HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենգյալով հացի փառատոն՝ Արցախի Ծաղկաշատ գյուղում

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, ս. թ. ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»: Այս մասին հայտնում է ԼՂՀ մշակույթի նախարարի օգնական Արևիկ Հովսեփյանը:

Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջան փառատոնին ներկայանալու է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ և արհեստավարժ մասնակիցներով: Փառատոնին ներկայացվելու է Ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվելու է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ:

Փառատոնի նպատակն է արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու հանրահռչակումը,  ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը:

Ժենգյալով հացը համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը»: Ալյուրից, կանաչեղենից, ձեթից ու համեմունքներից պատրաստվող  բացառիկ այս ուտեստն Արցախում պատրաստվում է վաղուց,  իսկ գրավոր աղբյուրներում հիշատակվել է XIX դարի վերջերին, երբ գրավոր ավանդվել է արցախյան բանահյուսությունը: 2013թ. ժենգյալով հացն ընդգրկվել է ԼՂՀ կառավարության կողմից հաստատված՝ Արցախի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:

Ժենգյալով հացի փառատոնը,  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Արցախյան խոհանոցի փառատոնի շրջանակներում կազմակերպվող երրորդ միջոցառումն է: 2014թ. Ասկերանի շրջանի Խանցք գյուղում կազմակերպվել է թոնրահացի, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում՝  արցախյան թթվի փառատոնը:

Միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ին: Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, հետաքրքիր խաղ-մրցույթներով, համերգային ծրագրով, արցախյան մշակույթի ներկայացման այլ միջոցառումներով:

Մուտքն ազատ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter