HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հարցեր հայկական երաժշտության մասին՝ նշանավոր երաժիշտների զրույցում

Որն է հայկական երաժշտությունը, ինչ սկիզբներ ունի, ինչն է երաժշտությունը դարձնում հայկական… Նման հարցերի մասին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր զրուցեցին ժամանակակից չորս հայ նշանավոր երաժիշտներ՝ Տիգրան Մանսուրյանը, Սերժ Թանկյանը, Լիլիթ Պիպոյանը և Տիգրան Համասյանը:

«Լեզուն է, որ հայկական երգը դարձնում է հայկական»,- կարծում է Տիգրան Համասյանը: Իսկ Տ.Մանսուրյանը, ընդգծելու համար լեզվի կարևորությունն, որը «ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալում», օրինակ է բերում գրականությունից. «Գիքորը հարցնում է՝ ինչպես է մեր Ծաղիկ կովը: Սա անսահման ճշգրտությամբ գրի առնված երկու բառ է, որ եթե թարգմանես, ինչ դուրս կգա՝ ես չգիտեմ, բայց ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի «Ծաղիկ կովն» է, անթարգմանելի, թե թարգմանելի, բայց մեզ համար մեծապես հարազատ: Կան այդպիսի ակադեմիական հիմնավոր արժեքներ, որոնց նկատմամբ ես ծայրահեղ զգայուն եմ, և շատ ուզում եմ, որ մենք զգայուն լինենք դրա նկատմամբ: Եվ եթե փորձում ենք գտնել մեկը, որ կարող ենք համարել չափանիշ այս երևույթների հետ կապված, Կոմիտասն է»:

Սերժ Թանկյանը, ով հիմնականում անգլերեն է ստեղծագործում, լեզուն որպես ավելի ընդգրկուն երևույթ է դիտարկում՝ դուրս բերելով այն միայն բառերի շրջանակից: «Ինձի համար հայկական երաժշտության առաջադիմությունը ոչ միայն հայկական կլասիկ ձևով և միայն հայերեն լեզվով առաջադիմական ձևեր գտնելն է, բայց նաև սենց ուտելիքի բլենդերին մեջ ամեն ինչ խառնելն է, և այդ հայությունը մեջեն բերելն է՝ թե՛ երաժշտական ձևով և թե՛ բառերով կամ թեմաներով»,- ասում է նա՝ ավելացնելով, որ դա իր հերթին «կոլեկտիվ գիտակցության» հարց է, «և երբեմն ես էլ չեմ իմանում՝ ինչ եմ ասում, ինչ եմ անում»: Ահա թե ինչու, Թանկյանի կարծիքով, Մանսուրյանի դասականի, Համասյանի ջազի ու Պիպոյանի երգերի շարքում հայերեն կարող է լինել նաև ռոքը:

Զրուցակիցներն իրենց ստեղծագործություններում հիմնականում օգտագործում են հայկական երաժշտության տարրեր, հղում միջնադարյան տաղերին ու մեղեդիներին, համադրում դրանք արևմտյան երաժշտական ժանրերի՝ ջազի ու դասականի հետ, և այն մատուցում բազմամշակույթ լսարանի: Քննարկվող կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչ բաղադրիչներից է բաղկացած հայկական երաժշտությունը. արևմտյա՞ն է այն, թե՞ արևելյան: Տիգրան Մանսուրյանը հայկական երաժշտության մեջ արևմտյան տարրը համեմատում է ճարտարապետության նույն ուղղության հետ՝ անվանելով այն «ռացիոնալ կառուցողական մտքի արդյունք»: Սա, ըստ կոմպոզիտորի, թույլ է տվել յուրացնել Պլատոն ու Արիստոտել, ունենալ Դավիթ Անհաղթ ու Շիրակացի, Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան ու Առնո Բաբաջանյանի Ջութակի սոնատը՝ «նույնքան ամուր, ինչքան Հռիփսիմեի վանքը»:

«Հետևաբար մեր երաժշտության մեջ նույնպես կան այս կառուցողական մտքի հստակ տվյալները և ուժերը: Նրանք այն ծորուն և հիմքից զուրկ, ողնաշարից զուրկ արևելյան մեղեդիները չեն: Սրանք ունեն իրենց մեջ կառուցիկ ձևեր, տաղաչափական ամուր հենք, և երբ որ իրեն նայում ես դասական եվրոպական երաժշտության տեսակետից և նրա միջից փորձում ես հանել էդ կոմպոզիտորությունը, նա դառնում է և ընտիր հայկական մտածողության երաժշտություն և միաժամանակ կոմպոզիտորական արվեստ:

Մյուս կողմից, շարունակում է մաեստրոն, հայկական երաժշտությունն առանձնացված չէ «արևելյան մեղեդիական մտածողությունից», որ առկա է Սայաթ-Նովայի, ինչպես և աշուղական ու ռաբիս երաժշտությունների մեջ, որոնք «հուզական աշխարհի արտահայտության» ուրիշ, գուցե ոչ պակաս կարևոր ձևեր են:

«Այսպես երբ որ բաժանում ես, մենք նստած ենք մի մեծ, տարբեր ակունքներից եկող, տարբեր գեղագիտական հիմքերի վրա գոյացած մի դաշտի վրա: Եվ այս ամբողջի մեջ եթե լիներ գերմանացին, չպիտի կարողանար կողմնորոշվել, որովհետև նրա համար Շտրաուսը ֆոլկլոր է արդեն, կամ Շտրաուսի վալսը ավստրիացու համար նույն իր ռաբիսն է կամ իր հարսանեկան երգն է: Ուրեմն այստեղ դասականի և բանահյուսականի միջև այդպիսի անջրպետ գոյություն չունի»,- կարծում է Տ.Մանսուրյանը՝ բազմազանությունը, որ պատմական գործոն է, համարելով հարստություն, ինչպես բարբառները՝ լեզվի համար:

Երաժշտության մեջ արևելքի ու արևմուտքի այս սինթեզումը, Լիլիթ Պիպոյանի համոզմամբ, կարող է լինել հայկական երաժշտությունը համամարդկային դարձնող հատկանիշը: Ինքը մեծապես օգտվել է հայ միջնադարյան քնարերգությունից՝ նկատելով, որ դրանք երբեմն «հանճարեղ ձևակերպում» են տալիս այն զգացողություններին, որոնք «բացարձակ նույնն» են նաև այսօր: Պիպոյանն ասում է, որ նույնքան սիրուն բանաստեղծություններ այսօր էլ կարելի է գրել: Իսկ «բաց ծով» դուրս գալու համար խորհուրդ է տալիս օգտագործել արտահայտման ձևերի ազատությունը, կիրառել ամեն բան՝ նորագույն տեխնոլոգիաները, տախտակները, ջրի խողովակները... «Թե էդ տեղում ինչքանով դա կլինի հայկական, որ գենը կխոսի, որ թաքնված երանգը դուրս կգա, դա արդեն ինքնըստինքյան կստացվի: Ես կողմնակից եմ բացարձակ ազատության, ես ոչ մի արգելք չեմ տեսնում: Ընդ որում, ցանկացած մեղեդի կարելի է վերցնել, և ինչ ուզում եք արեք դրա հետ: Էստեղ հարցը միայն երաժշտական ճաշակն է, որ ինձ համար հետաքրքիր է, իսկ միջոցները բացարձակապես բոլորը մերն են, ինչ ուզում եք արեք»:

Երաժշտագետ Արթուր Ավանեսովը, ով վարում էր հանդիպումը, նկատեց, որ երբ խոսք է գնում հայ երաժշտության մասին, երաժշտությունը դառնում է մելամաղձոտ: Տ.Մանսուրյանը սա բացատրում է նրանով, որ «երբեմն մենք սիրում ենք լուրջ լինելու համար տխուր լինել», բայց նաև «լուսավոր» երգերի առկայությունը ցույց տալու համար երգում է երկու կարճ երաժշտական հատվածներ: Լիլիթ Պիպոյանի ձևակերպմամբ՝ ճակատագիրը պետք է ինչ-որ տեղ արտահայտվի, բացի միևնույն ժամանակ՝ Կոմիտասի իր բոլոր 20 մշակումներն էլ «կենսահաստատ են, շատ պայծառ ու կյանքով լեցուն»: Հնչել էր նաև Սերժ Թանկյանի 100 Years ստեղծագործությունը, որում համադրված են կիթառն ու դուդուկը. «Կիթառս պոզիտիվ, մոշըն էներգիա ունի, իսկ դուդուկը՝ անշուշտ ավելի տխուր, ավելի մելամաղձոտ, ադ երկուքը միասին ինձի շատ հետաքրքրական են»:

Հայկական երաժշտությունը ներկայացնող չորս երաժիշտները չկարողացան խուսափել հեռուստատեսությամբ ու ռադիոյով մատուցվող երաժշտության որակի շուրջ խոսակցությունից: Լիլիթ Պիպոյանը սովորաբար խորհուրդ է տալիս այդ որակի մասին հարցնել ոչ թե իրենց, այլ հեռուստատեսությունների տնօրեններին, ովքեր համոզված են, թե այդ երգերը պահանջարկ ունեն: «Շատ կարևոր է, որ ցենզուրա լինի, բոլոր հեռուստատեսություններով և ռադիոներով միանշանակ 90% աղբ են ցույց տալիս, և չկա էդ ցենզուրան»,- ասում է Տիգրան Համասյանը, ում կարծիքով՝ Հայաստանում եղած պոտենցիալը լճանում է. Նյու Յորքում ուսանելու 10 տարիներին ինքը մեկ հայ ուսանողի է հանդիպել այն դեպքում, երբ, օրինակ, Թել Ավիվից «կարծես տրանզիտ լիներ»: Կրթությունը առաջնային է համարում, թեև գրաքննությունը խորհուրդ չի տալիս Տիգրան Մանսուրյանը, ով ստեղծագործել է այդ քաղաքականության կիրառման խորհրդային տարիներին. «Էդ երաժշտությունը մեր կյանքն է, մենք դրանից բարձր չենք: Էն ռաբիսը, որ հնչում է մեր շուրջը, դա մեր կյանքն է: Ուրեմն ոչ թե արգելելն է խնդիրը, այլ մեր կյանքը բարելավելն է, և պետք է գնան տղաներ, աղջիկներ սովորեն դրսերում, գան, չսիրեն այս մեղեդիները, չընդունեն, որովհետև զարգացած են, որովհետև աշխարհ տեսած են: Բայց արգելելով բանի չենք հասնի, արգելելը սխալ է»:

Երկու օր առաջ Երևանում աննախադեպ համերգով հանդես եկած System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանի մասնակցությամբ հանդիպմանը անհնար էր խուսափել համերգի մասին հարցից:

«Համերգը ինձի մեծ, յուրահատուկ փորձառություն մըն էր:  Հետաքրքրական բան մըն է. տղաքը չէին սպասում, որ ամեն մարդ երգերու բառերը անգլերենով պիտի կարողանա երգել: Եվ երգում էին ամեն մարդ. շատ, շատ ուրախ էին: Այսինքն ես նվագած եմ Հայաստանում, թե օրկեստրայով, թե իմ խմբովս, բայց Սիստեմով չէի նվագած: Բայց մյուս տղաքը էդ ներշնչումը չէին ունեցած, երիտասարդության ադ եռանդը չէին տեսած»,- ասաց Թանկյանը: Լիլիթ Պիպոյանը, ով նույնպես հրապարակում էր եղել, շարունակեց. «Նախ տեսա շատ ազնիվ դեմքեր, մաքուր, հստակ, ազնիվ դեմքեր: Ես տեսա էդ ոգևորությունը և ես տեսա էդ միացյալ էներգիան, որը բոլորին միավորում էր: Ինձ համար շատ հաճելի էր տեսնել էդ երիտասարդությանը, ինչ-որ շատ լավ բան կար իրանց մեջ»:

Թանկյանին հարցրին, թե ինչ խորհուրդ կտա երիտասարդներին: «Ես ամենաանգրագետ մյուսիշընն եմ հոս, ոչ դասական երաժշտություն սորված եմ, թեև սիմֆոնիկ գրում եմ, ոչ ռոք սորված եմ, նույնիսկ պիանոյի դաս չեմ էրած... Ես երբ որ մյուզիք սկսա անել, ինձի համար ընտրություն մը չէր: Այսինքն գիտեի, որ ադիկա էր, 15-20 տարեկան էի, որ եզրակացուցի, որ ադիկա է իմ վիժընս, իմ կյանքիս ճամփան: Եթե այդ ճամփան չես տեսնում, մյուզիքը շատ դժվար կյանք մըն է, մի՛ գար», - ասաց երաժիշտը՝ ցեղասպանության ճանաչման հարցը կարևորելով հատկապես նրանով, որ այն կարող է հնարավորություն տալ երիտասարդներին՝ մշակույթով զբաղվելու և «հարստությունները բացահայտելու՝ առանց ցեղասպանության վրա աշխատելու»:

Զրույցի ընթացքում Տիգրան Համասյանն ու Լիլիթ Պիպոյանը կատարեցին վերջինիս «Ես սարեն կուգայի» երգը՝ հանպատրաստից, որի ձայնագրությունը կարող եք լսել այստեղ:

Հանդիպման ամբողջական տեսանյութը՝ ստորեւ․

Լուս․՝ Tumo.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter