HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 22-ը ապրիլի

Այս մի քանի օրվա ընթացքում Ստամբուլում ինքս ինձ համար մի շարք բացահայտումներ արեցի: Առաջինն այն էր, որ անկեղծորեն զարմացա՝ մարդկանց նման բազմազանություն տեսնելով այստեղ: Անշուշտ, բոլորին է հայտնի, որ այս քաղաքը տնտեսական եւ հատկապես տուրիզմի ոլորտում ծաղկում է ապրում: Բայց, միեւնույնն է, ամեն վայրկյան շուրջս տուրիստներ տեսնելը երեւանցուս համար առօրեական երեւույթ չէր:

Բայց ինձ նախեւառաջ զարմացրեց հետեւյալը. փողոցում քայլելիս անընդհատ փորձում էի մարդկանց բազմազանության մեջ զատել տեղացիներին օտարերկրացիներից, ինչը Երեւանում առանձնապես դժվար խնդիր չէ: Ահա դիմացով անցնում է սկանդինավցու արտաքինով՝ շեկ մազերով, եվրոպական դիմագծերով, մի զույգ: Սակայն երբ լսում եմ նրանց թուրքերեն զրույցը, զարմանում եմ. ուրեմն՝ կամ թուրք են, կամ թուրքերեն են սովորել: Չգիտեմ, թե ինչ կլինի, եթե երկար ապրեմ այստեղ, բայց այս պահին իսկապես անհնար է ինձ համար թուրքերին տարանջատել այլ ազգերից: Եթե ես էլ թուրք լինեի, միգուցե այս հարցում դժվարություններ չունենայի, բայց կարծում եմ, որ ասիական ծագում ունեցող այս ժողովուրդը եվրոպականանում է գոնե ֆիզիկապես:

Մյուս կողմից՝ բնական է, որ ոչ բոլոր թուրքերեն խոսողներն են թուրք: Բայց այս դեպքում էլ ապշում ես, թե ինչպես են այստեղ աշխատելու կամ սովորելու եկած մարդիկ սերտել իրենց համար օտար լեզուն: Մասնավորապես, մեր ուղեկից Սուսայեն, որ արմատներով շրիլանկացի է, բայց ծնվել ու մեծացել է Փենսիլվանիայում, մեր առաջին հանդիպումից ի վեր այնպես էր սահուն թրքերեն խոսում, որ ինձ թվաց, թե չնայած թխամաշկ է, բայց թրքուհի է, մանավանդ որ վերջիններիս մեջ կան նաեւ մուգ մաշկ ունեցողներ: Հետո էլ ավելի զարմացա, երբ պարզվեց, որ Սուսայեն թրքերեն է սովորել այստեղ սովորելու ընթացքում՝ 2 տարում:

Սակայն ավելի ուշ իմացա, որ Սուսայեի նման շատ քչերը կան: Վերջինս պատմեց, որ այստեղ դասավանդելու եկած օտարերկրացիները չորս տարում նոր սովորում են տեղի լեզուն: Իհարկե, այստեղ աշխատելու եւ սովորելու եկածները գիտեն լեզուն, բայց ոչ ընտիր: Սակայն, իմ կարծիքով, դա ընդամենը ժամանակի հարց է: GPOT կենտրոնում մենք հանդիպեցինք Սլովակիայից, Մերձբալթիկայից ու Շվեդիայից եկած կանանց, որոնք թրքերենի հետ խնդիրներ չունեին ու կողքից նայողին շփոթության մեջ էին գցում իրենց թրքերենով` չնայած եվրոպացու արտաքինով էին: Իսկ Երեւանում ապրող ու աշխատող քանի՞ արտասահմանցի է խոսում հայերեն: Մեզ մոտ երբ հանկարծ չինացու կամ եվրոպացու բերանից հայերեն ինչ-որ բառեր ենք լսում, փոքր ազգին հատուկ ինչ-որ զգացում ենք ունենում, ուրախանում ենք՝ տեսեք-տեսեք, չինացին հայերեն խոսեց: Ավելին՝ երբ ասենք ինչ-որ ռուս երգիչ հայերեն մի երկու բառ է կցում-կցմցում իրար՝ մեզ սիրաշահելու համար, այդքանն իմանալով հանդերձ՝ ծափահարում ու չգիտես ինչու ուրախանում, նաեւ հպարտանում ենք: Իսկ այդ դեպքում ի՞նչ պիտի անեն թուրքերը իրենց լեզվով խոսող արտասահմանցիների հետ:

Բայց իզուր եմ այսքան հեռու գնում: Հենց Հայաստանում ապրող հայերից ոմանք (այդ թվում՝ պարբերաբար էկրանին երեւացող), չեմ վախենա ասել, իրենց արժանապատվությունից ցածր են համարում հայերեն խոսելը՝ բերելով դատարկ պատճառաբանություն. ռուսական կրթություն են ստացել: Այստեղ են ասել՝ մարդուս մտքին տեղ լինի: Դրանց նմանները որ Ստամբուլ գան, թերեւս թուրքերեն էլ կսովորեն, բայց մեկ է՝ հայերեն չեն խոսի...

Լեզվի տեսանկյունից ինձ զարմացրեց նաեւ այն, որ տուրիստներով լեցուն Ստամբուլում խանութների ու գովազդների գրությունների ճնշող մեծամասնությունը թուրքերեն է, իսկ Երեւանու՞մ...

Մեկ այլ բան էլ պիտի նշեմ, սակայն արդեն, կարծում եմ, ի օգուտ մեզ եւ ի վնաս թուրքերի: Դա օտար լեզվի իմացությունն ու այլ լեզուներով օտարերկրացիների հետ հաղորդակցվելու կարողությունն է: Օրինակ՝ մի երկու օր առաջ` ասուլիսի ժամանակ, մի թուրք լրագրողուհու անգլերեն հարց տվեցինք, անմիջապես շփոթվեց ու կարճ կապեց. «No English, no English»: Հայաստանում դժվար թե համալսարան ավարտած մեկը, առավել եւս աղջիկները, որ ուսման մեջ տղաներից ավելի ջանասեր են (ավելին՝ ապագա լրագրող են), օտար լեզվից՝ ռուսերենից կամ անգլերենից, այդքան «կաղա»: Նույն լեզվական բացը կարող եմ նշել փողոցում քայլող տեղացիներից շատ-շատերի, մանրավաճառների, որոշ բացառություններով (մի շարք խանութներից եւ հատկապես ռեստորաններից ու հյուրանոցներից բացի)՝ սպասարկման ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես, մի ժամ խանութներում ու սուպերմարկետում ման գալուց հետո էլ չկարողացա վաճառողներին անգլերեն հասկացնել, որ ածելի (лезвие) եմ փնտրում, առավել եւս որ ցուցափեղկերին դրանից, ըստ էության, չկար, որ ցույց տայի: Ստիպված երկու հատ Gillette գնեցի: Իզուր չեն ասում. ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես... 

Մեկնաբանություններ (1)

shaqar
ինչու չեք խոսում ստամբուլի բաղնիքների մասին; 1481 թվականից գործող բաղնիքներ կան, օրինակ գալաթասարայը, իսկ երևանու՞մ, քանդեցին, տեղը ոսկու խանութներ դրեցին, թքա՞ց մաքրության վրա, մարդիկ անլվա էլ կապրե՞ն, մենակ թե մի քանիսը ոսկի առնի ու ծախի՞: ամոթ չի՞, միլիոնանոց երևանում մի հատ բաղնիք էլ չմնաց: նայեք ստամբուլում , դարերով գործում են բազմաթիվ բաղնիքներ, ոչ մի հատ չի քանդվել ու առևտրի կենտրոնի չի վերածվել!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter