HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի եւ Լոռու մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկվեց համայնքների խոշորացման ծրագիրը

Գայանե Սարգսյան 

Ապրիլի 28-ին Վանաձորում քննարկվեցին համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին վերաբերող հարցեր՝ Տավուշի եւ Լոռու մարզերից ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Մայիսի 17-ին երկու մարզերից խոշորացման ծրագրում ընդգրկված համայնքներում նախատեսվում է անցկացնել հանրաքվե, պարզելու համար խոշորացման վերաբերյալ բնակչության կարծիքը:

«Հետքի» հարցին՝ հաշվի առնվելո՞ւ են հանրաքվեի արդյունքները, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը պատասխանեց. «Հանրաքվեի արդյունքները հաշվի են առնվելու, որովհետեւ դա հանրապետության նախագահի հանձնարարականն է, որը տրվել է երկու տարի առաջ, Ջերմուկում տեղի ունեցած գյուղական համայնքների համաժողովի ժամանակ: Չնայած ՀՀ սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը կարող է հանրաքվեի արդյունքները հաշվի չառնել, բայց մենք հակված ենք, որ արդյունքները դրական լինեն: Բայց եթե բնակչության մեծամասնությունը դեմ եղավ՝ խոշորացման չենք գնա»:

Հիշեցրինք, որ օրեր առաջ լրագրողների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, «Հայաստանի ֆինանսիստների միավորում» h/կ նախագահի տեղակալ Դավիթ Թումանյանը նշել էր, որ հանրաքվեի արդյունքները հաշվի չեն առնվելու: Ի պատասխան Ա. Գիլոյանը պատասխանեց. «Այո, այդպես է գրված Սահմանադրությունում, բայց կառավարությունը տրամադրված է, որ հաշվի առնվի, որովհետեւ մեր բնակչության կարծիքը մեզ համար կարեւոր է»: Վերջինս վստահեցրեց, որ բնակչության կեսից ավելիի դեմ լինելու դեպքում խոշորացման ծրագիրը չի իրականացվի:

Համայնքների խոշորացման ծրագրից Ա. Գիլոյանի սպասելիքները մեծ են: «Գյուղական համայնքները չեն զարգանում, սա մի շանս է, որ զարգացնենք»,- նշեց նա: Ինչ վերաբերում է հնարավոր բացասական ռիսկերին, վարչության պետն այդպիսիք չի տեսնում: «Այն բոլոր տեսակի հանրային ծառայություն մատուցող հիմնարկները, որոնք մեր համայնքներում կան, չեն խոշորանալու: Այսօր գործող դպրոցների, մանկապարտեզների, գրադարանների, մշակույթի տների խոշորացում չի լինի: Խոշորանում է միայն ու միայն համայնքապետարանը, այսինքն՝ կառավարման ապարատը»: 

Խոսելով խոշորացման արդյունքում հատկապես փոքր համայնքների հնարավոր ձեռքբերումներից, Ա. Գիլոյանը բերեց Դիլիջանի ու Աղավնավանքի օրինակը. «Դիլիջանի բյուջեն 505 մլն է, Աղավնավանքինը՝ 5 մլն, հիմա դուք ի՞նչ եք մտածում: Դիլիջանը այդ 5 մլն-ի վրա ա՞չք ունի: Նման խնդիր չի կարող լինել: Ընդհակառակը, Դիլիջանի մեծ գումարները հիմք են հանդիսանալու, որպեսզի Աղավնավանքը, մյուս փոքր համայնքները ներդրումային ծրագրերում ներգրավվեն: Ծրագրերի ժամանակ 10% համաֆինասավորման գումարը, ցավոք, մեր փոքր համայնքները չունեն: Համաֆինանսավորումը թե՛ պետական, թե՛ միջազգային ծրագրեր իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է»:

Տավուշի մարզ Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը կողմ է համայնքների խոշորացմանը: «Աղավնավանքը փոքր համայնք է, բյուջեն բավականին սուղ, այդ բյուջեով հնարավոր չէ ինչ-որ աշխատանքներ իրականացնել: Եթե խոշորացման արդյունքում պլանավորվածն իրականանա, հնարավոր է, մեր փոքր համայնքներն էլ կարողանան «ոտքի կանգնել»: Չնայած հիմա հստակ ինչ-որ բան չունենք, որ համոզված լինենք դա (նկատի ունի փոփոխությունները-Գ·Ս·)  լինելու է: Մենք խոսում ենք պլանավորածի մասին: Այն,  ինչ պլանավորած է, իհարկե, ողջունելի է»:

Վ. Գրիգորյանը ծրագրին կողմ է նաեւ այն պատճառով, որ ավելի վատ ուղղակի չի կարող լինել: «Սրանից վատ չեմ էլ պատկերացնում: Փորձենք առաջ գնալ: Ամենավատ տեղում ենք, սրանից հետքայլ էլ չկա: 302 բնակչություն ունեցող համայնքի բյուջեն 5 մլն 110.000 դրամ է: Հազիվ վարչական աշխատակազմի աշխատավարձն ենք վճարում ու կոմունալ վճարները»,- նշում է համայնքապետը:

Խոշորացման պիլոտային ծրագրով Թումանյանի փնջում կընդգրկվի 7 համայնք, կենտրոնը կլինի Թումանյանը: Մեր հարցին՝ կողմ եք, թե՞ դեմ ծրագրին, Թումանյանի համայնքապետ Լեւոն Զավարյանը պատասխանում է· «Կառավարության որոշում է, ո՞նց կարանք դեմ լինենք: Եթե կառավարությունը, մարդիկ մտածել են, ուզում են էս համայնքները զարգացնեն, մենք ո՞նց դեմ կլինենք: Մենք էլ կառավարական մտածելակերպ ունենք, չէ՞, մենք էլ ենք էս ժողովրդի մասին մտածում»:

Նրա կարծիքով ծրագիրն առավել շահավետ է փոքր համայնքների համար: «Փոքր գյուղերը վերջին 16-17 տարում ոչ մի զարգացում չեն ունեցել, ոչ մի ծրագիր չի իրականացվել: Խոշորացման դեպքում լուրջ ծրագրեր կիրականացվեն ու ինձ թվում է, գյուղերը կզարգանան»,- նշում է Լ· Զավարյանը, որը 17 տարի ղեկավարում է Թումանյան համայնքը:

Անդրադառնալով խոշորացման փնջում ներառված գյուղական համայնքների խնդիրներին, նա հետեւյալը հայտնեց· «Ոչ մի գյուղում սանմաքրում չկա, միայն երկու գյուղում՝ Քարինջում ու Լորուտում մանկապարտեզ կա, ոչ մի գյուղում լուսավորություն չկա, ոչ մի գյուղում փողոցներն ասֆալտապատ չի: Խոշորացնելուց հետո Թումանյանը ինքնըստինքյան երկրորդ պլան պետք է մղվի, որովհետեւ այդ բոլորը Թումանյանում կա: Հիմա էլ մեր ուժերը ներդնելու ենք, որ էդ գյուղերը զարգացնենք: Հիմի մենք տուժո՞ւմ ենք, թե՞ օգուտ ենք անում,- ասում է Լ. Զավարյանն ու ավելացնում,- միշտ մտածել եմ Թումանյանի մասին, հիմա մտածելու եմ Թումանյան, Մարց, Քարինջ, Շամուտ…»:

Ծրագրի հնարավոր բացասական ռիսկերը Թումանյանի համայնքապետը կապում է համայնքապետի փոփոխության հետ: «Էսօր կարող ա Զավարյան Լեւոնն ա ու ես մտածում եմ Աթանի մասին կամ ես մտածում եմ իմ անունի համար: Որ եթե ես խոսքի օրինակ երկու տարի հետո համայնքապետ չլինեմ, ինձնից հետո եկավ մի ավելի խելոքը, ասում ա, չէ, ավելի լավ է ես իմ գյուղի համար անեմ: Այ, այդ ժամանակ էդ ռիսկերը կա: Բայց ռիսկերի կողքին օրենք էլ կա, չէ՞,- ասում է նա ու կարեւորում հատկապես ավագանու աշխատանքը: Համայնքներում պետք է աշխատեն էնպիսի մարդիկ, որ իրենց համայնքների մասին մտածեն»:  

Քարինջի համայնքապետ Նորիկ Մկրտումյանի կարծիքով՝ որոշ համայնքներում հնարավոր է ավագանու թեկնածուներ ուղղակի չլինեն: «Համայնքներ կան, որ թեկնածուներ չեն ունենում, համայնքի ղեկավարն է բարեկամին կամ մեկին մյուսին համոզելով բերում: Իսկ էնտեղ ո՞նց է լինելու, ես չգիտեմ: Նման մարդ կարող է չգտնվի էլ, կարող է թեկնածություն դնող չլնի էլ»,- ասում նա, միաժամանակ հավելելով, որ ընտրված ավագանու անդամները լրացուցիչ վերապատրաստման կարիք կունենան, որպեսզի կարողանան էնտեղ բյուջեի քննարկումների ու այլ հարցերի ժամանակ համայնքի շահերը պաշտպանել»:

Իր համայնքի բյուջեի մասով համայնքապետը հաշվարկել է. խոշորացման դեպքում 7-8 մլն դրամ հնարավոր կլինի տնտեսել, որը Քարինջի համար փոքր գումար չէ: «725 բնակիչ ունենք: Բյուջեն 15 մլն է, որը հերիքում է մանկապարտեզ պահելու, աշխատավարձ, մի քանիսի ուսման վարձը, օգնություններ տալու համար: Ճանապարհների բարեկարգում ենք արել եւ այլ թեթեւ ծախսեր»,- ասում է համայնքապետն ու հենց բյուջեի խնայողությամբ էլ հիմնավորում է իր ծրագրին կողմ լինելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter