HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի կողմից շորթման եղանակով քաղաքացիներ Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա  2013 թվականի օգոստոսին շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց` Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամի շորթումը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես  Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը և իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել  Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր:

Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել և 2013թ. օգոստոսի 22-ին և 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազ. ՀՀ դրամ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել նաև Արթուր Մարգարյանին և Հովհաննես Եսայանին: Վարդան Ղուկասյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter