HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում ավելացել են ծերունական հիվանդությունները, վարքային խանգարումներն ու ալկոհոլիզմը

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի հոգեբուժական դիսպանսերում հաշվառված է շուրջ 5000 մարդ, որից 655-ը հաշվառված է նարկոլոգիական կաբինետում: Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանի տարեկան հաշվետվության համաձայն` 2013թ.-ին հոգեկան հիվանդություններ ունեցող հիվանդների թիվը եղել է 4500,  596-ը հաշվառված է նարկոլոգիական կաբինետում :

Ընդհանուր առմամբ, 2013թ.-ի տվյալներով` Հայաստանում գրանցված է հոգեկան խանգարում ունեցող 59.871 մարդ, որից 5.558-ը  0-14 տարիքային խմբում են: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` առաջին անգամ հայտնաբերված հիվանդների թիվը 7.409 է, որից 0-14 տարիքային խմբում ընդգրկված է 1.822 մարդ:

2012թ.-ին Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հոգեկան խանգարում ունեցողների թիվը  (ներառյալ վեգետատիվ նյարդային համակարգի մարմնաձևային ֆունկցիայի խանգարումը) եղել է 60.281 մարդ, որից 3.537-ը մինչև 14 տարեկան: Առաջնակի հիվանդների թիվը 2012-ին կազմել է 7.114 մարդ, որից 1905-ը մինչև 14 տարեկան:

Լոռու մարզի գլխավոր հոգեբույժ, մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն  Գայանե Քալանթարյանի դիտարկմամբ՝ «վերջին տարիներին գրանցված հիվանդների թվի էական տարբերություն չկա, սա սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ հիվանդացության մակարդակն իջել է»:

«Սա ամբողջական թիվը չէ, որովհետև մենք ունենք նաև հսկողության տակ չգտնվող հիվանդների որոշակի տոկոս, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն այս կամ այն խնդիրը կապված հոգեկան առողջության հետ, բայց չեն դիմում մեզ, դիմում են այլ մասնագետների»,- նշում է բժշկուհին:

Չնայած վերը նշվածին, վերջին տարիներին դիմելիության աճ է նկատվում: Գ. Քալանթարյանի դիտարկմամբ՝ դա պայմանավորված է  ոչ այնքան հիվանդությունների աճով, որքան հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների նկատմամբ առկա խարանի մեղմացմամբ:

Ինչպես և ակնկալվում էր, ավելի շատ դիմում են քաղաքային համայնքներից: «Գյուղական վայրերում ունենք բարձիթողի վիճակներում գտնվող հիվանդներ, որոնց հարազատները տեղեկացված չեն, բավարար գիտելիքներ չունեն, նրանց համար էական չէ բժշկին դիմելը: Մտածում են՝ մեկ է չի բուժվի, ավելի լավ է չիմանան, մեր գերադասատնի վրա ստվեր չընկնի»,- ասում է մարզի գլխավոր հոգեբույժը:

Մեր դիտարկմանը, որ տարեցտարի աճող արտագաղթի պայմաններում մարզի բնակչության թիվն էականորեն նվազել է, դա արդյո՞ք չի նշանակում, որ բնակչության այսօրվա ցուցանիշում հիվանդների թիվն ավելի մեծ տոկոս է կազմում, Գ. Քալանթարյանը պատասխանում է. «Եթե այդպես դիտարկենք, իհարկե, բացարձակ թվերի աճ կարող է լինել: Կյանքը դժվար է, բնականաբար, աճ կա»:

Ավելացել են ծերունական հիվանդությունները, վարքային խանգարումները, ալկոհոլիզմը

Լոռու մարզում վերջին տարիներին նկատվում է ծերունական տարիքի հետ կապված հիվանդությունների աճ:

«Տեսակարար կշիռում ավելացել են ծերունական տարիքի հետ կապված հիվանդությունները կապված ցերեբրալ աթերոսկլերոզի, ծերունական փսիխոզների, ուղեղի օրգանական ախտահարումների հետ: Մեծ աճ ունեն նաև ծերունական թուլամտության դեպքերը»,- նշում է Գ. Քալանթարյանը, դա կապելով առկա բնակչության թվի մեջ այս տարիքային խմբի գերակշռման հետ:

Նկատվում է նաև վարքային խանգարումների ու ալկոհոլիզմի աճ: Ընդ որում, եթե վարքային շեղումներն առավել շատ հանդիպում են տղամարդկանց մոտ, ապա ալկոհոլիզմը «ծաղկում է» նաև կանանց շրջանում: 2014թ.-ի տարեկան ամփոփ տվյալներով Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված է 503 ալկոհոլամոլ: Տնօրենի դիտարկմամբ, սակայն, նրանց իրական թիվը մարզում շատ ավելի մեծ է:

«Ցավոք, պետք է ասեմ, որ ալկոհոլի կենցաղային չարաշահում կա նաև կանանց մոտ: Հատկապես գյուղական վայրերում կան կանայք, որոնք չարաշահում են ալկոհոլը: Քաղաքային համայնքներում ևս կա կանանց որոշակի խումբ, որոնք սկսել են ավելի շատ ալկոհոլ օգտագործել, քանի նախկինում: Վերցնենք դրսում առևտրով զբաղվողներին, մեր շուկաներում աշխատողներին, ճանապարհին առևտուր անողներին…. Անբարենպաստ եղանակ է լինում, ցուրտ է լինում, մարդիկ ալկոհոլը օգտագործում են նաև տաքանալու համար, որը դառնում է սովորույթ, ոչ ցանկալի ու ցավալի երևույթ: Նախկինում կանանց մոտ շատ քիչ էր հանդիպում ալկոհոլիզմ, հիմա մենք նման շատ դեպքեր ուենք»,- նշում է բժշկուհին:

Ինչ վերաբերում է  վարքային շեղումներին, ապա դրանք ավելի շատ հանդիպում են դեռահասների շրջանում, ինչն էլ հոգեբույժի կարծիքով  շատ հաճախ հանգեցնում է նրանց կողմից կատարվող իրավախախտումների թվի աճի:

Այս հարցում որպես հիմնական պատճառ բժշկուհին մատնանշում է ընտանիքների ոչ լիարժեք վիճակը: «Հայրերը ընտանիքում չեն, մեկնել են  արտագնա աշխատանքի, տղաները մնացել են առանց հայրական հոգածության և խնամքի, իսկ միայն կնոջ դաստիարակությունը բավավար չէ տղամարդ ձևավորելու համար: Արդյունքում դեռահասներն իրենց համար ընտրում են իդեալներ, որոնց վարքն իրենց համար օրինակելի է և  շատ հաճախ նմանակում են հայտնի ֆիլմերի բացասական  հերոսներին»:

Դիսապնսերում նվազել է ստացիոնար բուժում ստացողների թիվը

Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքն ունի 35 մահճակալ: Վերջին երեք տարիներին նկատվում է ստացիոնար բուժում ստացողների թվի նվազում: 2014թ.-ին ստացիոնար բուժում է ստացել  260, 2013-ին՝ 280, 2012-ին՝  320 հիվանդ: Թվի նվազումը տնօրենը պարզաբանում է այսպես. «Մեր բիժշկները կարողանում են բուժօգնությունը կազմակերպել բավականին բարձր մակարդակով նախահիվանադոցային էտապում, որն էլ կանխում է հիվանդության սրացումը: Բայց դա կարող է պայմանավորված լինել նաև բնակչության թվի նվազումով…»:

Դիսպանսերի 2015թ. տարեկան բյուջեն կազմում է 80 մլն դրամ: Ստացիոնար բուժում ստացող հիվանդների 1 օրվա սննդի և դեղորայքի համար պետբյուջեց հատկացվում է 1.300-1.500 դրամ:

Դիսպանսերը ստացիոնար բուժում ստացողների համար դեղորայքը գնում է մրցութային կարգով՝ գնումների մասին օրենքի համաձայն: Այսինքն՝ մրցույթը շահում է այն կազմակերպությունը, որն ավելի ցածր գնային առաջարկ է ներկայացնում:  Ամբուլատոր հիվանդների համար պետությունը կենտրոնացված ձևով  տրամադրում է այն հիմնական դեղամիջոցները, որոնք գտնում է, որ անհրաժեշտ են հիվանդի բուժման համար: Երբեմն դեղամիջոցներ են հատկացվում նաև հումանիտար խողովակներով: 

Ամբուլատոր բուժում ստացող հիվանդների մի մասը, սակայն, հրաժարվում է պետության հատկացրած դեղամիջոցներից:

«Եթե այս կամ այն պատճառով քաղաքացին հրաժարվում է պետության կողմից տրամադրվող դեղամիջոցներից, մենք գրում ենք այն դեղը, որն ինքը ցանկանում է վերցնել: Կան նորագույն հակադեպրեսանտներ, որը պետությունը դեռ չի կարող տրամադրել կամ կարող է  տրամադրել հումանիտար խողովակներով փոքր քանակով, որը մասսայաբար մենք չենք կարող բոլորին տալ: Քաղաքացին  ինչպես կարող է լավ սնունդ օգտագործել, այնպես էլ կարող է թանկարժեք դեղորայք օգտագործել՝ կախված իր հնարավորություններից: Բայց անհրաժեշտ մինիմումը պետությունը պահում է,- ասում է բժշկուհին,-որոշակի կոնտինգենտ կա, որը ցանկանում է բուժվել նորագույն դեղամիջոցներով, որոնց կողմնակի ազդեցությունն ավելի պակաս է: Ինչքան դեղը նոր սերնդի է, այնքան այն ավելի մաքուր է և հետևաբաբար կողմնակի էֆեկտներն ավելի պակաս են և որոշ դեպքերում արդյունքն ավելի լավը»:

Լոռիում հոգեբույժների մեծ պահանջարկ կա, աշխատել ցանկացողները, սակայն, քիչ են

Թումանյանի ու Սպիտակի տարածաշրջաններում հոգեբույժ ընդհանրապես չկա, նրանց գործառույթն իրականացնում են մեկական նյարդաբանները: Ստեփանավանի ու Տաշիրի տարածաշրջաններն էլ համատեղության կարգով մեկ հոգեբույժ է սպասարկում:

«Մարզի բոլոր հիվանդների ծանրությունն իր վրա է վերցրել դիսպանսերը: Այսինքն, ամբողջ մարզում ունենք 5 հոգեբույժ, որոնցից 4-ն աշխատում են դիսպանսերում: Մարզում լուրջ խնդիր կա կադրերի մասով»,- նշում է Գ. Քալանթարյանը:

Որոշ դեպքերում հոգեբույժների պակասը փորձում են լրացնել նյարդաբանները: Գ. Քալանթարյանի դիտարկմամբ սա արդյունավետ մոտեցում չէ:

Մարզի գլխավոր մասնագետի կարծիքով հիվանդացության հայտնաբերման ցուցանիշը կարող էր ավելի մեծ լինել, եթե մարզի տարածաշրջանները ևս ապահովված լինեին հոգեբույժներով:

«Հայտնաբերումը կարող էր ավելի բարձր լինել, բուժումն էլ ավելի արդունավետ:  Բժիշկը կարող է հիվանդին ուղեգրել մեր դիսպանսեր,  բայց չկա երաշխիք, որ այդ ուղեգրված հիվանդը կհասնի մասնագետին: Այստեղ կա նաև այլ համայնքներից մարզկենտրոն հասնելու ֆինանսական խնդիրը»,- ասում է մասնագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter