HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե ազնիվ լինես բիզնեսում, առաջ կգնաս»,- ասում է 20-ամյա ձեռներեց Հռիփսիմեն

Հռիփսիմե Բարսեղյանը 20 տարեկան է (հոկտեմբերին կլրանա 21-ը): Նրան հանդիպեցի «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ: Ներկայացնում էր մաշկի խնամքի միջոցներ, որոնք բնական հումքից են պատրաստված` օճառներ, քսուքներ, բալզամներ, դիմակներ: Արտադրությունն այդպես էլ անվանել են` «Բնատուր»: Հռիսփիմեն բացատրում է յուրաքանչյուր օճառի հատկությունը: Որոշեցինք հանդիպել օճառագործության արտադրամասում:

Հռիփսիմեն սովորում է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի երրորդ կուրսում, ֆրանսերենի թարգմանչուհի է: Դասերին զուգահեռ ղեկավարում է փոքրիկ արտադրամասը: Ասում է` երևի հիմա կհարցնեմ, ինչու որոշեցին զբաղվել օճառագործությամբ: Ժպտում եմ: Պատմում է, որ հարազատներից մեկը (խնդրում է չնշել նրա անունը) պսորիազ ուներ: Նշանակված դեղորայքային բուժումն օգուտ չէր տվել, և այդ կինը սկսել էր բնական միջոցներով քսուքներ, օճառներ պատրաստել: «Պսորիազն անբուժելի հիվանդություն է համարվում: Բնական հումքից պատրաստած միջոցներով նա հանգստացրել է քորը, մաշկը հանգիստ է հիմա: Այդպիսով` նա գտավ իրեն օգնելու ճանապարհը»,- բացատրում է երիտասարդ անհատ ձեռներեցը:

Այդ ժամանակից էլ սկսել են կատարելոգործել մաշկի խնամքի միջոցների ստացումը: Սկզբում դրանք պատրաստում էին բացառապես հարազատների համար: Տեսնելով միջոցների օգտակարությունը` որոշել են այն զարգացնել իբրև բիզնես: 5 ամիս առաջ Հռիփսիմեն գրանցվել է որպես անհատ ձեռներեց, իսկ արտադրանքին էլ տվել են «Բնատուր» ապրանքանիշը: Արդեն հասցրել են մասնակցել 11 էքսպո-ցուցահանդեսների: 20-ամյա ձեռներեցը պատմում է, որ նախորդ տարի Արագածոտնի մարզում մի քանի ամիս մասնակցել է բիզնես դասերի: Այդտեղ էլ նրանց օգնել են վարկ ձեռք բերել:

Դեմքի 9 տեսակի քսուքներ, 10-ից ավելի օճառներ են պատրաստում: Հռիփսիմեն ասում է, որ օճառը կամ քսուքը վաճառքից հանելուց առաջ սկզբից հենց իրենք են փորձում, եթե դրական փոփոխություն չեն զգում, շուկա չեն հանում: «Եթե ազնիվ լինես բիզնեսում, առաջ կգնաս: Ինձ միշտ ասում են` ձեր աչքերից զգացվում է` ազնիվ եք, առաջ կգնաք: Ազնվությունն ու ռիսկայնությունը շատ մեծ դեր ունեն բիզնեսում»,-նշում է զրուցակիցս:

Մեր զրույցը շարունակում ենք օճառագործության փոքրիկ արտադրամասում: Ցածր, նեղ դռնով ներս ենք մտնում: Մեր առջև փոքրիկ սենյակ է, որտեղ անմիջապես զգացվում է օճառների սուր հոտը: Հռիփսիմեն ցույց է տալիս յուղերի, խոտաբույսերից, մրգերից ստացած հումքով տարաները: Ասում է, որ օճառներին գույն ու հոտ չեն ավելացնում: Դրանք պատրաստում են բնական հումքից: Բաղադրության մեջ եթերային, բնական յուղեր են` խաղողի կորիզի, զեյթունի, կտավատի և այլն: Հումքի մեծ մասը ձեռք են բերում հայկական շուկայից, որոշներն էլ, օրինակ, մանգոյի, ավոկադոյի, կակաոյի յուղերը, ներկրում են Գերմանիայից: Գույնի համար ևս օգտագործում են բնությունից ստացածը, ասենք, կանաչ գույնի համար կարող են օգտագործել մաղադանոս: «Օճառների գույների աշխարհը շատ հետաքրքիր է: Կարող է կարմիր բույսը վերցնես` մտածելով, որ կարմիր օճառ ես ստանալու, բայց ստացվի մեկ այլ գույն` կապույտ»,- նշում է Հռիփսիմեն:

Օճառներն ունեն հայկական անվանումներ` «Չիչխան», «Հրատ», «Այգ», «Արենի», «Թավիշ», «Կավուտ», «Փափուկ», «Հուրի-Փերի», «Նուրի», «Ճերմակ», «Նաիրի», «Վարսեր»: Դրանցից ամեն մեկն ունի իր նշանակությունը: Օրինակ, յուղոտ դեմքին խորհուրդ են տալիս «Կավուտը»: «Սրա բաղադրության մեջ կան կավային խառնուրդներ, որոնք նպաստում են  կորյակների, սև կետիկների, յուղոտության անցկացմանը, իսկ չիչխանի յուղը նպաստում է վերքերի ապաքինմանը»,- ասում է երիտասարդ ձեռներեցը:

Հիշում է, որ մանկության տարիներին միշտ երազում էր դառնալ գործարար, թեև երբ Ֆրանսիա էր գնացել, մտածել էր դեսպան դառնալու մասին, բայց հիմա նորից վերադարձել է մանկության երազանքին: Այս մասին պատմելիս ժպտում է:

Արտադրությունը փոքր է, բայց, Հռիսիմեի խոսքով, հույս ունեն, որ առաջիկայում կընդլայնվի: Խանութ դեռ չեն բացել. ֆինանսական միջոցներ են պետք: Վաճառքն առայժմ իրականացնում են «Ֆեյսբուքով»: Պատին փակցված մրցանակն է ցույց տալիս. այս տարվա ապրիլին 7-ին արժանացել է վարչապետի «Լավագույն երիտասարդ կին գործարար» պատվոգրին:

«Մենք ազնիվ ենք աշխատում: Դա մեր արտադրության հիմքում է: Եթե այս օճառը չի օգնում, չենք ասում` գիտեք ինչ, սա հաստատ տարեք, կօգնի, ասում ենք ` կնպաստի, չենք ասում` բուժիչ է և այլն: Մենք դեղ չենք պատրաստում, այլ  օճառ»,- դարձյալ շեշտում է 20-ամյա ձեռներեցը`ավելացնելով, որ ֆրանսերենն էլ գուցե օգնի հետագայում ավելի մեծ բիզնես կապեր ստեղծելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter