HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդկաստան. «Հիշում եմ եւ պահանջում»

Ապրիլի 24 -ը մեր պատմության մեծագույն ողբերգության օրն է՝  մարդկության պատմության ահասարսուռ ոճրագործություններից մեկի օրը:

Երբ այն ամեն տարի հիշում, սգում ու նշում են հայրենիքում՝ Հայաստանում, սա հասկանալի է և բնական, սակայն այս տարի այն ողջ աշխարհի, համենայն դեպս՝ բոլոր  քաղաքակիրթ երկրների, ուշադրության և մտահոգության խնդիրն է արդեն դարձել, և դա աշխարհասփյուռ հայության ջանքերի շնորհիվ նաև: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները  պատճառ դարձան   Հայաստանը ողջ ամսվա ընթացքում պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:  Երկրագնդի քաղաքակիրթ մարդկությունը այս ամսաթվի մեկնաբանության կարիքը չունի այլևս, և  Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի մարդկային ողբերգության և քրիստոնեական սուգի համընդհանուր գիտակցում անմեղ զոհերի նկատմամբ:

Հայոց Մեծ Եղեռնի մասին գիտեն նաև հեռավոր Հնդկաստանում՝ այս բազմազգ ու բազմամիլիոն երկրում,  հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև և վշտակցում են  այստեղ ապրող հայերին:   

Հնդկահայոց  Հոգևոր հովիվ և Կալկաթայի  Հայոց մարդասիրական ճեմարանի  կառավարիչ  Զավեն աբեղա Յազիչյանի նախնական կարգադրությամբ, ով, սակայն, այդ օրերին գտնվում էր  Մյանմարի պետությունում՝ Պատարագամատույցի նպատակով, Ապրիլի 23–ին «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցի առթիվ ոգեկոչման երկժամյա  միջոցառում անցկացվեց Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում: Թե՛ մասնակիցներին և թե՛ հրավիրյալներին նվիրվել էին նախօրոք պատվիրված շապիկներ և գլխարկներ՝ օրը խորհրդանշող անմոռուկներով դաջված, իսկ կրծքներինբոլորը  կրում էին անմոռուկներ և կրծքանշաններ: Ամբողջ բեմահարթակը և բեմը զարդարված էին անմոռուկներով և համապատասխան պաստառներով: Ճեմարանի սաները հուզաթաթավ ձայնով ասմունքում և զեկուցում էին անգլերեն և հայերեն լեզուներով: Նրանք  ներկայացրին նաև Հայոց Եղեռնից ահասարսուռ դրվագներ ու հրաշալի կատարեցին ազգագրական մի շարք երգեր: Միջոցառման ողջ ընթացքում  սպիտակ պաստառի վրա ցուցադրվեց վավերագրական դրվագներ և նկարներ ժանտատեսիլ այդ օրերից:

Հաջորդ օրը՝ ապրիլի 24 –ին, Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցվեց՝ ձեռամբ Արժանապատիվ Տ. Գեղարդ քահանա Ղաբաղյանի:  Պատարագին ներկա էին Կալկաթայի կաթոլիկ եկեղեցիների Ս.  հայրեր, քահանաներ, Մ. Թերեզայի խնամատարական հաստատության միանձնուհիներ, կարևոր պետական այրեր, պաշտոնյաներ, սփյուռքահայեր, տեղաբնակներ և զլմ-ների ներկայացուցիչներ:

Եկեղեցու գավիթում խորին խորհուրդ կար, անկեղծ վիշտ ու հարգանք 1.5 մլն նահատակ հայերի և մեր՝ հայերիս,  վշտի հանդեպ:

Ապրիլի 24-ին Հայոց մեծագույն կորստի, ցավի, ողբերգության հիշատակն է նշվել ու հարգվել նաև  Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Լա Մարթինիա տղայոց (La Martiniere for Boys) և  օրիորդաց (La Martiniere for Girls) հնդկական դպրոցներում (տնօրեն՝ Ջոհն  Րաֆֆի): Տղայոց դպրոցի կազմակերպիչը այս դպրոցի միակ հայ ուսուցիչ Վաչագան Թադևոսյանն էր, իսկ օրիորդաց դպրոցում (տնօրինուհի՝  տիկ. Ռուպկաթհա Սարկար) դարձյալ միակ հայ ուսուցչուհի Նարինե Սահակյանը: Դպրոցների հնդիկ պատմաբան ուսուցիչները մանրամասը խոսել ու ներկայացրել են  100 տարի առաջ կատարված հայոց ողբերգությունը, ոճրագործություն, որ խլել է  1.5 մլն հայերի կյանք, սակայն առ այսօր չի արժանացել համընդհանուր համաշխարհային դատապարտման: Միջոցառումներն ավարտվել են հայ ազգագրական երգերի կատարմամբ: Արժանավոր հայ ուսուցիչների՝ Նարինեի և Վաչագանի խոսքերով՝  այս ցավը բոլորիս ցավն է՝ անկախ բնակության վայրից, և եթե ​​մենք միավորվենք և անցկացնենք այս ցավը բոլորիս սեփական հոգիներով, ապա մենք կկարողանանք միասին գնալ ընդհանուր հաղթանակի:  Ճիշտ է՝ դեռ չի ճանաչվել Ցեղասպանությունը, սակայն՝  թող որ ուշ, բայց ոչ՝ երբեք…    

Կալկաթայի ՀՄՃ-ի դասախոս՝ Գրետա Անդրեասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter