HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100–ից hետո

Գեւորգ Կիրակոսյան

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գտնում է, որ ուժերը պետք է կենտրոնացվեն ոչ թե Հայոց ցեղասպանության հավելյալ ճանաչման վրա, այլ ուղղվեն իրավական հարթությունում Թուրքիայից փոխհատուցում ստանալուն

Մինչդեռ այլ դեմքեր, իրավունքի մասնագետներ ու հեղինակություններ տարբեր կարծիքներ, տարակույսներ ու մոտեցումներ են արտահայտում: Նման իրավիճակը հասկանալի հետեւանք պետք է համարել այս կարեւորագույն նպատակին ուղղված, հեռահար ռազմավարության բացակայության, որը, թող ներվի ասել, որոշակիորեն բնորոշում է Հայ քաղաքական մշակույթն ընդհանրապես:

Միեւնույն ժամանակ, նման հաշվարկ ու աշխատունակ ծրագիր թերեւս հնարավոր էլ չէր կառուցել, այն պարզ պատճառով, քանի որ վճռորոշ փաստարկները բազմաթիվ են, դինամիկ ու դժվար կանխատեսելի, եւ մեծամասամբ՝ մեր հասանելիությունից բոլորովին դուրս: Ինչեւէ, ունենք այն ինչին արժանացել ենք այսօրվա դրությամբ, փառք Աստծո: Եւ հիմա ակնհայտորեն շվարած ենք հետագա քայլերի ծրագրման ուղղությամբ:

Իրավիճակի համար չպետք է որեւէ մեկին մեղադրել: Ըստ իս, այն բնական պետք է համարել, որը սակայն հարկավոր է արագորեն հաղթահարել: Կարծում եմ, այս հարցում հնարավոր կլինի մի կողմ դնել բոլոր տեսակի խմբային-անձնական շահերն ու տարատեսակ պատվասիրությունները եւ անկողմնակալորեն քննարկել գաղափարների թեր ու դեմ կողմերը՝ անկախ առաջարկվող մոտեցումների ծագումնաբանությունից: Արդյունքում կարող է ծնվել ու մշակվել անհրաժեշտ ու արդյունավետ մարտավարություն:     

Վերադառնալով հարգարժան, մեծավաստակ Հ. Սասունյանի հստակ կոչին՝ հոդվածագիրն այն միանգամայն իրատեսական ու ողջունելի է համարում:  Այն պարզ ու տրամաբանական գործողություն է առաջարկում, որի դիմաց առարկության պատճառ կարծես թե չի էլ երեւում (լավ, իսկ եթե այդպես չվարվենք, ապա էլ ուրիշ ինչ պիտի անենք): Ի նպաստ այս տեսակետի, ես կփորձեմ ուշադրություն հրավիրել հետեւյալ համեստ դիտարկմանը:

Կարծում եմ գլխավորն արված է արդեն, համաշխարհային կարծիքի ձեւավորման հարցով: Իսկապես, հիմա շատ կարեւոր չէ այլեւս, որ որոշ առաջնորդներ դեռեւս իրենց մոտակա, նեղ առարկայական շահերով են կողմնորոշվում: Կարեւորն այն է սակայն, որ ներկա դրությամբ գրեթե բոլոր տեսակի ու տրամաչափի առաջնորդները ստիպված են հաշվի նստել ահագնացող հասարակական շարժումների հետ, որը հետեւանք է իրազեկման միջոցների աննախադեպ զարգացմանը նաեւ:  

Իսկ հասարակություններն արդեն որոշակիորեն զզվել են շահերի մշտական ու կատաղի մրցակցություններից, ինչպես եւ ուղեկից գլոբալ խարդավանքներից ու անբարոյականություններից: Մարդիկ բնականորեն ցանկանում են անկեղծության, բարիության, արդարության ու ապահովության դրսեւորումներ ու գործող երաշխիքներ տեսնել:  

Մարդկությունն արդեն մոտ է այն գիտակցությանը, որ հարցն անմիջականորեն առնչվում է բոլորի իրավունքներին ու անվտանգությանը,  եւ ոչ միայն ինչ-որ փոքր էթնիկ խմբի: Ուստի ՊԱՀԸ  ՉՊԵՏՔ Է ԿՈՐՍՎԻ: Հարկավոր է ջանքերն ու միջոցներն այս ուղղությամբ ծախսել, իրավական ատյաններին դիմելուն զուգընթաց: Այսինքն հարցը պիտի բարձրացվի որպես հանրության ընդհանուր ու վերազգային պահանջ, այս դեպքում թերեւս այն ավելի շուտ կլուծվի: Պառլամենտներն ու նախագահները չեն կարող ընդմիշտ իրենց ժողովուրդներին ի հակառակ գործել: Հայերիս դատը կարող է ելակետային առիթ հանդիսանալ մարդկային հասարակարգի նոր վերածննդի համար: Գրեթե նույն միտքն է արտահայտել օրերս մեր մեծանուն երգահան Տ. Մանսուրյանը: Անմեղների արյունն ու արդարության չդադարող ճիչը չեն կարող ընդմիշտ անհետեւանք մնալ:  Թե կոնկրետ ինչ ատյանների ու կառույցների պետք է դիմել,մասնագետների խորհուրդը պիտի որոշի: Իսկ այդ ամենին զուգահեռ, պիտի ընդլայնվեն հասարակական բողոքն ու ճնշումները:

Սակայն, մեր դատի արդար լուծումը մեծ ներքին պարտավորություն է ենթադրում նաեւ: Մենք չենք կարող բարձր բարոյականություն ու արդարամտություն ակնկալել ուրիշներից, եթե ինքներս արդեն արդարամիտ, բավարար հանդուրժող ու անկողմնակալ չենք մեկս մյուսի հանդեպ: Նման շինծու վիճակը չի կարող աննկատ մնալ կամ որեւէ իրական արդյունքի բերել: Այս ծանր խնդիրը չափազանց խոր ու հայտնի է, որի մասին փորձել ավելին ասել այս համատեքստում պատշաճ չէր լինի: Բավարարվենք միայն նորից ընդգծելով, որ իրական ու արմատական ներքին համակարգային փոփոխությունները  հրատապ ու հրամայական են, առանց որի որեւէ հաջողության հույս դժվար է փայփայել: Թերեւս, նշված 100 – ամյակն ու նոր իրավիճակը այդ կարեւոր գործին պիտի նպաստեն:    

Մեկնաբանություններ (1)

Ստեփան Սարգսյան
Հարգելի հոդվածագիր, հայերենում «!» և «?» կետադրական նշաններ չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter