HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դալարիկ գյուղի բնակչի բաց նամակը` ուղղված Արման Մկրտումյանին և Կարեն Անդրեասյանին

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ  Հովհաննես Թոռնիկի Մադոյանը «Հետքին» է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի  նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին ուղվված բաց նամակը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.    

«Հարգելի  պարոնայք,  ես   խնդրում  եմ   Ձեր  իրավասությունների  սահմաններում   անդրադառնալ  այն  անօրինականություններին, որոնք կատարվել են և  շարունակվում են կատարվել  իմ որդու՝ Ազատ  Մադոյանի  վերաբերյալ  թիվ  ԱՐԴ0062/01/13  քրեական գործով:

Նախաքննական մարմնի  կողմից  իմ որդու  վերաբերյալ  քրեական գործը  դատարան ուղարկվելուց  հետո  պարզվել  է, որ   քրեական գործի նյութերից  բացակայում է  իմ որդու  անմեղությունը հիմնավորող  քրեական գործով մյուս  ամբաստանյալի  հեռախոսահամարների  վերծանումները: Դատական քննության ընթացքում Արմավիրի  մարզի ընդհանուր  իրավասության դատարանի ուշադրությունն է հրավիրվել այդ  հանգամանքի վրա  և   դատարանի  որոշմամբ  «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերությունից   կրկին   ստացվել  է   այդ  ապացույցը, սակայն  այն ստացվելուց  հետո  դատարանը   քննարկման առարկա  չդարձրեց  այդ  ապացույցը քրեական գործի  նյութերից  հանելու  իրավաչափության  հարցը  և  դատավճիռ  կայացնելիս  էլ  կամայականորեն   չանդրադարձավ  այդ ապացույցին: 

Բացի այդ, իմ  որդու   անմեղության   վերաբերյալ  դատարանում   ցուցմունքներ  տվեցին նաև  իմ որդու   պաշտպանի   միջնորդությամբ  դատարան հրավիրված  վկաները,  սակայն  դատարանը  նրանց  համարեց  լրացուցիչ  վկաներ  և  դատավճիռ  կայացնելիս  կամայականորեն   չանդրադարձավ   նրանց  ցուցմունքներին:

Արմավիրի  մարզի ընդհանուր  իրավասության դատարանի դատավճռի  դեմ   վերաքննիչ բողոք  ներկայացվեց  այն հույսով, որ  ՀՀ վերաքննիչ  քրեական դատարանը  օբյեկտիվորեն գնահատական կտա գործի  նյութերից  քրեական վարույթն իրականացնող  մարմնի  կողմից   ապացույց  հանելու    արարքին, ինչպես  նաև  օբեկտիվորեն   կգնահատի   ապացույցները, սակայն  վերաքնննիչ   դատարանը  ի զարմանս  ինձ   դարձյալ  գնհատական չտվեց   քրեական գործի  նյութերից   վարույթն իրականացնող  մարմնի  կողմից  ապացույց  հանելու  արարքին,   դարձյալ  կամայականորեն  չանդրադարձավ   բողոքի հիմքերին  և  հիմանվորումերին, իսկ  վկաների  ցուցմունքների մասով  էլ  հայտնեց  խայտառակ դիրքորոշում այն մասին, որ վկաները  հանդիսանում  են  իմ որդու  մերձավոր  ազգակաները, այդ իսկ  պատճառով  նրանց  ցուցմունքներն արժանահավատ  չեն, մինչդեռ նշված վկաներից  կեսը  ընդհանրապես  մեր ազգականներ  չեն:  Դրանից հետո  ես  ստիպված քրեական գործի  նյութերից  ապացույց  հանելու    փաստի   առթիվ  քրեական գործ  հարուցելու  համար   հաղորդում եմ ներկայացրել  ՀՀ  գլխավոր դատախազին: ՀՀ  գլխավոր   դատախազության կողմից հանցագործության  մասին   իմ  գրավոր հաղորդումը վերահասցեագրվել  է  ՀՀ   հատուկ քննչական ծառայությանը, սակայն  ՀՀ  հատուկ քննչական  ծառայության  կողմից  նունիսկ նյութեր չնախապատրաստվեցին, փոխարենը պետի տեղակալի գրությամբ  ինձ   հայտնվեց, որ   դիմումը  որպես  հանցագործության  մասին  հաղորդում  ընդունելու  և  դրա հիման  վրա  ՀՀ  քրեական  դատավարության օրենսգրքի  181-րդ  հոդվածով  նախատեսված  որոշում  կայացնելու  հիմքերը բացակայում են:

ՀՀ  հատուկ քննչական  բաժնի անգործության  դեմ բողոք  եմ ներկայացրել Արաբկիր  և Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարան, սակայն դատարանը  իմ  բողոքը  մերժել է: Դատարանը  առանց  պատճառաբանության ևս համարել  է, որ հանցագործության  մասին  իմ հաղորդումը   հանցագործության մասին   տեղեկություններ  չի  պարունակում, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության  գործողություններն  օրինական  են և  հիմնավոր: Այնինչ   իմ  կողմից  ՀՀ գլխավոր  դատախազին   է ներկայացված    հանցագործության մասին  հաղորդում, որում հստակ  նշվել  է, որ   քննիչի կողմից  քրեական գործի նյութերից  հանվել է  իմ որդու  անմեղությունը հիմնավորող  ապացույցը: 

Քննիչի նշված արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածով նախատեսված  հանցագործության հատկանիշներ  և խնդրել եմ լուծել քրեական գործ հարուցելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Հարգելի  պարոնայք, միթե նման հաղորդումը չի պարունակում հանցագործության մասին տեղեկություններ, ո՞րն է  պատճառը, որ  իմ դեմ  փակվում  են արդարադատության հասնելու բոլոր ճանապարհները»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter