HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Շառլ Ազնավուր. նրա կատարմամբ «La mamma»-ն ամենասիրվածն է աշխարհում

«Տեսնում եմ մորս՝ լամպի լույսի առջև նստած, «Զինգեր»-ի ոտնակն անվերջ պտտելիս՝ շտապելով հաջորդ օրվա հանձնելիք գործն ավարտին հասցնել և ստանալ արդյունքն անքուն գիշերվա` իր սիրասուն ընտանիքի գոյության համար այդքան անհրաժեշտ ֆրանկը: Հիվանդ, թե առողջ, հոգնած, թե ոչ՝ մայրիկը լծվում էր աշխատանքի… Հազվագյուտ պահերին մայրս դաշնամուր էր նվագում կամ գրում էր…:

Երբ մայրս հիվանդ էր լինում, ինձ չէին հայտնում, որպեսզի չընդհատեմ իմ աշխատանքը: Նրանք գիտեին, որ ես հազարավոր մղոններ կկտրեմ, թեկուզ մի գիշեր նրա կողքին լինելու համար»,-  տարիներ անց, իր հուշերում գրում է դարի մեծագույն արտիստներից մեկը՝ Շառլ Ազնավուրը:

1962թ. Շառլ Ազնավուրի կատարմամբ ձայնագրվեց «La mamma» երգը՝ նույն թվականին թողարկման պատրաստվող մինի ալբոմի համար (EP- Extended play): Այս տարբերակը նախապատրաստում էր մեկ տարի անց թողարկվելիք  համանուն՝ «La mamma»  11-րդ ստուդիական ալբոմը: Երգի հեղինակներն են Ռոբերտ Գալը և Շառլ Ազնավուրը: Այն Ազնավուրից բացի, միաժամանակ սկսեցին կատարել տարբեր երգիչներ: Առաջին սինգլը  լույս տեսավ 1963թ.վերջերին, ֆրանսիական  «Les Compagnons de la chanson»  վոկալ խմբի կատարմամբ: Այն ֆրանսիական երաժշտական հորիզոնականներում հասավ ընդամենը մինչև 80-րդ հորիզոնականը: 1964թ. փետրվարին թողարկվեց Ազնավուրի «La mamma» –ն, որը սկսեց հնչել ամենուր: Երգը  առաջին հորիզոնականում էր ֆրանսիական հիթ-շքերթներում: Նույն թվականից երգը հիթային էր  Հոլանդիայում, Բելգիայում, ճանաչման աշխարհագրությունը ընդլայնվեց դեպի Իտալիա: «La mamma» –ն դարձավ Ազնավուրի առաջին երգը, որի վաճառքը տեղավորվեց միլիոնանոց սահմանում: 

«Իրեն վստահված առաքելությունն այս երգում Ազնավուրն այնքան արտիստիկ վարպետությամբ կայացրեց, որ այն գերազանցել այդպես էլ չհաջողվեց ոչ մի այլ ֆրանսիացի երգչի», - գրել է «All Music»-ը :

Երգը թարգմանվեց նաև անգլերեն լեզվով և ձայնագրվեց մի շարք երգիչների կատարմամբ: Այնուհետև հնչեցին այլ թարգմանություններ՝ հոլանդերեն, խորվաթերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն և այլն:

Ազնավուրի նշանավոր կենսագիրներից մեկը՝ արվեստաբան Իվ Սալգը, այսպես է բնորոշել Ազնավուրին. «Վիրավոր թռչնի խուլ ու տանջալից ձայն, որը բեմի վրա իր փետուրների հետ մեկտեղ նետում է սիրո չքնաղ երգեր: Այդ հոգեվարք ապրող ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ կարծես հանգած հրաբուխ լինի, բառեր է ասում ավելի շուտ սրտին, քան լսողությանը,  հնչում է ամբողջ աշխարհում»: Ասում են, որ դերասան Սեմ Յունիորը, ով ձայնով և կատարման արտիստիզմով վարպետորեն նմանակում էր այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մորիս Շևալյեն, Ռեյ Չարլզը և ուրիշներ, հրաժարվել է Ազնավուրի կատարումը նմանակելուց: « Ազնավուրի երգերը նրա արտաքին կերպարներն են,- ասել է նա,- նրա անձի անսքող անկեղծությունը բացառում է նմանակումը: Մահացու թռիչքի պատրաստ այդ տխուր կոմեդիանտի մարմնում իրականում ողբերգակ է թաքնված: Եթե փորձեմ նմանակել Ազնավուրին, հանդիսատեսն ինձ չի հավատա»:

«La mamma»-ն  հնչել է բազմաթիվ հայտնի և անհայտ երգիչների կատարմամբ, նրանց մեջ ապրում են անուններ, ովքեր անկասկած աստղ կոչվելու իրավունքը վաստակած են, սակայն երգը ամենաճանաչվածն է  և ամենասիրվածը հենց Ազնավուրի կատարմամբ: Շատերն անգամ երգի գոյությունը կապում են միմիայն մեծագույն շանսոնիեյի անվան հետ:

Այնքան հուշեր և այնքան սեր

Այսօր քո շուրջը կա, մամա…

Cover կատարումների մեջ, սակայն, կա մեկը, որն առանձնանում է իր կատարման առանձնահատկությամբ, զգացմունքային մեծությամբ.   դա պատկանում է լեգենդար Ռեյ Չարլզին: Վերջերս, համացանցում ակտիվորեն և բացահայտ ակնածանքով քննարկվում էր Ազնավուրի զրույցը, որտեղ, ի դեպ, արտիստը նշեց, որ 20-րդ դարի լավագույն արտիստ է համարում Ռեյ Չարլզին, ում հետ կուզենար զուգերգ ունենալ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter