HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր ժամանակակից սպանդանոց

Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում այսօր տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը, որին ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը,  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու  Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը,  Սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  տարբեր միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Սպանդանոցը հիմնվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի Հանրապետության կառավարության  ֆինանսավորմամբ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակում կառուցվել են ևս  4 տիպային սպանդանոցներ Զառիթափ, Արզնի,  Օձուն և Մայակովսկի համայնքներում:

«Նմանատիպ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը  հնարավորություն է տալիս կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները, սպառողների համար առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել և աստիճանաբար նվազագույնի հասցնել բակային մորթը»,- ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում:

Նախարարը  կարևորել է այս ոլորտում Հունաստանի կառավարության հետ  առկա համագործակցության արդյունավետ փորձը և աջակցությունը` նշելով, որ սպանդանոցների կառուցումը շարունակական է լինելու, և նախարարությունն իր առջև խնդիր է դրել հանրապետության բոլոր մարզերում նմանօրինակ սպանդանոցներ հիմնել:

«Հունական կողմը ողջունում է սպանդանոցների բացումը,-  նշել է  Իոաննիս Տայիսը,- մենք ուրախ ենք, որ իրականացված ֆինանսական ներդրումները  կխթանեն ազգային հաստատությունների կարողությունները` ուղղված որակյալ մսի և մսամթերքի արտադրությանը»:

Դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների գործընկերությամբ Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում, այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ծրագիր, որն առնչվում է թունաքիմիկատներին և  մնացորդային քանակների որոշմանը` համոզմունք հայտնելով, որ երկուստեք փոխշահավետ համագործակցությունը հետագայում նույնպես կշարունակվի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter