HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի պատվիրակությունը ծանոթացավ Սեւանի զբոսաշրջային հնարավորություններին

Արմինե Ղուկասյան 

Գերմանիայի Բունդեսթագի անդամ, Թյուրինգիայի մարզի Զալե-Հոլցլանդ-Քռայզի քաղաքապետ Ալբերտ Վայլեռի եւ նրա տիկնոջ Սեւան կատարած այցին հաջորդեցին ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությունները: Նրանք Հայաստան էին ժամանել Գերմանիայի պատվիրակության հետ եւ նախօրեին մասնակցել Երեւանում կայացած «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

Վայլեռի սեւանյան այցի ընթացքում Սեւանի քաղաքապետարանում կայացած հանդիպում-ընդունելության սկզբում նա նշեց, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան պատասխանատուներն առաջարկել էին  ծանոթանալ այս տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորություններին եւ առկա ռեսուրսներին, միաժամանակ համատեղ ծրագրեր իրականացնել Սեւանում, որը հետաքրքրություն է ներկայացնում տարվա բոլոր եղանակներին:

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, ողջունելով հյուրերին նշեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն դիրքորոշման համար, որ ցուցաբերեց գերմանացի ժողովուրդն` ի դեմս Գերմանիայի նախագահ պրն Գաուկի եւ Բունդեսթագի նախագահ պրն Լամերթի:  

Բունդեսթագի անդամ Վայլեռն էլ կարեւորեց ոչ միայն երկօրյա ֆորումի աշխատանքները, այլեւ շեշտեց, որ քաղաքակիրթ աշխարհը չպետք է աչք փակի ցեղասպանությունների առջեւ եւ տա իր գնահատականը:

Հանդիպման թեմաներն էին` Ցեղասպանության ճանաչումից մինչեւ հայ եւ գերմանացի ժողովուրդների պատմություն, արտաքին քաղաքականությունից մինչեւ միգրացիոն գործընթացներ, քրիստոնեական արժեքների, մշակույթի տարածումից, ամրապնդումից մինչեւ համագործակցային ուղղություններ, տարածաշրջանային խնդիրներից մինչեւ օտարերկրյա ներդրումներ:

«Հայաստանում երկրորդ անգամ եմ լինում, առաջին անգամ եղել եմ նաեւ Արցախում: Ուզում եմ աջակցել ձեր երկրին: Այդ ուղղությամբ արդեն կան կոնկրետ ծրագրեր: Որպես գործնական քայլ` Բունդեսթագում մայիսին կայանալիք հայ-գերմանական ֆորումի անցկացումն է: Կարծում եմ` ֆորումի միջոցով տնկված շիվը կվերածվի մեծ ծառի եւ կտարածի իր ճյուղերը»,- ասած պրն Վայլեռը:

Սեւանի քաղաքապետ Ռ· Ղուկասյանն էլ հավելեց. «Աշխարհով մեկ սփռված են հայերը եւ կարողացել են ինտեգրվել իրենց հյուրընկալող երկրների հասարակությանը: Հարգելով ուրիշներին` հայ ժողովուրդը պահպանել է իր ազգայինն ու հայի ինքնությունը: Շնորհակալ ենք այն բոլոր պետություններին, նաեւ Գերմանիային, որոնք հանգրվան դարձան հայի համար: Մենք հարուստ ենք մարդկային ներուժով, Սփյուռքում գտնվող յուրաքանչյուր հայ Հայաստանի դեսպանն է այդ երկրներում»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմին:  Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 100 հազարավոր ռազմագերիներ սփռվեցին Խորհրդային Միության ողջ տարածքում գործող ճամբարներում: Հատկապես 1943 թ·-ից հետո գերիների թիվն այնքան մեծացավ, որ անհրաժեշություն առաջացավ վերջիններիս ոչ միայն պահել փակի տակ, այլեւ օգտագործել զանազան աշխատանքներում: Հենց այդ ժամանակ էլ Հայաստան ուղարկվեցին նրանց առաջին խմբերը: Հետագայում մեզ մոտ բերվող գերիները բազմապատկվեցին, եւ շատ շուտով նրանց կարելի էր հանդիպել հանրապետության համարյա բոլոր անկյուններում, այդ թվում` Սեւան քաղաքում:

Հանդիպման մասնակից, Սեւան հէկ-ի տնօրեն Էռնեստ Օհանջանյանը հետաքրքիր դրվագներ պատմեց, որ լսել էր սեւանցի հնաբնակներից: Ականատեսների վկայությամբ` պատերազմի ավարտից հետո էլ Սեւանի Գոմաձոր գյուղում գերիները կառուցում էին Սեւանի հէկ-ը: «Սեւանգէսստրոյում» շուրջ 300 գերմանացի գերի է աշխատել: Պատմում են, որ տարիներ շարունակ, ամեն օր վաղ առավոտյան, նրանք խմբով բարձրաձայն երգելով գնում էին շինհրապարակ ու սկսում հանքահորերում աշխատել: Նրանք երեքն էին ու գտնվում էին տարբեր տեղերում: Գերիները թունելներ էին փորում, այդ երեք թունելի միջով Սեւանի ջուրը պետք է իրար միանար, որպեսզի պտտվեր ու հոսանք ստացվեր: Ոսկերչի աշխատանք էր, սխալվել չէր կարելի, եւ գերիներն արեցին այդ աշխատանքը:

Սեւանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի ուսուցչուհի Ջուլիետա Հակոբյանն էլ ներկայացրեց իրենց կրթօջախի եւ գերմանական գիմնազիայի միջեւ արդեն տարիներ շարունակվող համագործակցության մասին, որ երիտասարդների եւ փորձի փոխանակման այցերի միջոցով բավականին կենսունակ է եւ արդյունավետ:

Հանդիպման մյուս հատվածում երկու քաղաքների քաղաքապետերը ներկայացրին իրենց համայնքները, առկա ռեսուրսները, զարգացման հեռանկարները եւ միտումները: Կարեւորվեցին այն բոլոր շփումները, որոնք նպաստել եւ նպաստելու են երկու երկրների ժողովուրդների միմյանց լավ ճանաչելուն, համագործակցելու այն ուղղություններին, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց հենց հանդիպման ընթացքում:

Ալբերտ Վայլեռը շեշտեց, որ կգտնի միջոցներ Բունդեսթագի առաջիկա ֆորումի միջոցով համագործակցությունը կայացնելու համար: Սեւանի քաղաքապետ Ռ· Ղուկասյանն էլ հավելեց. «Ներկայումս խիստ կարեւորում եմ գործընկերային հարաբերությունները, որոնց միջոցով հնարավոր է անել շատ ավելին»:

Հանդիպման առանցքում իրազեկման, տեղեկատվություն փոխանցելու կարեւորումն էր, որոնց շնորհիվ հանարավոր կլինի զարգացնել զբոսաշրջային ինդուստրիան, կատարել ներդրումներ, ճիշտ ներկայացնել Հայաստանը օտարերկրացիներին, միաժամանակ գրավիչ միջավայր ստեղծել ներդրումների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter