HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. 100 տարվա հիշողություն` մեկ սրվակում

Աննա Բաբաջանյան

1915-ին Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ գաղթական մանուկների մեկ օրվա պաշարը 100 տարվա հեռավորությունից եկել հասել է մեզ` դարի հիշողությունն ու գոյատևելու անհրաժեշտությունն ամփոփելով ընդամենը մեկ սրվակի մեջ: Իսկ թանկագին մասունքը հայրենիք վերադարձնելու` ճակատագրի նախանշած ուղին երկար է ու առեղծվածներով լի: Հայոց ցեղասպանության թանգարանի հազարավոր նորահայտ նյութերի շարքում առանձնանում է փոքրիկ մի շիշ, որի վրայի պիտակից հակիրճ կերպով տեղեկանում ենք մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին և կարդում հայ գաղթական երեխաներին փրկելու սրտառուչ մի կոչ: Իսկ մեր պատմության կարևոր պատառիկը մեզ հասցնելու համար պարտական ենք ամերիկացի լրագրող Քեթրին Յամադային: 

2013-ի ամռանը Օրեգոնի հնաոճ իրերի խանութներից մեկում նա պատահաբար տեսնում է բրնձով լցված ապակե մի շիշ, վերցնում է այն և պիտակի վրա կարդում. «750 երեխաների օրական պարենը Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մի որբանոցում կազմում է 40 ֆունտ բրինձ, 7/8 ունցիայից պակաս յուրաքանչյուր երեխայի համար: Այս քիչ քանակի բացակայության պատճառով կազմակերպությունը ստիպված մերժում էր ընդունել հազարավոր երեխաների: Կարո՞ղ եք օգնել»: Պիտակի վրա նշված է եղել Սամուել Գ. Լանկասթեր անունը` որպես նախագահ, Ջ. Ջ. Հանդսակերը` որպես տնօրեն, և եղել է հետևյալ հասցեն` «606 Ստոք Էքչենջ շենք, Պորտլանդ, Օրեգոն»` առանց որևէ ամսաթվի կամ այլ տեղեկության:

Յամադան գնում է այդ շիշը, տանում է տուն, դնում դարակներից մեկում`որոշելով, որ մի օր անպայման կուսումնասիրի պիտակի վրայի գրության մանրամասները: Այդ դեպքից հետո անցնում է որոշ ժամանակ: Հետագայում մի առիթով նա իմանում է, որ 2014 թվականի «Մեկ Գիրք, մեկ Գլենդել» ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Լրագրողն ակամայից հիշում է շշի մասին, գնում է տուն, դուրս է բերում այն դարակից, անմիջապես նստում է համակարգչի առջեւ եւ սկսում տեղեկություններ որոնել Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մասին: Որոշակի փնտրտուքներից հետո ամերիկացի լրագրողն իմանում է մեկ դար առաջ տեղահանության, բռնի երթերի և սովի հետևանքով մահացած ավելի քան մեկ ու կես միլիոն հայ մարդկանց մասին: Նա կարդում է, որ ճգնաժամի ժամանակ Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, հավաքել է մի խումբ ընկերների և գործընկերների, որոնք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի օգնությամբ սկսել են նվիրատվություններ հայցել ամերիկյան հանրությունից: Մինչև 1919 թ. նրանց գործունեությունն աճել է և ընդգրկել Միջին Արևելքն ու Արևմտյան Ասիան: Հայ ազգային ինստիտուտի կայքում լրագրողը կարդում է, որ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն հայերին սովից փրկելու համար հանրահավաքների, եկեղեցական ժողովների, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով իր քարոզարշավում ներառել է միլիոնավոր մարդկանց:

Ի վերջո, Քեթրին Յամադան պարզում է, որ բրնձով լցված այս փոքրիկ շիշը, որը շուրջ 100 տարեկան է, օրեգոնցի երկու մարդկանց՝ Լանկասթերի և Հանդսակերի կոչն է` հայերին օգնելու համար: Այսպիսով` լրագրողը մի հոդված է գրում` իր ունեցած տեղեկությունների հիման վրա: Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցները հոդվածը կարդալուց հետո կապ են հաստատում Յամադայի հետ եւ խնդրում նյութը տրամադրել թանգարանին` ժամանակավոր ցուցադրության համար: Եվ ահա Կալիֆոռնիայում մշակութային մի միջոցառման ժամանակ Քեթրինը մոտենում է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին եւ սրվակը ծրարով հանձնում նրան: Ամերիկացի լրագրողը որոշում է թանկագին մասունքը նվիրաբերել թանգարանին:

Լուսանկարները` genocide-museum.am-ի և aravot.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter