Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Տեղական հանրաքվեն սիրողական միջոցառում չէ



2015թ. մայիսի 17-ին հանրապետության երեք մարզերի (Լոռի, Տավուշ, Սյունիք) 22 համայնքների բնակիչներ քվեարկությամբ իրենց վերաբերմունքն են արտահայտելու կառավարության հետեւյալ հարցադրմանը՝ «համաձայ՞ն եք, որ... համայնքները միավորվեն...»:

Առաջին անգամ է, երբ տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցը հանրաքվեի է դրվում, միաժամանակ, սա միակ դեպքն է, երբ որոշում կայացնողների համար վճռորոշը հանրաքվեի արդյունքերը չեն:

Պատճառն այն է, որ երկրի մայր օրենքով տեղական հանրաքվեն հավասարեցվել է սոցիոլոգիական հարցմանը: Սա ամենեւին էլ այն դեպքը չէ, երբ ասվում է՝ իմ «ոչ»-ը՝ ոչ է, եւ «այո»-ն՝ այո: Այդպես է սահմանված ՀՀ Սահմանադրության 110 հոդվածով.

«Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչեւ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»։

Բնակչությունն անորոշության մեջ է. ոչ միայն վերապահումներ ունի բոլոր այն ոգեւորող բացատրությունների եւ շահագրգռող խոստումների նկատմամբ, որոնք հանդիպումների ժամանակ տրվում են նրանց, այլեւ չունի ամենամտահոգող հարցադրման պատասխանը՝ իր քվեարկությունը որոշի՞չ է լինելու համայնքների վարչատարածքների նոր սահմանագիծը գծելու հարցում, թե՞ ոչ, իսկ եթե պարտադիր չէ, ինչո՞ւ է հանրաքվե անցկացվում:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանդիպումների ժամանակ նշում է, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ համայնքների խոշորացման ծրագիրը կարող էր իրականացվել առանց հանրաքվեի, սակայն հանրաքվեի անցկացումը ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականն է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ինքնուրույն որոշել, ուզո՞ւմ են տվյալ ծրագրի իրականացումը, թե՝ ոչ:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանը, որը համայնքների խոշորացման հայեցակարգի հեղինակներից է, հանրությանը ներկայացնում է, որ համայնքների խոշորացումը պետական հատուկ ծրագիր չէ:

«Սա պետական հատուկ ծրագիր չէ. սա հերթական բարեփոխման ծրագրերից մեկն է, որն ունի բավականին խորը փորձագիտական հիմնավորում....»,- ասում է Վահան Մովսիսյանը

Այդպե՞ս է իրականում, թե՞ ցանկալի է, որ բնակչությունն այն պետական միջոցառում չընկալի եւ հանրաքվեին վերաբերվի որպես սոցիալական հարցման:

2011թ· նոյեմբերի 10-ին կառավարությունը վավերացրել է «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը» եւ դրանով սկիզբ դրել ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացին: 2015թ· մարտի 19-ի նիստում կառավարությունը որոշում է ընդունել իրականացնել համայնքների խոշորացման 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով:

Խոշորացման ծրագրում ընդգրկված Տաթև համայնքը

Կառավարության որոշման հիմքում «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն է, որի համաձայն` «Համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ»: Գործադիրը հանրաքվեն իրականացնելու պարտավորությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` «տեղական հանրաքվեն կազմակերպող եւ դրա անցկացման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմնին»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2015թ· մայիսի 17-ի տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման  հիմնական միջոցառումների 33 կետից կազմված ժամանակացույց, որի 32 կետը հանրաքվեն իրականացնող հանձնաժողովների աշխատանքներին է վերաբերվում եւ միայն մեկ կետով սահմանված է քարոզչության ժամանակահատվածը: Ժամանակացույցը չի սահմանում քարոզչության իրականացման ձեւերը, նշված չէ քարոզչություն իրականացնողը` «իրավասու սյուբեկտը»: Սակայն դա չի նշանակում, որ համայնքների խոշորացումը կառավարության ծրագիրը չէ, այլ հասարակական կազմակերպության նախաձեռնություն: 

Սյունիքի մարզի Խոտ գյուղը ծրագրում ընդգրկված համայնքներից մեկն է

Համայնքներում քարոզչության մեջ ակտիվ ներգրավված են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Ա· Երիցյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ն, որպես հայեցակարգի համահեղինակ: «Հանրաքվեի մասին օրենքով» քարոզչությունը կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային քարոզչական միջոցառումների ձեւով (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հավաքներ), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված եւ նկարահանված նյութեր տարածելու միջոցով: Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձեւով հրապարակել եւ տարածել պաստառներ, թերթիկներ եւ քարոզչական տպագիր այլ նյութեր: Քարոզչություն իրականացնողներն առայժմ կիրառում են քարոզչատեսակներից միայն մեկը՝ տեղերում հանդիպումներ բնակչության հետ, հանդիպումներ խոշորացվող համայնքների ղեկավարների հետ: Բավարա՞ր է այն հանրաքվեի դրված հարցի կարեւորությունն ու նպատակները լիարժեք ներկայացնելու համար:

Ծրագրում ընդգրկված Գոշ գյուղը (Տավուշ)

Նշված 3 փնջերում ներառված գյուղական համայնքների մեծ մասը բնակչության թվաքանակով ամենափոքրերից են, իսկ նյութական եւ վարչական ռեսուրսներով ամենանվազ հնարավորություն ունեցողները, հետեւաբար, նրանց հեշտ է բարեկեցության խոստումներով գայթակղելը, խոշորացման առավելություններն ընդգծելով «այո»-ն ապահովել: Սակայն, պիլոտային ծրագրերում ներառված են նաեւ երկու քաղաքային համայնքներ՝ Դիլիջանը եւ Թումանյանը, որոնք միավորվելու դեպքում կդառնան համայնքային կենտրոններ:

Այսինքն, երկու քաղաքների բնակիչները նույնպես իրենց վերաբերմունքը պետք է հայտնեն միավորվելու վերաբերյալ: Ինչո՞վ պետք է շահագրգռել, օրինակ, Դիլիջան քաղաքի բնակչությանը, ի՞նչ է նա շահելու շրջակա 6 գյուղերը միավորելուց եւ շահելո՞ւ է արդյոք, թե կորցնելու իր 500 մլն-անոց բյուջեից նրանց բաժին հանելու դեպքում:

Դիլիջան քաղաքում վերջին մի քանի տարիներին մեծ ներդրումներ են արվել եւ շարունակվում է ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը: Պատրա՞ստ են նրանք կիսել այդ ամենը 5 մլն դրամի բյուջե ունեցող գյուղերի հետ, որպեսզի ապահովվի բոլոր բնակավայրերի համար խոստացված հավասարաչափ զարգացումը:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻ) նախարարության պաշտոնական տեղեկատվությունն այդ իմաստով չափազանց ժլատ է. «Դիլիջանի քաղաքապետարանում նախարարը հանդիպեց համայնքի բնակիչներին եւ ներկայացրեց համայնքների խոշորացման ծրագիրը: Հանդիպման ավարտին նախարարն առանձնազրույց ունեցավ նաեւ խոշորացվող համայնքների ղեկավարների հետ, քննարկելով առաջիկա ծրագրերը»: Հաղորդագրության մեջ տեղ չի գտել բնակչության վերաբերմունքը:

Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանն այդ հարցին անկեղծանալով պատասխանել է. «Խոշորացնելուց հետո Թումանյանն ինքնըստինքյան երկրորդ պլան պետք է մղվի, որովհետեւ այդ բոլորը Թումանյանում կա: Հիմա էլ մեր ուժերը ներդնելու ենք, որ էդ գյուղերը զարգացնենք: Հիմի մենք տուժո՞ւմ ենք, թե՞ օգուտ ենք անում...»:

Նկատելի է նաեւ, որ քարոզչություն իրականացնողները հանդիպումների ժամանակ ավելի շատ են կենտրոնանում համայնքների խոշորացման դեպքում վարչական ծախսերը կրճատելու եւ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հարցին: Սա, բնականաբար, չի կարող գոհացնել բնակչին, որն հաշվարկելով 6-7 համայնքների միավորման արդյունքում խնայվող գումարը՝ ուղղամտորեն հակադարձում է. «Կառավարությունը 21,8 մլն դրամ հատկացրեց միայն Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ ավտոմեքենա գնելու համար, մեր համայնքները միավորելու դեպքում այդքան էլ չի խնայվում, դրա՞ համար են խոշորացնում»:

Տպավորություն ունեմ, որ բնակչությանը չի բացատրվում համայնքները խոշորացնելու ավելի կարեւոր ու հեռահար նպատակները, որոնցից թերեւս առաջնայինը տեղական ինքնակառավարմանը բնակչությանը մասնակից դարձնելն է:

Խոշորացումը միջոց է տեղական ինքնակառավարման մարմինները եւ առաջին հերթին ավագանու ինստիտուտը կայացնելու համար: Միավորումը հնարավորություն կընձեռի ավագանուն դուրս բերել համայնքի ղեկավարի ազդեցությունից՝ դարձնելով իրական հակակշիռ համայնքի ղեկավարին: Փոխել նրա՝ համայնքապետի ավագանու դերակատարությունը, ինչպես նաեւ հանրության վերաբերմունքն այս ինստիտուտի նկատմամբ, որ յուրաքանչյուր բնակավայրից ընտրված ավագանին արդեն այդ համայնքի շահերը ներկայացնողը պետք է լինի, եւ շահերի բախում ստեղծելով միայն կկայանա տեղական ինքնակառավարումը:

Բնակչությանն ամենահակասական բացատրություններ են տրվում 4-5 հոգանոց, երբեմն աշակերտների ավելի նվազ թիվ ունեցող դասարաններով դպրոցը, թերբեռնված մանկապարտեզները, չգործող գրադարանները պահպանելու կամ միավորելու մասին: Սրանք նույնպես ծառայություններ են, որոնց որակը բարելավելու մասին խոստումներ են տալիս քարոզչություն իրականացնողները, բայց ինչպե՞ս: Մեկի ասելով՝ այս բոլոր համակարգերը կարող են օգտագործվել փնջում ներառված համայնքների բնակիչների կողմից հավասարապես: Մեկ ուրիշը խոստանում է չմիջամտել այդ հիմնարկների գործունեությանը, միաժամանակ չի տրվում հիմնավոր պատասխան, թե ինչպես են շարունակելու դրանք իրենց հետագա գործունեությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ