HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայազգի պրոֆեսորը` «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» տիտղոսակիր

Կալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին (Stephen Sondheim Inspirational Teacher Award): Այդ մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը: Ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցել ուսանողների կյանքում և մեծ ներդրում ուսուցման ոլորտում:

Դոկտոր Մելիքյանն առաջին հայ գիտնականն է, որն արժանանում է այդ պետական պարգևին: Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների որդին է. «Սա իմ անձնական պատասխանն է այն մարդկանց, ովքեր փորձել են ջնջել մեզ երկրի երեսից, ինչը, սակայն,  նրանց չի հաջողվել», - ասել է Մելիքյանը:

«Ուսուցիչ լինելն ամենահուզիչ, ամենաաշխատատար և ամենից առավել հատուցվող մասնագիտությունն է», - ասել է Մելիքյանը: «Ես սիրում եմ մարտահրավերներ նետել իմ ուսանողներին՝ ստիպելով նրանց հավատալ իրենց, ստեղծելով կյանքի վերափոխման հնարավորություններ և նրանց դնելով բարեկեցիկ ապագայի ճանապարհի վրա: Ամեն նոր օրը նույնքան հետաքրքիր է, որքան իմ աշխատանքային առաջին օրն էր»:

«Որպես քոլեջի դեկան Գագիկին ճանաչում եմ շուրջ տասը տարի», - ասել է գիտության և մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Ջերի Սթիները: «Մեծ հարգանք եմ տածում Գագիկի հանդեպ և նրան համարում եմ քոլեջի լավագույն գիտնականներից ու ուսուցիչներից մեկը: Նա առաջնակարգ գիտնական է, որն ունի ուշագրավ հրապարակումներ և աներևակայելիորեն նվիրված է իր լաբորատորիայում ուսանողներին կրթելուն»:

«Դոկտոր Մելիքյանն ինձ համար մասնագիտական օրինակ է ծառայել և հանդիսացել է իմ ակադեմիական և մասնագիտական զարգացման խթանող անձը CSUN-ում», - ասել է մրցանակի առաջադրած նախկին ուսանող Քրիստոֆեր Ուայլդը: «Նա առ այսօր շարունակում է կարևոր դեր խաղալ»: Ուայլդը նշել է, որ Մելիքյանի «գիտելիքների բարձր մակարդակն աչքի է ընկնում հենց առաջին դասախոսության ժամանակ: Նա, լինելով շատ անաչառ, պահանջում է կատարելություն»:

Մելիքյանի մեկ այլ գործընկեր CSUN-ում` կենսաբանության պրոֆեսոր Սթիվ Օթենհեյմերը, խոսելով Մելիքյանի տաղանդների մասին, նշել է. «Գագիկը հրաշալի ուսուցիչ, հետազոտող և հեղինակ է: Նրա խանդավառությունը և պարզությունը լսարանում տպավորիչ են: Հարյուր հազարավոր քիմիական նյութերի հետ կապված խնդիրների մասին պատմող նրա մրցանակակիր գիրքը («Մեղավոր` մինչև անմեղության ապացուցումը՝ հակաօքսիդիչներ, սննդամթերքներ, հավելումներ և դիմահարդարման միջոցներ»), իսկապես կարևոր ներդրում է հանրային առողջությանը և բարեկեցությանը: Այդ գիրքը դասական է, և այն պետք է բոլորը կարդան:

Ըստ համալսարանի մամուլի հաղորդագրության՝ Մելիքյանը նշել է, որ CSUN-ը հանդիսացել է նրա հաջողության հիմնական պատճառներից մեկը: «Վերջին երկու տասնամյակների ընթացքում CSUN-ը իմ հանդեպ այնքան աջակցություն, քաջալերում, փոխըմբռնում և գնահատանք է ցուցաբերել, որ ես դժվար թե ստանայի մեկ այլ վայրում», - ասել է Մելիքյանը: «Իսկ ներկայիս ձեռքբերումները, ինչպես դասարանում, այնպես էլ գիտահետազոտական լաբորատորիայում, անհնար կլինեին առանց համալսարանական, քոլեջային և ֆակուլտետային մակարդակներում տրամադրվող շարունակական աջակցության և օժանդակության»:

Պրոֆեսոր Մելիքյանն արժանացել է նաև հեղինակավոր Ժերոմ Ռիչֆիլդ ակադեմիական մրցանակի և Ֆակուլտետի գերազանցության մրցանակի, որը համալսարանի կողմից տրված ամենաբարձր մրցանակն է՝ ի նշան ֆակուլտետի հետազոտությունների մեջ գերազանցության ճանաչման: Polished Apple մրցանակի արժանացած Մելիքյանը կրթել և ուսուցանել է քիմիայի, կենսաբանության և բժշկության ոլորտներում աշխատող մասնագետների մի ամբողջ սերնդի: Մելիքյանի աշխատանքը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից (www.csun.edu/gmelikyan), և որպես փորձագետ նա երկար տարիներ զբաղվել է ամերիկյան հասարակության՝ վնասակար քիմիական և բնապահպանական աղտոտիչներից պաշտպանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter