HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սայաթ-Նովայի արձանը Գյումրիում ունենալու ցանկությունն այլեւս իրականություն է

Գյումրու Սայաթ-Նովայի անունը կրող պողոտայի վերջնամասում նրա արձանը տեղադրելու ցանկություն եղել է դեռեւս խորհրդային տարիներից: Բավական մեծ ընդմիջումից հետո այդ գաղափարն իրականություն դարձավ միայն այսօր: Այդ նպատակով Գյումրու քաղաքապետարանն ավագանու որոշմամբ 7մլն դրամ էր տրամադրել, հայտարարվել էր էսքիզների մրցույթ, եւ ի վերջո ընտրվել էր քանդակագործ Արտուշ Պապոյանի առաջարկը:

Բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ կեսօրին՝ զուգորդված մայիսմեկյան համաքաղաքային այլ տոնակատարություններով:

Արձանի հեղինակ, քանդակագործ Արտուշ Պապոյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ քանդակելիս փորձել է ավելի շատ կերպարին փոխանցել դեռեւս դպրոցական տարիներին մեծ քնարերգուից ստացած տպավորությունները: «Ես քանդակել եմ իմ Սայաթ-Նովային, որ հույս ունեմ կսիրվի քաղաքի բնակչության կողմից եւ կդառնա իրենցը: Ինչպես հայտնի է, Սայաթ-Նովայի իրական լուսանկար գոյություն չունի: Շատ տարածված է նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների շարքը: Ես ավելի շատ քանդակել եմ պոետ, քան թե աշուղ Սայաթ-Նովային: Փորձել եմ ստանալ նրա լիրիկական կերպարը»,- նշեց քանդակագործը:

Բրոնզաձույլ արձանի աշխատանքները տեւել են երկու ամիս: Ի սկզբանե այն պետք է չափսերով ավելի մեծ լիներ, սակայն տրամադրված գումարի չափը եւ տեղադրման վայրը քանդակագործին հետ են պահել մոնումենտալ գործ ստեղծելու մտքից: Փողոցի բավական բանուկ հատվածում տեղադրված արձանը չպետք է խանգարեր երթեւեկությանը, եւ տեսադաշտ փակելու խնդիր չպետք է առաջանար. ահա այսպիսի խնդիր էր դրված քանդակագործի առաջ, որն էլ, ըստ պատվիրատուների, հաջողությամբ լուծվել է:

Նշենք, որ Արտուշ Պապոյանի հեղինակած երկու մաշտաբային գործերը՝  «Հայուհին» եւ «Վարդանանց» արձանախումբը, գտնվում են քաղաքի երկու մեծ հրապարակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter