HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանությունը «խաղալիքներ» է բաժանում

Գեւորգ Լալայան

Ամենայն հավանականությամբ, խոսքի եւ գործի հակասության ֆենոմենը՝ բազմաթիվ իր ածանցյալներով հանդերձ, մարդկությանն ուղեկցել է նրա պատմության ողջ ընթացքում: Այդ թեմայով հատուկ ուսումնասիրության չեմ հանդիպել, բայց կարծում եմ՝ խոսքի ու գործի միջեւ այս կամ այն չափով խզում կարող է լինել: Ի վերջո, խոսքը եթերային հասկացություն է, գործը՝ նյութեղեն, եւ երկուսի միջակայքում հնարավոր են որոշակի տարամիտումներ:

Ցավալին այն է, որ երեւույթը մեր օրերում ահագնացել, իսկ վերջին երկու տասնամյակում աննախադեպ չափերի է հասել հատկապես պետական մակարդակում: Որքա´ն բարձրագոչ խոստումներ, սնամեջ հայտարարություններ, հրապուրիչ նախագծերի հավաստիացումներ ասես, որ չշռայլեցին հայրենի իշխանավորները: Ի´նչ «կենտրոն»-ներ ասես, որ չփորձեցին «կցել-կցմցել»՝ Հայաստանը հռչակելով մերթ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, մերթ՝ տուրիստական, մերթ՝ ֆինանսական… բայց իրապես որեւէ կենտրոն մեր երկիրն այդպես էլ չդարձավ, եւ խոսքը միշտ մնաց, ինչպես ասում են, «ձայն բարբառո յանապատի»:

Ամենաթարմ օրինակը վերջերս ազգին ուղղված «աչքալուսանքն» էր, թե Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու էներգետիկայի տարածաշրջանային կենտրոն: Խնդրեմ, հիմա էլ էներգետիկ կենտրոն, այն էլ` տարածաշրջանային: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իրատեսական համարեց կենտրոնի գաղափարը՝ վկայաբերելով բարեկամ Չինաստանից խոստացված ներդրումները:

«Չինական ընկերության կողմից կառուցվելիք գազատուրբինային կայանում արտադրված էլեկտրաէներգիան գրեթե երեք անգամ էժան է լինելու Հրազդանի ՋԷԿ-ում արտադրվողի համեմատ»,- հանրությանը լուսաբանեց հանձաժողովի նախագահը: Սովոր չլինեինք սույն պաշտոնյայի մեծ-մեծ «բրդոցներին», կարելի էր հավատալ եւ ուրախանալ` ի վերջո, կենտրոն դառնալն ու չինացիների օգնությունը թույլ կտային խուսափել էլեկտրաէներգիայի սակագնի մոտալուտ թանկացումից: Բայց ով-ով, տառապանքի փորձ ունեցող հայաստանցիներս լավ գիտենք, որ էժան հոսանքը շա~տ կլիներ սպառողների համար: Մանավանդ՝ եթե պարոն Այվազյանը մեկնաբանելիս ցուցամատը տնկել է օդում:

Իսկ «կենտրոնախաղը», պարզվում է, միակ նմուշը չէ իշխանության այն «խաղալիքների» ցանկում, որ ժամանակ առ ժամանակ հրապարակ է նետվում` հանրությանը բաժանելու կամ, որ նույնն է, նրան զբաղեցնելու համար: Խոսքի եւ գործի հակասության ախտը սկսել էր զուգահեռաբար մետաստազներ տալ նաեւ «գերակա ճյուղ» կոչվող «խաղալիքի» տեսքով: Հազիվ թե հնարավոր լինի մեկառմեկ թվարկել բոլոր այն ոլորտները, որոնք սկսած 2000-ականների սկզբից, հայտարարվում էին գերակա ճյուղեր: Իսկ հարցը, թե ինչ է շահում ժողովուրդն այդ «գերակայությունից», միշտ անպատասխան էր թողնվում, ինչը նույնպես պատասխան է: Ընդ որում` բավական խոսուն:

Ամենասկզբից գերակա ճյուղ էր հռչակվել շինարարությունը` շատերը կհիշեն, դա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք էր: Հյուսիսային պողոտայի աջուձախ կողմերին, որտեղ տեւապես կառուցման հեւքն էր թեւածում (եթե չասենք` կառուցման տենդը), իրար հետեւից հառնում էին էլիտար շենքեր, որոնք, սակայն, բարձր գների պատճառով անմատչելի էին բնակչության 70-80 տոկոսի համար: Շահագործման հանձնված բնակարաններում, անգամ տարիներ անց, երեկոյան ժամերին հատուկենտ լույսեր էին վառվում:

Փաստացի՝ ներդրվում էին նյութական ու ֆինանսական վիթխարի միջոցներ, արձանագրվում էր բաղձալի երկնիշ տնտեսական աճ, բայց միջին վիճակագրական հայաստանցին սեփական մաշկի վրա երբեք չէր զգում աճի դրական ազդեցությունը: Ավելին` շինարարության ճյուղի «գերակայությունը», ինչպես ավելի ուշ խոստովանեցին նույնիսկ իշխանավորները, դարձավ մեր տնտեսության փլուզման լրջագույն պատճառներից մեկը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ խախտվել էր պարզագույն մի կանոն՝ ազատ տնտեսական հարաբերությունների պայմաններում ոլորտի գերակայությունը որոշողը շուկան է: Ուրիշ ոչ ոք:

Չնայած դրան, վարչակարգը չհրաժարվեց խնդիրը կառավարական շրջանակներում որոշելու անհեթեթ գործելակերպից: Այդպես՝ «օդի մեջ» գերակա ճյուղեր հայտարարվեցին ճշգրիտ ճարտարագիտությունը, զբոսաշրջությունը, գյուղմթերքի վերամշակումը, դեղագործությունը, սննդի արդյունաբերությունը, ոսկերչությունը, լեռնային հանքարդյունաբերությունը… Է, հետո՞: «Հետո»-ն եղավ այն, որ տնտեսական արդյունքը կրկին զրոյական նիշից չբարձրացավ: Համենայն դեպս՝ երկրի բյուջեի եւ ժողովրդի գրպանի պարունակության առումով:

Վերցնենք, թեկուզ, լեռնային հանքարդյունաբերությունը: Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ճյուղը հայտնվեց զարգացման առաջնահերթությունների ծիրում: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ըստ իր նախասիրության վերաբաշխեց հանքերի շահագործման արտոնագրերը, իսկ Բնապահպանության նախարարությունը «կանաչ լույս» վառեց անխտիր բոլոր ծրագրերի առջեւ (դարձյալ խա՞ռն էր Վարդան Այվազյանի մատը)՝ որքան էլ դրանք աղետ ու ավեր սփռեին շրջակա միջավայրում:

Վերջնարդյունքում ոչնչացան տարածքահոծ անտառներ ու հանդակներ, ապականվեցին հողն ու ջուրը, աղտոտվեց օդը: Փոխարենը գերշահույթներ ստացան իշխանական լծակների տիրապետող կամ լավ թիկունք ունեցող մի քանի տասնյակ ընտրյալներ, որոնք, մեծ հաշվով, թքած ունեն բնությանը եւ մարդկանց հասցված անդառնալի վնասների վրա, եթե մեջտեղը մեծ փողեր են պտտվում: Ակնհայտ էր, որ «գերակա ճյուղ» հորջորջվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակությանը հասցեագրված հերթական «խաղալիք»:

Արդյունաբերություն զարգացնելու իրական մտադրություն ունեցող իշխանությունը ոչ մի դեպքում «Նաիրիտի» պես քիմիական երբեմնի հսկայի ու հայկական արդյունաբերության հպարտության «հերը չէր անիծի»՝ անխնա թալանելով գործարանը, «յուրային» օլիգարխների համար մենաշնորհ չէր սահմանի եւ, ընդհանրապես, երկրի տնտեսության սանձերը չէր տա Ռուսաստանի ձեռքը: Պարզ է, որ մտադրությունն անկեղծ չէ:

Լիներ անկեղծ` այսքան ժամանակ կառավարությունը գոնե «Նաիրիտի» ու նրա հազարավոր աշխատողների ճակատագրերի հետ անամոթաբար չէր խաղա: Մարդկանց էլ «խաղալիք» չէր դարձնի: Եվ ամենաբարձր մակարդակով խոսքը քամուն չէր տա: Ահավասիկ փոքրիկ մի մեջբերում 2014թ. փետրվարի 15-ին ԵԿՄ 10-րդ համագումարում Սերժ Սարգսյանի խոսքից. «Մենք, եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա անկախ որեւէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում»:

2014-ն ավարտվել է չորս ամիս առաջ, սակայն նոր «Նաիրիտի» կառուցումն այդպես էլ չի սկսվել: Հավանաբար՝ «մոլորության մեջ գցելով» նաիրիտցիներին, դարձյալ խանգարել են «որոշ սադրիչներ»: Այսինքն՝ համարձակվել են չհավատալ իշխանության խոստումներին: Ա՛յ, եթե հավատային…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter