HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորային և ռուսական ներդրումները Հայաստանում գերազանցել են ֆրանսիականին և արգենտինականին

Սեդա  Հերգնյան

2014 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը, ըստ  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), կազմել է 839,758,3 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը՝ 349,986,3 մլրդ դրամ: Լավ է սա, թե վատ, առայժմ ասել հնարավոր չէ: Իրականում սա ոչինչ չասող վիճակագրություն է:  Մինչ 2014-ը ԱՎԾ-ն օտարերկրյա ներդրումների ծավալը ներկայացնում էր դոլարով: Եթե 2014-ի տվյալները հաշվենք դոլարի նախորդ տարվա միջին փոխարժեքով, միևնույն է սխալ ցուցանիշ ենք ստանալու, քանի որ փոխվել է հաշվարկելու մեթոդաբանությունը: Ուստի՝ իմանալ աճել են Հայաստանում օտարերկրյա ներդրումները, թե նվազել, առայժմ չենք կարող:

Մեթոդաբանական փոփոխությունների վերաբերյալ «Հետք»-ի հարցմանը ԱՎԾ-ից պատասխանեցին, որ դա բնականոն գործընթաց է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների վիճակագրական ծառայություններում: «Ներկայում ԱՎԾ-ն, ՀՀ ԿԲ-ի հետ համատեղ, աշխատանքներ է իրականացնում 2013-ի օտարերկրյա ներդրումների տարեկան ցուցանիշը՝ «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6»-ի խմբագրության համապատասխան վերանայման ուղղությամբ, որն ավարտելուն պես կզետեղվի ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումներում և կայքում: Իսկ 2015 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները (արտահայտված ՀՀ դրամով) հասանելի կլինեն այս տարվա մայիսի 29-ին՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2015 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցում, որում 2014 թվականի ցուցանիշների հետ համադրելիությունն արդեն ապահովված կլինի՝ ըստ  «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6»-ի խմբագրության»,- ասված է պատասխանում:

Այսինքն՝ ներդրումների դինամիկային, գոնե, այս տարվա առաջին եռամսյակի և 2014-ի առաջին եռամսյակի մասով, կծանոթանանք միայն այս տարվա մայիսին, քանի որ երկուսն էլ ներկայացված կլինեն ՀՀ դրամով: Իսկ թե 2013-ի և մնացած տարիների հետ համեմատություններ կատարելու համար երբ կունենանք համապատասխան ցուցանիշները, հայտնի չէ: Համեմատելու համար ԱՎԾՆ-ն պետք է նախորդ տարիների ցուցանիշները ներկայացնի երկու եղանակով` նախկին և նոր մեթոդաբանությամբ:

Առայժմ ստիպված ենք բավարարվել միայն 2014-ի ցուցանիշներով: Այսպիսով՝ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Կիպրոսն ու Գերմանիան:  2013-ին առաջին եռյակն հետևյալն էր՝  Արգենտինա,  հետո՝ Ֆրանսիա և Ռուսաստան: 2012-ին առաջատարը Ֆրանսիան էր: Բայց մինչ այդ՝ 2007-2011-ին առաջին տեղում  Ռուսաստանն է եղել: 

Հատկանշան է, որ Կիպրոսին և Գերմանիային 2014-ին ավելի շատ է հետարքրել Հայաստանի ներդրումային միջավայրը, քան նախորդ տարիներին ներդրումների ծավալով առաջատարների շարքում գտնված Ֆրանսիային ու Արգենտինային: Կիպրոսը, որը հանդիսանում է օֆշորային գոտի, նախորդ տարի զգալի ծավալների ներդրումներ է կատարել Հայաստանում հիմնային մետաղների արտադրության և մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտներում: Աճն էլ գրանցվել է հենց դրա հաշվին: Գերմանականը ևս աճել է հանքարդյունաբերության ոլորտում կատարված ներդրումների հաշվին՝  հիմնային մետաղների արտադրության, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ոլորտներ: Իսկ ռուսական ներդրումներն ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներ:

Ֆրանսիան, որը 2013-ին զգալի ներդրումներ էր կատարել հեռահաղորդակցության ոլորտում, ինչպես երևում է՝ կրճատել է դրանց ծավալը: Իսկ Արգենտինան հիմնական ներդրումները 2013-ին ուղղել էր օդային տրանսպորտի գործունեության ոլորտ:

 

2014-ին ամենամեծ ծավալով ներդրումներն ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման բնագավառ՝ 278,388 մլրդ դրամ,  հիմնային մետաղների արտադրության՝ 105,2 մլրդ դրամ, հանքարդյունաբերության՝ 102,46 մլրդ դրամ, հեռահաղորդակցության՝ 82,911 մլրդ դրամ, շենքերի շինարարության՝ 28,384 մլրդ դրամ:

Վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումներն անշեղորեն նվազել են: 2013-ին, 2012-ի համեմատ, նվազել են 20,5%-ով և կազմել 597,4 մլն դոլար, մինչդեռ   2009-ին կազմել է 935,5 մլն դոլար:

Լուսանկարը՝ www.businesskorea.co.kr-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter