HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ոչ վերբալ պահվածք. Էդվարդ Նալբանդյան

«Հետքը» շարունակում է նեկայացնել նախարարների ոչ վերբալ պահվածքը։ Այս անգամ կանդրադառնանք Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։

Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին գործերի նախարար է 2008թ.-ից։ 2012թ. վերանշանակվել է։ Էդվարդ Նալբանդյանը թեև հաճախ է ելույթ ունենում, սակայն դրսևորում է դիվանագետին հատուկ զուսպ պահվածք՝ թաքցնելու կամ վերահսկելու համար բոլոր էմոցիաները։

Բազային պահվածք

Ի տարբերություն Արտեմ Ասատրյանի՝ Էդվարդ Նալբանդյանն ունի հատուկ մշակված պահվածք. լինելով երկրի արտաքին գործերի նախարար՝ նա ինչ-որ առումով երկիր է ներկայացնում և առավելագույնս փորձում է ցույց չտալ իրական զգացմունքները։

Ուստի նրա բազային պահվածքը նախ և առաջ պետք է դիտարկել իբրև Նալբանդյան- նախարարի, այլ ոչ թե Նալբանդյան-մարդու  տեսանկյունից։ Չնայած՝ հաճախ կիրառվող միմիկաները, ժեստերն ու զսպվող էմոցիաներն ազդում են  մարդու բազային պահվածքի վրա՝ժամանակի ընթացքում  դրոշմվելով նրա դեմքին։
Օրինակ՝ Էդվարդ Նալբանդյանը տարբեր իրավիճակներում ունենում է դեմքի այսպիսի միօրինակ արտահայտություն, ինչը դժվարացնում է հստակորեն կռահել նրա էմոցիաները։

Ո՞ր նկարում է պարոն Նալբանդյանը ուրախ, տխուր, զայրացած, զարմացած, վախեցած, մտահոգ։ Համաձայնեք, որ այս նկարներից դժվար է գլխի ընկնել։

Նա պատկանում է այնպիսի մարդկանց թվին, ովքեր չափազանց պասիվ ոչ վերբալ պահվածք են դրսևորում։ Սա կարելի է բացատրել նրա զբաղեցրած պաշտոնով և դասակարգել «դիվանագիտական պահվածքի» շարքին։ Բայց  տարբեր երկրների արտգործնախարարներից բոլորը չէ, որ նման «Չ»արտահայտիչ ոչ վերբալ պահվածք ունեն: Օրինակ՝ Ռուսաստանի նրա կոլեգա Սեգեյ Լավրովը:

Թեև նա էլ շատ լավ գիտակցում է ոչ վերբալ պահվածքը վերահսկելու նշանակությունը, սակայն, այդքանով հանդերձ, նրա պահվածքը նման է շփման ժամանակ մարդու սովորական պահվածքին, ինչը մեծացնում է վստահությունը նրա անձի հանդեպ և դարձնում  կերպարն ավելի անկեղծ։

Այդպիսին էր երևում նաև Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ի տարբերություն Նալբանդյանի և Լավրովի, նա հաճախ էր ժպտում, իսկ մենք գիտենք, որ ժպիտը դրական էմոցիա է, որը կամա թե ակամա ազդում է կերպարի ընկալման վրա։

Կրկնօրինակում կամ պահվածքի պրոեկցիա 

Ձեռքերը գրպանում դնելը կարող է ունենալ տարբեր նշանակություն՝ կախված դիրքից և ձևից։ Մի դեպքում՝ այն վախի, մյուս դեպքում՝ դուր գալու, մեկ այլ դեպքում՝ ինչ-որ բան թաքցնելու կամ այլ նշան է։

Պահվածքի կրկնօրինակում


Այստեղ մենք տեսնում ենք մի ձեռքը գրպանում և ուղիղ քայլվածք։ Սա վստահություն արտահայտող նշան է։ Բացի այդ՝ պաշտոնյաները կրկնօրինակել են միմյանց պահվածքը։

Առհասարակ մարդիկ սովոր են անգիտակցաբար կրկնօրինակել այն մարդու պահվածքը, ում հավատում են, վստահում, համարում են ավելի հեղինակավոր։ Եվ մեկի ոչ վերբալ պահվածքը պրոյեկցվում է մյուսի վրա։ Օրինակ՝ երեխաները հաճախ են կրկնօրինակում մեծերի պահվածքը կամ ասածները։

Պատկերավորիչներ և հանգստացնող ազդակներ

Պատկերավորիչների կիրառման հարցում Էդվարդ Նալբանդյանը ևս բավականին զուսպ է։  Վիեննայում, խոսելով «անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչման» կարևորության մասին, նա ոչ մի էմոցիա, նույնիսկ ձայնային պատկերավորիչ  չի կիրառում։ Այդ իսկ պատճառով ստեղծվում է շարադրություն ընթերցելու տպավորություն, որը դիմացինի վրա ցանկալի ներգործություն չի կարող ունենալ։ Բացի այդ, նա լարված է, գտնվում է ոչ հարմարավետ գոտում, ինչը մենք տեսնում ենք, երբ Է. Նալբանդյանը ելույթի ժամանակ մարմինը հետ է տանում՝ փորձելով մեծացնել հեռավորությունը իր և զրուցակիցների միջև։ Սա արդեն մեզ  ծանոթ «վազի՛ր» ազդանշանի պատասխանն է։ 

Միատոն խոսք, փախուստ


Առանց ձայնային պատկերավորիչների և վիզուալ կոնտակտի հաստատման՝ նա խոսում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի՝ «թոզ փչելու» փորձերի մասին։ Խոսքի վերջում, սակայն, հերքելով  դրա «օգտակարությունը» , Նալբանդյանը դրսևորում է անվստահության և կասկածի ազդակներ (անհամապատասխանություն)։

Միատոն խոսք, անվստահություն


Փախուստի ազդանշանը՝ «քայլերը տեղում», երևում է մեկ այլ դեպքում, երբ Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում լրագրողների առջև՝ ներկայացնելով արտգործնախարարության գործունեությունը։  Սա, միանշանակ, լարվածության նշան է, քանի որ ուղեկցվում է ակնոցն ուղղելու հանգստացնող ազդակով։

Հանգստացնող ազդակ. փախուստ


Վստահ տեսք ունենալու և լարվածությունը թուլացնելու համար Նալբանդյանը նաև կիրառում է լայն հենած ձեռքերը՝ մեծացնելով իր հենման տարածքը։

Պատկերավորիչների օգտագործումը շատ կարևոր է. խոսքի և զգացածի համապատասխանությունն ընդգծելուց բացի, դրանք վստահություն են ստեղծում թե՛ ասածի և թե՛ ասողի նկատմամբ։

Վիզուալ կոնտակտ

Ինչպես տեսանք  3-րդ տեսանյութում, պատասխանի ժամանակ չկար վիզուալ կոնտակտ, հայացքը որոնողական էր ու չֆիքսված։ Այնինչ զրուցակցի հետ վիզուալ կոնտակտի հաստատումը ևս չափազանց կարևոր է. բացի վստահության մթնոլորտ ստեղծելուց, վիզուալ կոնտակտը նաև հավատ է ներշնչում ասածի նկատմամբ, և հակառակն է տեղի ունենում դրա բացակայության դեպքում։
Էդվարդ Նալբանդյանն իր գործի բերումով շատ է ելույթներ ունենում և առավելապես ոչ հայ ուկնդիրների համար։

Վիզուալ կոնտակտի բացակայության պատճառներից մեկն էլ այն է, որ նախարարը ելույթների ժամանակ հաճախ ընթերցում է իր խոսքը, ինչն ավտոմատացնում է շփման գործընթացը՝ նմանեցնելով այն դպրոցական շարադրության ընթերցման։

«Չէմոցիաները»

Էդվարդ Նալբանդյանի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես են մի շարք պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ դասեր անցնում՝ սովորելու կառավարել և ճիշտ դրսևորել իրենց ոչ վեբալ պահվածքը։ Ոչ մի էմոցիայի չդրսևորումն էլ կարող է լինել էմոցիայի դրսևորման տեսակ, և դա  բնորոշ է մարդկանց որոշակի խմբերի։ Սակայն երբ մարդը պետություն է ներկայացնում, չափազանց զսպվածությունն ու էմոցիաների ժլատ դրսևորումը, կամ ավելի ճիշտ՝ չդրսևորումը բացասական ազդեցություն կարող են  ունենալ՝ ստեղծելով անտարբեր, սառը, անվստահ, չշահագրգռված (և այլն) մարդու կերպար։ Իսկ այդ կերպարն, անշուշտ, ասոցացվում է այն երկրի հետ, որն այդ մարդը ներկայացնում է։

 Նյութում օգտագործված են հատվածներ «Երկրի մեդիա»-ի (1), «Panorama.am»-ի  (2), «Yerevan Today»-ի (3), «Այսօր» Panarmenian News ATV-ի (4) տեսանյութերից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter