HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջինին բաց մի թողեք շշից, պարոնայք

Աշոտ Կարապետյան
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ

Պատասխան առողջապահության նախարարությանը

Պատասխանելով առողջապահության նախարարության «Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է» հրապարակմանը՝ ստիպված ենք նորից նշել, որ հրապարակման մեջ կրկին առկա է ապատեղեկատվություն.

1. Այո, մի շարք միկրոսննդատարրեր վաճառվում են դեղատներում, որոշակի դեղաձևերի` հաբերի, դեղապատիճների, օշարակների տեսքով, բայց այնպիսի չափաբաժիններով, որոնք մի քանի տասնյակ անգամ գերազանցում են սննդի բնական կամ հարստացված մակարդակները, այսինքն` թերապևտիկ կարճատև բուժման դոզաներով` արդեն իսկ առկա դեֆիցիտի ծանր հետևանքները վերացնելու համար:

«Միկրոսննդատարր» բառի տակ քողարկված է նաև ֆոլաթթուն, որի 0,4մգ, 1մգ և 5մգ չափաբաժիններով հաբերը վաճառվում են դեղատներում: Ալյուրին ցանկանում են հավելել 1,3մգ/կգ չափաբաժնով ֆոլաթթու, որը ոչ միայն մի քանի տասնյակ անգամ պակաս չէ, այլ մոտ 3 անգամ գերազանցում է հղի կանանց համար նախատեսված ֆոլաթթվի դեղահաբերի մեջ պարունակող 0,4մգ չափաբաժինը:

Եթե ալյուրին խառնվում է ՀՀ «Դեղերի մասին» օրենքի 1 հոդվածի դեղանյութի սահմանմանը լիովին համապատասխանող նյութ, ինչպես նախարարությունն է հայտարարում (թերապևտիկ կարճատև բուժման դոզաներով` արդեն իսկ առկա դեֆիցիտի ծանր հետևանքները վերացնելու համար), մի՞թե 0,5կգ կշռող հացը չի վերածվում նոր դեղաձևի, որը նախքան օգտագործվելը ենթակա է գրանցման նույն օրենքի 15 հոդվածի համաձայն (գրանցման ենթակա են. - գրանցված դեղերը, որոնք բաց են թողնվում նոր դեղաձևերով, և որոնց համար առաջարկվում են օգտագործման նոր ուղիներ կամ ցուցումներ):

Չէ՞ որ այդ հացը կպարունակի մոտ 0,5մգ ֆոլաթթու՝ ավելին, քան հղի կանանց համար նախատեսված դեղահաբերը: Ուրեմն ովքեր՞ են ծրագիրը խեղաթյուրողները: Մե՞նք, թե՞ ապատեղեկատվություն տարածող առողջապահության նախարարությունը: Եվ ի՞նչ տրամաբանությամբ չափահաս բնակչությունը ամեն օր, տարիներ շարունակ պետք է ընդունի հղի կանանց համար «Մինչ հղիության խնամքի կազմակերպման, հղիության նախապատրաստման, վարման և առողջության պահպանման» ազգային չափորոշիչով հղի կանանց խորհուրդ տրվող 400մկգ ֆոլաթթու, եթե ֆոլատների անհրաժեշտ չափաքանակը 200մկգ է: Տեղեկացնում ենք առողջապահության նախարարությանը, որ մեր հասարակությունը միայն հղի կանանցից չի կազմված, այլ նաև տարբեր տարիքի երեխաներից, տղամարդկանցից և կանանցից, որոնց օրական 400մկգ և ավելի ֆոլաթթուն բոլորովին հարկավոր չէ:

Օրինագծի ընդունման դեպքում ողջ ազգաբնակչությունն ամեն օր, տարիներ շարունակ ստիպված է լինելու ընդունել հենց (թերապևտիկ կարճատև բուժման դոզաներով) ֆոլաթթու՝ օրական 400գ հաց օգտագործելու դեպքում: Հենց այն չափաբաժինը, որն ուղեցույցներով խորհուրդ է տրվում ընդունել հղի կանանց: Հենց այն չափաբաժինը, որը պարունակում է անցյալ տարի «Դպրոցական սնունդ» ծրագրով ՊՀԾ-ի կողմից Հայաստան ներկրված և 6 մարզերում տարրական դասարանների մոտ 67000 երեխաների բաժանված ռուսական Алтайские мельницы’’ ընկերության արտադրած ալյուրը: Ի դեպ, դպրոցներին բաժանված ալյուրը բաղադրության մասին ուղեկցող փաստաթղթեր չի ունեցել, մի քանի դպրոցների տնoրեններ և երեխաների ծնողներն ընդհանրապես տեղյակ չեն եղել, որ երեխաներին տրվող հացը ֆորտիֆիկացված ալյուրից է: ԱՆ աշխատակիցներին բոլորովին չի՞ հետաքրքրում այս փաստը. որքա՞ն այդպիսի հաց է օգտագործել մի երեխան, այդ երեխաների մեջ քանիսի՞ն էին հակացուցված հավելանյութերը, որոնց ցանկը գտնում ենք արտադրողի կայքում ՝ 

Содержание витаминов на 1 кг: 

ВитаминА: 1,0 мг/кг (Dry vitamin A palmitate 250 n.s.)

Витамин В1: 4,4 мг/кг (Thiamine mononitrate)

Витамин В2: 2,6 мг/кг (Riboflavin)

Витамин В3: 35,0 мг/кг (Nicotinamide)

Фолиевая кислота: 1,0 мг/кг (Folic acid)

Витамин В12: 0,008 мг/кг (Cyancobalamin)

Железо: 15 мг/кг (NaFeEDTA)

Цинк: 30 мг/кг (Zinc oxide)

67000 երեխաների առողջության վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել այդ հավելանյութերը, և ինչու՞ է Հայաստան ներկրվել և իրացվել ՀՀ ստանդարտներին չհամապատասխանող ալյուր:

Բոլորիս էլ հայտնի է, որ տղամարդկանց մեծ մասն ավելի շատ են հաց օգտագործում, քան կանայք, իսկ ֆոլաթթուն նաև պոտենցում է էստրոգենների՝ կանացի հորմոնների ազդեցությունը: Ինչպես մեր բժիշկներից մեկն է նշել, «սովորաբար, այլ պարագաներում գիտենք, որ էստրոգենների ավելացումը կանանց մոտ բերում է հորմոնոկախյալ մի շարք հիվանդությունների աճի (նաև օնկոլոգիական), ինչպես նաև հոգեհուզական ոլորտի փոփոխման: Նման դեպքերում համապատասխան մասնագետները օգտագործում են էստրոգեններն ընկճող միջոցներ, օրինակ՝ անաստրոզոլ, լետրոզոլ, էկսեմեստան, արոմասին և այլն: Տղամարդկանց մոտ էստրոգեններն ընկճում են տղամարդկային հորմոնների ազդեցությունը, բերում են կազմվածքի և բնավորության ֆեմինիզացիայի՝ կանացիացման, ասենք կբերեն գինեկոմաստիայի (կրծքերի մեծացման), կանանց բնորոշ հատվածների ճարպակալման, մազածածկույթի նոսրացման, բնավորության մեջ առնականության պակասի, սեռական կողնորոշման շեղումների և այլն: Ուրեմն ո՞րն է այն հավատի հիմքը, որ հենց ֆոլաթթվով էստրոգենների ազդեցությունը ուժեղացնելիս նման երևույթներ հայերի մոտ չեն նկատվի»: 

Հարգարժան ԱՆ աշխատակիցներ, ողջ ազգաբնակչությանը ֆոլաթթու պարտադրելուց առաջ գուցե մտածե՞ք այս հարցի մասին:

2. Սահմռկեցուցիչ հայտարարություններ են արվում, թե իբր ալյուրի հարստացման համար կիրառվող նյութերը քաղցկեղ են առաջացնում:

Ոչ թե անհիմն հայտարարություններ են արվում, այլ բերվում են բազմաթիվ գիտական հետազոտություններ, որոնք եզրակացնում են այդ մասին: Օրինակ՝ այս տարի հրապարակված այս հոդվածը: Իսկ ինչու՞ են օնկոլոգիայում կիրառվում հակաֆոլատային դեղամիջոցներ, եթե ֆոլատային բարձր մակարդակը չի նպաստում քաղցկեղի աճին: (Նշենք, որ այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի և քաղցկեղի միջև, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի (հավելումների և/կամ հարստացված սննդամթերքի ձևով) այնպիսի քանակներ, որոնք 4-ից 10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները):

Ըստ երևույթին մեր ԱՆ աշխատակիցները կարծում են, որ աշխարհի առաջատար ինստիտուտների լայնածավալ հետազոտություններ անցկացնող հայտնի մասնագետներն անտեղյակ են նույնիսկ միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակներից:

«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության հղած հետազոտությունների մեծ մասում կիրառվել են ֆոլաթթվի 0,8-1մգ չափաքանակներ, որն ԱՄՆ-ում ընդունված անվտանգ համարվող օրական թույլատրելի չափաքանակն է: Ակնհայտ չէ՞, որ հետազոտությունների հեղինակ մասնագետները չափաքանակը որոշելիս պետք է հաշվի առնեին գործնականում տվյալ երկրում մարդկանց մեծ մասի կողմից հնարավոր օգտագործվող միջին չափաքանակները: Եվ ինչու՞ պիտի վտանգավոր չհամարենք մի ծրագիր, եթե ոչ մի հեղինակավոր մասնագետ կամ մարմին չի ժխտում ֆոլաթթվի քաղցկեղին նպաստելը, որոշ մարմիններ բավարարվում են գրելով, որ ֆոլաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման ռիսկերի կապը հաստատող բավարար տվյալներ չկան։ Եթե այդ կապը բացառող տվյալներ էլ չկան, չկան ֆոլաթթվի, թեկուզ փոքր չափաքանակների, երկարատև ազդեցության անվտանգությունն հաստատող տվյալներ, ինչու՞ պիտի ողջ բնակչությանը ենթարկենք այդպիսի ռիսկի: Տարեկան ընդամենը մոտ 40 ՆԽԱ դեպք կանխարգելելու՞ համար: Մի՞թե դա անհեթեթ չէ:

3. Խոսքն ամենևին էլ միայն քաղցկեղի հետ կապված ռիսկերի մասին չէ: Բազմաթիվ այլ ռիսկեր էլ կան: Ոչ թե առանձին հետազոտություն, այլ Մեծ Բրիտանիայի Սնուցիչների գիտական խորհրդատվական կոմիտեն 2006թ. զեկույցում նշում է (տես էջ 15-ում), որ 260մկգ-ից ավելի ֆոլաթթուն չմետաբոլացված ֆոլաթթու է առաջացնում արյան մեջ, ինչի երկարաժամկետ ազդեցությունները դեռևս անհայտ են

Նույն զեկույցի 73 էջում նշված է, որ ֆոլաթթվի բարձր մակարդակը մեծացնում է հաստ աղու և կրծքագեղձի քաղցկեղի ռիսկերը: Զեկույցում նշված են նաև բազմաթիվ այլ ռիսկեր, որոնք ի հայտ են գալիս օրական 260մկգ չափաբաժնի գերազանցման դեպքում: Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիայում չափահասների համար ֆոլատի/ֆոլատ համարժեքի «ռեֆերենսչափաբաժինը» սահմանված է 200մկգ:

Արդեն հրապարակվել են նաև Մեծ Բրիտանիայում բնակչության մոտ ֆոլատի կարգավիճակի հետազոտության արդյունքները: Զեկույցի 42 էջի աղյուսակում բերված են բնակչության արյան մեջ ազատ ֆոլաթթվի առկայության տվյալները: Պարզվում է, որ թեև ալյուրը ֆոլաթթվով չեն հարստացնում, սակայն հարստացված նախաճաշերի և այլ կամավոր կերպով հարստացված սննդի օգտագործման արդյունքում ազատ ֆոլաթթվի՝ արյան մեջ անթույլատրելի առկայությունը բարձր տոկոս է կազմում, այդ թվում երեխաների, երիտասարդ աղջիկների և կանանց մոտ: Նկատենք, որ կանանց 32.2 տոկոսի արյան մեջ նկատվել է ազատ ֆոլաթթու, այսինքն նրանք անհրաժեշտից շատ են այն ընդունել, սակայն Մեծ Բրիտանիայում ՆԽԱ դեպքերի քանակը ցածր չէ:

Արդյո՞ք այս տվյալը կասկածի տակ չի դնում ֆոլաթթվով ալյուրի ֆորտիֆիկացման միակ դրական արդյունքը՝ ՆԽԱ դեպքերի կրճատումը:

Աղբյուր. National Diet and Nutrition Survey Rolling Programme (NDNS RP). Public Health England. March 2015.

5. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կատարած ուսումնասիրությունների արդյունքներով 2000-2014 թվականներին մեր բնակչության սննդակարգը շարունակում է մնալ պարզունակ և միատարր` կենդանական ծագման մթերքի նվազ պարունակությամբ։

Եթե բնակչության սննդակարգում խիստ պակաս է կենդանական ծագման մթերքը, որն ինչպես բոլորին է հայտնի, B12 վիտամինի աղբյուրն է, այդ ի՞նչ տրամաբանությամբ է ալյուրին հավելվում կանաչեղենի և բանջարեղենի, ընդեղենի մեջ պարունակվող բնական ֆոլատներին իբր փոխարինող ֆոլաթթու, որի բացասական հետևանքների ռիսկերը մեծանում են հենց վիտամին B12-ի դեֆիցիտի պայմաններում: Օրինակ, ֆոլաթթվի՝ տարեց մարդկանց մոտ ճանաչողության խանգարում առաջացնելու հնարավորությունը B12 վիտամինի դեֆիցիտի դեպքում (ինչը և քողարկում է ֆոլաթթուն) արդեն հաստատված փաստ է համարվում: 

6. Ցավալի է, որ հանրությանը կարևոր այս ծրագրի դեմ տրամադրելու համար չհիմնավորված փաստեր են բերվում, թե իբր այս կամ այն երկրում քաղցկեղի աճը պայմանավորված է այս կամ այն սնունդը պրեմիքսներով հարստացնելով։ Չարորակ նորագոյացությունների և ոչ վարակիչ մի շարք այլ հիվանդությունների աճ այսօր արձանագրվում է ամբողջ աշխարհում:

Այո, չարորակ նորագոյացությունների աճ դիտվում է գրեթե ողջ աշխարհում, սակայն օրինակ Չիլիի դեպքը, երբ մի քանի տարում որոշ տարիքային խմբերում երկակի-եռակի աճ է գրանցվել, անշուշտ սովորական աճ չէ: Ինչպես նաև սովորական չէ ՀԺԱՀՀ-2005թ. հետազոտության մեջ բերված սակավարյունության եռակի աճը Երևանում, եթե այդ տվյալներն հավաստի համարենք:

«Օրինակ՝ Երևանում սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը հինգ տարիների ընթացքում եռապատկվել է՝ 13 տոկոսից (2000թ.) մինչև 45 տոկոս (2005թ.): Նմանապես Գեղարքունիքում, սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ 32 տոկոսից մինչև 63 տոկոս: Նման մեծ տատանումներն անհավանական են... Ինչպես նաև հնարավոր է սխալներ են տեղ գտել տվյալների հավաքագրման ընթացքում և սխալ են օգտագործվել սակավարյունության որոշման սարքերը կամ նշտարները: Երբ աղյուսակից բացառվում են Երևան և Գեղարքունիք մարզերը, ապա չի նկատվում ոչ մի էական փոփոխություն վերջին հինգ տարիների ընթացքում»: (Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2005, ՀՀ ԱՎԾ, ՀՀ ԱՆ, 2005թ., էջ 189):

Սակայն ԱՆ աշխատակիցները մինչև հիմա որևէ հրապարակային բացատրություն չեն տվել այս հարցի առնչությամբ, թեև այդ տվյալները հիմք են ընդունել օրինագծում: Ի՞նչ գործոն է 5 տարվա ընթացքում սակավարյունության եռակի աճ առաջացրել Երևանում, և կրկնակի աճ՝ Գեղարքունիքում: Ինչու՞ մինչ այժմ որևէ հետազոտություն չի կատարվել այդ ուղղությամբ:

7. Տեղեկացնենք, որ ալյուրի պարտադիր հարստացման մասին օրենքի նախագիծը նպատակահարմար գտանք ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել 2015թ. վերջին։ Դա պայմանավորված է արդեն իսկ ՀՀ ԱԺ ներկայացված «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ։ Այս օրենքի կիրարկումով հանրային առողջապահական ծրագրերն օրենքի ուժ կստանան։

Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: Մի՞թե նշված օրենքի նախագիծը պարունակում է հակասահմանադրական դրույթներ, որոնք գործադիր իշխանությանը օրենսդիր մարմնի լիազորություններ են տալու:

8. Մինչդեռ որոշ բանախոսներ, այդ թվում` ծրագրի ընդգծված հակառակորդներ, առաջարկում են հարստացնել ցորենի ալյուրի ոչ թե 80, այլ` 50 տոկոսը:

Տեղեկացնենք, որ «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունը բաց է բոլոր քաղաքացիների առաջ. նախաձեռնոող խմբին միացել են բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ: Նրանցից ոմանք մասամբ այլ դիրքորոշում ունեն: Մասնավորաբար, պարոն Սելիմյանն ալյուրի մասնակի հարստացման կողմնակից է: Հետո՞ ինչ. հարկ կա՞ բացատրելու, որ քաղաքացիական նախաձեռնությունը կուսակցություն չէ, ոչ էլ նախարարություն, և նրան միացած յուրաքանչյուր քաղաքացի չի կորցնում սեփական տեսակետն ունենալու և այն ազատորեն արտահայտելու իրավունքը: Եվ ինչու՞ պիտի Սելիմյանը չգովազդի իր պատենտավորած գյուտի հիման վրա թխվող հացը, երբ նախարարության աշխատակիցներն զբաղված են ոչ թե առողջարար հացի, այլ ֆոլաթթվի գովազդով:

7. Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է բացառապես բնական սննդի միջոցով լուծել միկրոսննադատարրերի անհրաժեշտ քանակի մուտքը մարդու օրգանիզմ։

Այս սկզբունքն համարում ենք հրապարակման մեջ ամենակարևորը: Անցյալ դարի կեսերին որդեգրված այս խիստ վտանգավոր սկզբունքը կանաչ ճանապարհ է բացել ամեն տեսակ արհեստական սննդային հավելումների և վիտամինների լայնորեն կիրառման համար: Մի՞թե շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Կանադայի տխուր փորձը, ձեզ ոչինչ չի սովորեցրել, հանրային առողջապահության հարգելի պատասխանատուներ: Այս մասին շուտով առանձին հոդված կհրապարակենք, առայժմ կոչ ենք անում ձեզ.

Ջինին բաց մի թողեք շշից. անդառնալի հետևանքներն իրենց երկար սպասել չեն տա, անկանխատեսելի ռիսկերի մի ենթարկեք մեր և ձեր երեխաների առողջությունը: Հայաստանը մի վերածեք արհեստական հավելումների և վիտամինների գործնականում անվերահսկելի շուկայի:

Իսկ գուցե նախքան այդ հավելանյութերը ողջ ազգաբնակչությանը պարտադրելը անձամբ ձեր կամ ձեր երեխաների վրա՞ փորձեիք դրանց ազդեցությունը, այս օրինագծի հարգարժան կողմնակիցներ: Հնում լավ սովորույթ կար. կամուրջ սարքողը կանգնում էր կամուրջի տակ, և բեռնված կառք էր անցնում կամրջի վրայով. կամուրջ սարքող վարպետն իր կյանքով էր երաշխավորում իր կառուցածի անվտանգ լինելը: Լուի Պաստյորը կատաղության դեմ իր ստեղծած պատվաստանյութն առաջինն իր վրա է փորձարկել: Իսկ դուք շտապել եք հարստացված ալյուրի անվտանգության պատասխանատվությունը բարդել ալյուր արտադրողների վրա և օրինագծում ոչ մի բառ չեք գրել պրեմիքսների անվտանգության մասին, ինչպես նաև հնարավոր բացասական հետևանքների պատասխանատուների ու պատասխանատվությունների մասին:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter