HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ոչ թե ցեղասպանված, այլ վերածնված ներկայությունը Իտալիայում

Նաիրա Հայրապետյան

-Որտեղի՞ց եք:

-Հայաստանից:

-Օ՜, Հայաստանից:

-Դուք գիտե՞ք Հայաստանի մասին:

-Ես չգիտեմ՝ որտեղ է գտնվում այն, բայց շատ եմ լսել Հայաստանի մասին, գիտեմ շատ հայերի:

Այս հարց-պատասխանը Հռոմում գրեթե ամենուր նույն կերպ էր ձևավորվում: Իտալիայում հայերի հանդեպ դրական վերաբերմունք կա, բայց մարդիկ ավելի շատ միայն գիտեն, որ դարասկզբին նրանց հետ մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից հետո ամբողջ Իտալիան և այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարի առջև հավաքված հազարավոր մարդիկ՝ եկած աշխարհի տարբեր անկյուններից, լսեցին (շատերը առաջին անգամ իմացան), որ հայերի հանդեպ տեղի է ունեցել ցեղասպանություն, և դա, անվերապահորեն, դատապարտելի արարք է: Իսկ թե ովքեր են նրանք, ինչու՞ են այդ ճակատագրին արժանացել, քչերը գիտեն: Մեզ ճանաչելու, մեզ կարևորելու ցանկությունը բոլորիս մեջ է, երբեմն՝ քար-զարմանք կտրելու աստիճան հիասթափված, թե այդ ինչպե՞ս է, որ չեն իմացել մեր մասին: Ու սկսում ենք երկար-բարակ պատմել՝ առանց կասկածելու, որ լավ պատմելու համար նախ՝ մեր մասին ինքներս պիտի իմանանք, հետո՝ աշխարհի հետ աշխարհի՛ լեզվով խոսելու տաղանդն ունենանք:

«Այո, Իտալիայում հայերին դրական են տրամադրված, ուղղակի ցավալիորեն հիմնականում չգիտեն` Հայաստանը ուր է կամ ինչ է իրենից ներկայացնում, հայությանն էլ միայն ցեղասպանության հետ են կապում»,- ասում է Սուրբ Աթոռում (Վատիկանում) ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանը:

Հարց է առաջանում՝ ուրեմն ի՞նչ ենք արել մենք մինչ օրս Իտալիայում: Մինչդեռ դիվանագիտության մեջ ամենափոքր քայլերն անելու համար պարզից էլ պարզ է՝ նախ՝ քեզ ճիշտ ներկայացնել է պետք: Հարուստ մշակութային ժառանգություն ունեցող մի երկրում, ինչպիսին Իտալիան է, երկխոսության լավագույն ուղիներից մեկը հենց մշակույթն է: Մյուս կողմից էլ՝ նման ժառանգության մեջ դժվար է և պատասխանատու՝ փորձել նկատելի դառնալ ու հետաքրքրել: Մնում է հասկանալ՝ ինչպես:

Այս օրերին Հռոմի կենտրոնում՝ հեղինակավոր «Վիտորիանո» թանգարանային համալիրում դեռևս ցուցադրվում է «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Յոթ առանձին բաժիններում ներկայացվել է հայկական մշակույթը, որն ընդգրկում է Հայաստանում քրիստոնեության ընդունումը, հայ գիրը, մատենագրությունը, հայկական ճարտարապետությունը, Իտալիայում հայկական հարուստ մշակույթի ներկայությամբ՝ հայ-իտալական հարաբերությունները: Ցուցահանդեսի համադրողը Վարդան Կարապետյանն է:

-Խորագիրը ինչ-որ իմաստով վերածնունդի խորհրդանիշ է,- ասաց Վ. Կարապետյանը մեր զրույցի ընթացքում,- եթե Նոյան տապանը խորհրդանշում է համամարդկային վերածնունդը, ապա տապանի ժողովուրդը այն ժողովուրդն է, որը շարունակ տարբեր դժվարություններից կարողանում է վերածնվել:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվել ներկայացվող նմուշները, համադրելիս ի՞նչ կարևոր առանձնահատկություններ եք հաշվի առել:

-Ես ցուցահանդեսները չեմ ընկալում որպես պահեստներ: Երբեմն ցուցասրահները լցնելու մոտեցում եմ նկատում, քանակը երբեք չի կարող որակի չափանիշ լինել: Եթե ուզում ենք խաչքարային արվեստից խոսել, պարտադիր չէ սրահը լցնել տարբեր խաչքարերով, այլ ընտրել այն մեկը, որով հնարավոր է ներկայացնել այս արվեստի առանձնահատկությունը: Բացի այդ, կարևոր է հաշվի առնել ամեն ինչ՝ որտե՞ղ է ներկայացվում, ի՞նչ կոնտեքստում, ինչքա՞ն ժամանակ կարող է այցելուն տրամադրել սրահները անցնելու համար և տեղավորվել հենց այդ ժամանակի հնարավորության մեջ՝ հնարավորինս ճիշտ հաշվարկով: Ես փորձել եմ համադրել՝ հաշվի առնելով առաջին հերթին այն, թե ինչը կհետաքրքրի նախ՝ հռոմեացիներին: Օրինակ՝ կարող եմ նշել ներկայացված երեք խոյակները, որոնք թվագրված են 5-րդ դարով և կրում են խաչելության ու Աստվածածնի պատկերագրությունը: Այն ամբողջովին ընկալելի է համաքրիստոնեական կոնտեքստում: Սա քրիստոնեության մեջ այս թեմայով ներկայացված ամենավաղ նմուշներից է՝ հաշվի առնելով, որ Աստվածածնի՝ մանուկը ձեռքին պատկերագրությունը, ի վերջո իր կանոնիկ տեսքով հաստատվել է 7-րդ դարում: Այս խոյակները շատ հետքրքրել էին հատկապես իտալացի այցելուներին:

-Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում, սակայն այս դեպքում հիմնական շեշտը դրվել է նախ՝ մշակութային փրկված ժառանգության, հայերիս՝ մշակույթ ունեցող ազգ լինելու, ապա՝ ոչնչացված արժեքների վրա:

-Այո, ճիշտ եք նկատել: Քանի որ այս ծրագրով ներկայացվում է նաև հայ մշակույթը դրսում և միաժամանակ 100-ամյակի կոնտեքստում,այնուամենայնիվ, չէինք ուզում, որ ցուցադրությունը ներկայանար միայն ցեղասպանության տեսքով: Այդ պատմությունը պետք է լիներ հայ մշակույթի մասին, որը, չնայած ցեղասպանությանը, վերապրել էր և ծաղկել: Առաջին սրահում քարտեզների միջոցով բացատրում ենք հայկական լեռնաշխարհի տեղը, աշխարհագրությունը, առանձնահատկությունները, որից հետո ունենք մի ամբողջ հատված նվիրված Հայաստանի քրիստոնեացման պատմությանը, խաչի և պատկերագրության զարգացմանը հայ մշակույթում, առանձին բաժին՝ նվիրված հայերեն լեզվին և այբուբենին, հաջորդ բաժնում ներկայացված է հայ կերպարվեստը և ճարտարապետությունը, հիմնականում միջնադարյան շրջանից, առանձին բաժնով հայության ներկայությունը Իտալիայում և վերջին բաժինը նվիրված է մշակութային ցեղասպանությանը:

Նման ծրագրերն իրականում նորույթ չեն Իտալիայում, այս ցուցահանդեսն ինչ-որ չափով շարունակությունն էր մեկ այլ ցուցադրության, որը տարիներ առաջ կազմակերպվել էր Վենետիկում՝ «Հայաստան՝ քաղաքակրթության դրոշմները» անվանումով: Այն նվիրված էր գրատպության 500-ամյակին: Մենք փորձում ենք հայ մշակույթը ներկայացնել օտարներին՝ իր բաղադրիչ տարրերով: Նախ ցուցադրվում է այն, ինչ հայ ժողովուրդն ունի և եզրափակվում է նրանով, ինչ կորցրել ենք 100 տարի առաջ: Լուսանկարների և ուղեկցվող ինֆորմացիայի միջոցով փաստացի ցուցադրվում է, թե ինչ ճակատագրի են արժանացել մեր մշակութային կոթողները Թուրքիայում: Ցուցահանդեսի հիմնական շեշտը դրված է մշակութային ժառանգության վրա. դա մի թեմա է, որը Իտալիայում միշտ շատ ակտուալ է, իսկ իտալացիները շատ լավ են հասկանում մշակութային ժառանգության կորուստի երևույթը: Եվ բացի այդ, գիտե՞ք, հնարավոր չէ մի մարդու, ով անտեղյակ է հայերից, միանգամից մի քանի տարբեր բան փոխանցել: Անպայման չէ ցեղասպանությունը սարսափելի լուսանկարներով փոխանցել: Այս ցուցահանդեսում ընդգրկված նմուշների մոտ 90 տոկոսը փրկված արժեքներ են, ստեղծվել են Արևմտյան հայաստանում: Ինչ-որ չափով սա հայ մշակույթի փրկված նմուշների տապան է:

Ի դեպ, ցուցահանդեսը լայն արձագանք գտավ իտալական լրատվամիջոցներում: Վ. Կարապետյանը կարևորում է այստեղ այն, որ անդրադարձերը ոչ միայն իրադարձային- տեղեկատվական բնույթի էին, այլև ուղեկցվում էին հետաքրքիր մեկնաբանություններով:

-400-ից ավել հոդվածներ են գրվել ցուցահանդեսի մասին, իտալական գրեթե բոլոր առաջատար հեռուստաընկերությունները անդրադարձել են ցուցահանդեսին և բավականին հետաքրքիր մեկնաբանություններով: Ի միջիայլոց, այդ նյութերում երեք խոյակների հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր և շարունակ փորձ էր արվում նրանց միջոցով համեմատության մեջ դնել հայ և իտալական մշակույթը. լրագրողներից շատերը նրանց մեջ տեսել էին վաղ քրիստոնեական շրջանի առաջատար մշակույթի վկաների:

-Սովորաբար մեզ մոտ կարևոր միջոցառումների հանրահռչակման վրա աշխատելիս սահմանափակվում ենք բացման օրով: Կարևորը՝ այդ օրը հրավիրյալները ներկա լինեն, մանավանդ պաշտոնյաները, սրահը մարդաշատ լինի, լրագրողներ՝ հատկապես հեռուստատեսությունից, ուրեմն՝ կազմակերպչական մասը հաջող է ստացվել: Հետոն արդեն վերջին պլան է մղվում: Հռոմում ցուցահանդեսը ներկայացնելու, պրոպագանդելու առիթներ և անհրաժեշտություն, կարծում եմ, շատ ենք ունեցել, հատկապես վերջին ամսում:

-Մենք, անկեղծ ասած, բախտավոր էինք այդ առումով բացումը արվեց բարձր մակարդակով: Այդ օրվա համար և՛ «Վիտորիանոն», և՛ Իտալիայում, Վատիկանում ՀՀ դեսպանությունները աշխատել էին ապահովել բավական լուրջ և ազդեցիկ լրատվամիջոցների ներկայությունը: Ապրիլին ցուցահանդեսի մասին ևս մեկ անգամ հիշվեց ՀՀ նախագահի այցի ժամանակ և, վերջապես, կարևոր ազդեցություն ունեցավ Հռոմի Պապի մատուցած պատարագը, որի ընթացքում հնչած հայտարարությունը հայերի Ցեղասպանության մասին ևս մեծ հետաքրքրություն առաջացրեց ցուցահանդեսի հանդեպ:

-Պատարագից հետո այցելուների թիվը ավելացե՞լ է, ունե՞ք նման տեղեկություն:

-Իմ ունեցած տեղեկություններով՝ միջին հաշվով այցելուների թիվը կազմում է օրվա մեջ մոտավորապես 1000-1100 հոգի, իսկ Հռոմի Պապի հայտարարությունից հետո ավելացել է՝ հասնելով մոտ 2000-ի:

-Մշակույթը և այս դաշտում երկու տարբեր պետությունների միջև երկխոսությունը, այսօր կարո՞ղ է դիվանագիտական առումով լուրջ և ազդեցիկ ճանապարհ համարվել:

-Մշակութային երկխոսությունը շատ կարևոր է, երբեմն միջոցառումներն ավելի խոսուն են, քան տարիներ շարունակ իրականացվող դիվանագիտական որոշ քայլերը: Նման ցուցահանդեսների կամ այլ ծրագրերի արդյունավետությունը իսկապես շատ մեծ է, մանավանդ՝ Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու գործում: Սա կարևոր է նաև մարդկանց մեջ ստերիոտիպերի փոփոխություն մտցնելու հարցում: Հայաստանն իտալացիների մոտ մեծ մասամբ ընկալվում է որպես ցեղասպանությունից տուժած պետություն, հայ ժողովուրդն անհասկանալի է ու մեծ իմաստով չբացահայտված, որպես հարուստ մշակույթ կրող ազգի: Երբ այցելում են այսպիսի ցուցահանդեսների, զարմանում են: Փոխվում են մարդկանց ընկալումները: Ես նույնիսկ զգացել եմ, որ մեծ տարբերություն կա վերջին մի քանի տարիների միջև: Այս առումով մի կարևոր աշխատանքի մասին ևս ուզում եմ հիշել. Վատիկանի թանգարանում մինչև 2014 թ. որևէ հայկական նմուշ չկար: Մեծ ջանքեր ներդրեցինք այդ ուղղությամբ և այսօր 13-րդ դարի մի խաչքար ներկայացված է մշտական ցուցադրության: Այսօրինակ ծրագրերը ցույց են տալիս, որ մենք միայն ցեղասպանության ենթարկված ժողովուրդ չենք, գոյություն ունի Հայաստան և հայկական մշակույթ, մենք ունենք, ստեղծել ենք արժեքներ, որոնք աշխարհի մշակույթից կտրված չեն: 

«Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսի նմուշները ներկայացված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից, Հայաստանի պատմության թանգարանից, Մխիթարյան միաբանությունից՝ 13 բացառիկ ձեռագրերով: Բացի այդ, ավելի քան 60 բացառիկ նմուշներ և վավերագրեր են ներկայացվել Իտալիայի վեց մշակութային հաստատությունից՝ Ճենովայի, Վենետիկի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվներից, Ֆլորենցիայի «Ռիկարդիանա» գրադարանից, Վենետիկի «Կորրեր» թանգարանից: Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 3-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter