HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ կոնյակագործների կրած վնասներն ավելացել են, արտադրությունը՝ նվազել

Սեդա Հերգնյան

Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են: Այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին, մեր երկրում արտադրվել է 1,54 մլն լիտր կոնյակ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 31,3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները (ՀՀ ԱՎԾ):

Կոնյակի արտադրությունը Հայաստանի տնտեսության այն ոլորտներից  է, որը մեծ կախում ունի ռուսական շուկայից: Հայկական կոնյակի շուրջ 90%-ն արտահանվում է: Ընդհանուր արտահանվածի  80%-ը գնում է Ռուսաստանը, որի տնտեսական զարգացումները մեծապես ազդում են հայաստանյան այս շուկայի վրա:

Համաձայն ԱՎԾ-ի՝ կոնյակի արտադրությունը Հայաստանում 2014-ին, 2013-ի համեմատ, ևս կրճատվել է (8,1%-ով` կազմելով 18,7  մլն լիտր):

Արձանագրված անկումը մասնագետները բացատրում են հենց Ռուսաստանի տնտեսության կրած կորուստներով: Ընդամենը օրեր առաջ ՌԴ  վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ռուսական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Պետդումայում հայտարարել է, որ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը կրել է 25 մլրդ եվրոյի վնաս: Պատժամիջոցները և նավթի գների անկումը հանգեցրել են ռուբլու արժեզրկմանը, որը սկսվել է 2014-ի նոյեմբերից: Դրա պատճառով հայ արտահանողները, որոնք ռուսական շուկային կոնյակը վաճառում են ռուբլով, ստացել են արդեն արժեզրկված ռուբլի, պակասել են նրանց եկամուտները: Արտահանողների մի մասն էլ դոլարով են վաճառում, բայց նրանց էլ վճարել են ուշացումներով: Դրան էլ գումարվել են Հայաստանում վարկավորման ոլորտում առաջացած խոչընդոտները:

Այս տարվա առաջին եռամսյակում ռուբլու արժեզրկումը շարունակվել է, ինչը նշանակում է, որ հայ կոնյակագործների կրած վնասներն ավելացել են: Ինչպես նշեցինք, պաշտոնական տվյալներով, նվազել է կոնյակի արտադրությունը: Դա նշանակում է, որ այն արտադրողները, որոնք իրենց կոնյակի մեծ մասն արտահանում են Ռուսաստան, նվազեցրել են արտադրության ծավալները: Մեր տեղեկություններով՝ որոշ արտադրողներ սպասելու քիչ ժամանակ ունեն և եթե առաջիկա ամիսներին վիճակը չկայունանա, ստիպված կլինեն դադարեցնել կոնյակի արտադրությունը: Տրամաբանական է, որ եթե  ռուբլու արժեզրկումը շարունակվի, նրանց կրած վնասներն ավելի կխորանան: Որպես կանոն՝ նման իրավիճակներում տուժում են հատկապես փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց կրած վնասները թույլ չեն տալիս շարունակել արտադրությունը կամ զգալի նվազեցնում են այն: Այդ դեպքերում խոշոր արտադրողների եկամուտները, որոնք ևս քիչ չեն նվազում ռուբլու արժեզրկումից, թույլ են տալիս ռուսական շուկան չկորցնելու և իրենց խոսքով՝ ցանցից դուրս չգալու համար, գոնե, զրոյական օգուտներով շարունակել արտահանումը՝ սպասելով վիճակի բարելավմանը:

Ռուբլին այժմ կայունացման միտումներ է դրսևորում: Եթե մարտի 1-ի դրությամբ, ըստ ՌԴ կենտրոնական բանկի, 1 դոլարն արժեր 61,27 ռուբլի, ապա ապրիլի 27-ին՝ 50,24 ռուբլի: Այսինքն ռուբլին արժևորվում է: Դա միայն լավ է հայ կոնյակագործների համար: Եթե շարունակվի այդ միտումը, փակման եզրին կանգնած ընկերությունները կարող են աստիճանաբար վերականգնվել: Սակայն դրա համար հարկավոր են նաև հարկային արտոնյալ պայմաններ: Քանի որ կոնյակ արտադրող ընկերությունների մեծ մասն արտադրում է նաև գինի, ռուբլու հետ կապված գրեթե նույն պատկերն է նաև գինու շուկայում: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն հայտարարել է, որ իրենք դիմելու են ՀՀ կառավարություն՝  փոքր և միջին բիզնեսի գինեգործների և կոնյակագործների համար արտոնյալ վարկեր ստանալու խնդրանքով: Տուժած արտահանողներին արտոնյալ վարկեր տրամադրելու հարցը բարձրացրել է նաև Գործատուների միությունը, սակայն առայժմ որևէ որոշում չկա:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության և արտահանման ծավալներն անընդմեջ աճել են:

Ոգելից խմիչքների արտադրությունն ու արտահանումը ՀՀ տնտեսության համար այսօր  հեռանկարային է համարվում՝ որքան էլ, որ միտումները բացասական ֆոնին լինեն: Հատկապես հայկական կոնյակը աշխարհում գնահատվում է համային և որակական հատկանիշների շնորհիվ ու իր ռազմավարական նշանակությունը պահպանել է տասնամյակներ շարունակ:  2010-ին 11 ընկերություններ պայմանագիր են կնքել, որի հիման վրա կազմավորվել է Հայկական կոնյակագործների միությունը: Այդ ընկերություններն են՝ «Երևանի կոնյակի գործարանը», «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը», «Արտաշատ-Վինկոնը», «Գրեյթ Վելլին», «Ավշարի գինու գործարանը», «Շահնազարյան» գինու-կոնյակի տունը»,  «Ստեփանակերտի կոնյակի գործարանը»,   Արարատի կոնյակի գործարանը «ԱԿԶ», «Տավինկո» գինու-կոնյակի գործարանը», «Արեգակ» կոնյակի գործարանը» , «Վեդի Ալկոն»: Հետագայում նրանց  միացել են նաև Հայ գինեգործների միությունը` ի դեմս նախագահ Ավագ Հարությունյանի և «Պռոշյանի կոնյակի գործարանը»:

Նշենք, որ հայկական կոնյակ  արտահանվում է նաև Իրաք, Ղազախստան, ԱՄԷ, Գերմանիա, ԱՄՆ, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Մերձբալթյան երկրներ, Չինաստան և այլն: Այդ երկրներին միասին բաժին է հասնում Հայաստանից արտահանված կոնյակի ընդամենը 20%-ը: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից ավելի շատ կոնյակ է արտահանվում, քան մոլիբդեն, ոսկի և ադամանդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter