիլիզացնել ամբողջ հայ ազգի ներուժը, բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով ստիպել Թուրքիաին գնալ զիջումների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter