HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազում համայնքում խմում են ոչ պիտանի ջուրը

Գայանե Սարգսյան 

Լոռու մարզի Բազում համայնքը 1774 բնակիչ ունի: Բազումցիների եկամուտը մեծ մասով ապահովվում է արտագնա աշխատանքի մեկնելու հաշվին:

«Համայնքի 420 տնտեսությունից մոտ 80 տոկոսը  արտագնա աշխատանքի մեկնողներ ունի: Արտագնա աշխատանքով են ապրում: Տարվա մեծ մասը տղամարդիկ գյուղից բացակայում են,- ասում է գյուղապետ Սրբուհի Հարությունյանը,- մեր հողերը պիտանի չեն, քանի որ հողը բերք չի տալիս, մեծ մասամբ չեն էլ մշակում, դարձրել են խոտհարք»:

Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը, ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումն իր ազդեցությունն է թողել նաև բազումցու վրա: Այս տարի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է: «Անցած տարի որ աշխատել էին, ինչի՞ հասան: Ռուբլին արժեզրկվեց, դրա համար մարդիկ այս տարի էլ չեն ուզում գնան: Այստեղ են աշխատանք փնտրում: Գյուղացին ասում է՝ գնում, աշխատում, բերում ենք, ինչի՞ է հավասարվում: Ավելի լավ է էստեղ մնամ, թեկուզ քիչ աշխատեմ, բայց  իմ հող ու ջրի, իմ երեխեքի կողքին լինեմ»,- ասում է գյուղապետի տեղակալ Ալբերտ Ծատուրյանը:

Ռուսական ռուբլի-դոլար-դրամ տատանումներից տուժածներից մեկն էլ Փլուզյանների ընտանիքն է: «Տղես գնում էր խոպան, դրա հաշվին ապրում էինք: Քանի տարի գնացել ա: Էս տարի ռուսականի կուրսը որ իջավ, մի երկու կապեկ էր բերել, էդ էլ էժան գնով մանրինք, գնաց: Էս կուրսով ի՞նչ անի, ծխի՞, խմի՞, ուտի՞, թե՞ ուղարկի մենք ապրենք,- ասում է 70-ամյա Մամիկոն Փլուզյանը,- էս տարի տղես հլա կասկածավոր ա, գնա, թե՝ չէ: Ասում են էնտեղ էլ գործ չկա: Երկու ջրի արանքում ենք մնացել»:

Մամիկոն պապը պատմում է, որ չնայած գարունը կիսվել է, բայց գյուղում շատերը դեռ չեն կողմնորոշվում, գնալ, թե մնալ, մանավանդ որ խոպանչիներից ոմանք անցած տարի աշխատած գումարն էլ դեռ չեն ստացել:

Աշխատանք գյուղում առանձնապես չկա: «Գյուղում ի՞նչ աշխատատեղ»,- զարմանում է գյուղապետը: Եղած մի քանի աշխատատեղերը գյուղապետարանում ու դպրոցում են:  Այս տարվա ապրիլի սկզբին բացված մանկապարտեզում էլ 5 աշխատեղ է բացվել: Գյուղացիների շուրջ 30 տոկոսը վարկ ունի վերցրած:

«Շատ-շատերն են վարկի տակ: Օրեցօր գալիս են գյուղապետարան՝ վարկի համար տեղեկանք վերցնում»,- ասում է գյուղապետի տեղակալը, վստահեցնելով, որ վարկերի մարման ժամանակ ուշացումներ թեև լինում են, սակայն գյուղում դեռ ոչ ոք իր տունը չի կորցրել վարկը չմարելու պատճառով:

«Խմելու ջուր չունենք, դրա անհրաժեշտությունը շատ-շատ մեծ է: Սանէպիդկայանից բազմաթիվ անգամներ եկել, ջրի նմուշը վերցրել, ստուգման են ենթարկել ու պարզվել է, որ մենք մանրէներով հարուստ ջուր ենք օգտագործում, որը խմելու համար պիտանի չէ»,- ասում է գյուղապետը:

Գյուղացին խմելու ջուր օգտագործելու համար այն պետք է նախ եռացնի: «Գյուղացին հոգնած եթե աշխատանքից գա, ուզի  մի բաժակ ջուր խմի, ասենք՝ սպասի եռացնենք-հովացնենք, որ խմե՞ս: Բնականաբար, այդպես, առանց եռացնելու էլ խմում է: Ու վտանգը մեծ է, որ համաճարակ էլ կլինի»,- ասում է գյուղապետը:

Նախնական հաշվարկներով՝ ջրագիծ անցկացնելու համար անհրաժեշտ է շուրջ 120 մլն դրամ: Խմելու ջրի ջրագիծ անցկացնելու համար գյուղապետը դիմել է ՀՀ կառավարությանը, Լոռու մարզպետին: «Հրատապ ծրագրում ընդգրկված ենք: 2008-ից ծրագրի մեջ ենք, տեսնենք մեր մարզպետն ի՞նչ կանի: Հույսներս կապում ենք մեր մարզպետարանի, մեր մարզպետի հետ,- նշում է գյուղապետը,- մեծ թիվ է, էլի: Ոչ մարզպետն է մեղավոր, ոչ էլ մենք: Մի հովանավոր էլ է պետք, էլի: Այդքան գումարը ներդնելու համար ինչ-որ մեկը տեր կանգնի, մենք մեր կողմից դնենք, մարզպետարանն էլ իր կողմից, որ մի բան դուրս գա»:

Գյուղում չի բավարարում ոռոգման ջուրը: «Ես էն կռան թաղում եմ ապրում, ամառը որ գաս տենաս… Մի կռուշկա ջրի հմար է՜, կիլոմետրերով գնում եմ, որ ջուր բերեմ, խմենք: Խմե՞նք, թե հլե իմ հարսը լվացք անի»,- դժգոհում է գյուղացիներից մեկը:

Ոռոգման ջրի համար գյուղացիները հաճախ են վիճում: Վեճերը թեժանում են հատկապես ամռանը, երբ ժամանակին չջրելու դեպքում գյուղացին կանգնում է բերքը կորցնելու վտանգի առաջ:

«Ոռոգման շրջանում վերևի թաղերում մեծամասամբ ջուրը կտրում են, ներքևի թաղին ջուրը չի հասնում: Խնդրելով, վիճելով, փորձում ենք հարթել»,- ասում է գյուղապետը:

Գյուղի վերջին դրական փոփոխությունը շուրջ մեկ ամիս առաջ բացված   մանկապարտեզն է: Գյուղապետարանն ու մանկապարտեզը գործում են նույն շենքում: Ու թեև շենքը դեռ 2013-ին էր կառուցվել՝ 36 մլն ՀՀ կառավարության ու 12 մլն դրամ համայնքի համատեղ ներդրմամբ, սակայն մանկապարտեզը հնարավոր չէր լինում գործարկել գույքի բացակայության պատճառով:

3.5 մլն դրամ արժողությամբ գույքը հնարավոր է եղել գնել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ու համայնքի համատեղ ներդրման արդյունքում:

«Մանկապարտեզի կարիք գյուղը շատ ուներ:Էստեղից երեխաներին տանում էին Վանաձոր: Հիմա այստեղ կբերեն: Արդեն 17 երեխա ունենք»,- նշում է գյուղապետը:

2000թ.-ին կառուցված գյուղի դպրոցում 176 աշակերտ է սովորում: Դպրոցը մարզադահլիճ  չունի:

«Շատ մարզիկներ ունենք, որ գնում են քաղաքում պարապելու: Վերջերս միջադեպ եղավ. ուշ ժամի մարզումներից հետ գալիս երեխային մեքենան խփել էր»,- ասում է  գյուղապետի տեղակալը: Գյուղը մարզական հաջողություններ ունեցող մարզիկներ  ունի: Տեղակալը վստահ է՝ մարզադահլիճի առկայության դեպքում դրանք ավելի շատ կլինեն:

Գյուղում ծնելիության ցուցանիշը ցածր է: «Ծնունդները շատ են պակասել: Տարին 8 երեխա, 10 երեխա 420 տնտեսությունից: Առաջ տարին 16-18 ծնունդ էլ ենք ունեցել»,- ասում է Ս. Հարությունյանը:

Մահվան դեպքերի թիվն ավելի բարձր է. տարեկան գրանցվում է միջինը 10-12 մահ:

Թե ծնունդների, թե մահվան դեպքում գյուղապետը կամավոր լիազորությունների շրջանակում դրամական աջակցություն է հատկացնում ընտանիքներին.առաջին երեխայի դեպքում տրվում է 5.000, երկրորդի դեպքում՝ 10.000, 3-րդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 15.000 դրամ:  30.000 դրամ էլ տրվում է հարազատի մահվան դեպքում: Սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվում է դրամական աջակցություն  մինչև 30.000 դրամի չափով: 2014թ.-ին կամավոր լիազորությունների շրջանակում հատկացել է 800.000 դրամ:

Համայնքի 2015թ.-ի տարեկան բյուջեն կազմում է 42 մլն դրամ: Կամավոր լիազորությունների համար նախատեսված է 1 մլն դրամ:  

Այս տարի փոխվել է համայնքապետերի կամավոր լիազորությունների շրջանակներում հատկացվող դրամական աջակցության կարգը: Եթե նախկինում հատկացվող գումարի անհրաժեշտությունն ու չափը որոշում էր համայնքապետը, այժմ որոշելու իրավունքը պատկանում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովին:

Նոր մոտեցումը, սակայն, Բազումի գյուղապետի սրտով չէ: Ասում է. «Կամավոր լիազորութունները փոխեցին էն էլ ինչ ձևի: Մարդը հացի փող չունի: Դիմում է, խնդրելով օգնել: Մահվան դեպքում տերը գալիս է, դիմում գրում, թե կինս կամ տղաս մահացել է, խնդրում եմ դնեք քննարկման: Էս օրենքը հանողը շատ սխալ է արել, որ հանել է: Ես օրինակ վատ եմ զգում, որ գալիս դիմում են, ասում եմ դե մի հատ էլ դիմում գրի, որ որդիդ մահացել է, որ ես դնեմ քննարկման…Ասում եմ՝ սպասի՝ խորհուրդը քննարկի, սպասի՝ եռամսյակի վերջում էլ ավագանու նիստ անեմ…Էդ մարդը ինչքա՞ն սպասի: Էստեղ են ասել. մինչև դատարկ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter