HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Արցախի Ծիծեռնակաբերդը. լուսանկարներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, անմեղ զոհերին նվիրված հուշակոթող բացվեց: Այն կառուցված է զանգակատան տեսքով և, ինչպես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է նշում, ամփոփում է «Մեծ եղեռնի զոհերի մասունքներ»:

Արարողությանը մասնակցում էին հարյուրավոր արցախցիներ: Ստեփանակերտցիները վստահ էին, որ եթե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրավական գնահատական ստանար, չէին կրկնվի դրան հաջորդող մյուսները: «Ամբողջ աշխարհը պիտի հաստատի, որպեսզի մնացած ազգերն էլ խաղաղ ապրեն, ուրախ ապրեն, էս ցեղասպանությունը երկրորդ անգամ չկրկնվի, առանց էդ էլ հարյուր տարվա մեջ մի քանի անգամ կրկնվել ա: Դա մեր ամբողջ աշխարհի սխալն ա, որ թիկունք չի կանգնել»,- «Հետքի» հետ զրույցում ասում է 75-ամյա Հակոբյան Մուրադը: Նա վստահ է, որ անհրաժեշտ գնահատականը կտրվի, քանի որ «ամբողջ աշխարհը հիմա ցեղասպանության մասին ա խոսում»:

«Ճիշտ ա, հետ չի վերադարձվի ինչ-որ եղել ա, բայց դե պետք ա, մեզ շատ ա պետք (ճանաչումը – հեղ.)»,- ասում է 21-ամյա Ռուբեն Ավանեսյանը: Նա «մեծ հաճույքով» կբնակվի այն տարածքներում, որտեղից 100 տարի առաջ արտաքսվել են հայերը:

Արցախցիներին հարցնում ենք, թե ինչպես պետք է վարվել այլ տարածքների հետ այն դեպքում, երբ Արցախի բնակավայրերի մի մասը նույնպես բնակեցման կարիք ունի: «Թող տան, մենք մի բան կանենք»,- ասում է 60-ամյա Գևորգյան Գառնիկը:

 «Մեր հայ ժողովուրդը ամեն ինչին էլ տիրություն կանի: Լաչինի շրջանի 35 գյուղերը բոլորն էլ վերաբնակեցված են, ամեն տեղ մարդ կա… Էնտեղ որ 10 ընտանիք ա եղել, 10 ընտանիքին 30-40 երեխա կա»,- շարունակում է Հակոբյան Մուրադը: Նա հիշեցնում է, որ Արցախում բնակվողների շրջանում կան մարդիկ, հատկապես Սիրիայից, ում նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից:

Արցախի բնակիչները հավատում են, որ իրենք նույնպես կշահեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից: 56-ամյա Գայանե Առաքելյանը, օրինակ, առանձնացնում է առևտրի ոլորտում սպասվող աշխուժությունը: Ասում են, որ կնվազի նաև արտագնա աշխատանքի մեկնող իրենց հարազատների թիվը:

Ցեղասպանության և արցախյան հարցերի կապի մասին խոսելիս Բակո Սահակյանը հիշեց Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Արցախի այլ բնակավայրերում «Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը»: «Վերջնական հաղթանակին հասնելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի հուսալի ապագան ապահովելու ամենակարևոր երաշխիքները հայոց անկախ պետականությունն է, մեր հզոր ու մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը և սեփական ուժերին ապավինումը»,- հուշակոթողի բացմանն ասաց Բ.Սահակյանը:

Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter