HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Անգլիայի թագուհու նվերն Աղազարյաններին

Աննա Բաբաջանյան

«Մայր Հայաստան» Զինվորական թանգարանում պահվում է մի իր, որը սերնդից սերունդ է փոխանցվել եւ պատկանում է Աղազարյանների ընտանիքին։ Սրի վրա փորագրված են այս  շնորհակալական խոսքերը` անգլերենով. «Նվիրված է այն քչերին եւ շատերին, ովքեր հնարավոր դարձրին հաղթանակը»: Իսկ հաղթանակը գրանցվել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, որն իրականություն դարձավ նաեւ Աղազարյան ընտանիքի անդամների շնորհիվ: Նրանք բնիկ իզմիրցի Աղազարյան ընտանիքի զավակներն էին: Այս գերդաստանի պատմությունն ուսումնասիրելիս իմանում ենք, որ Աղազարյան զավակների ծնողները Առաջին աշխարհամարտի վերջին գաղթել են Անգլիա, որտեղ էլ ծնվել են Լեւոնը, Նոյելը, Ջեքը եւ նրանց քույրը` Մոնիկը:

Չորսն էլ մասնակցել են Երկրորդ աշխարհամարտին, ծառայել օդային ուժերում: Նրանցից երկուսը, ցավոք, զոհ են  գնացել պատերազմին. «Լեւոն նախ հեծելազօրք մասնակցեցավ զանազան ճակատներու 1940-ին  «Ռօյլ Էր Ֆօրս»-ի,Մօնիք մասնակցեցավ  կրավորական պաշտպանութեան,  Նօէլ զոհ գնաց պատերազմի ընթացքին: Իսկ Ճէքը  Աղազարեան ընտանիքի երկրորդ զոհն էր պատերազմին»,-կարդում ենք նրանց ընտանիքի պատմությունում:  Ուշագրավ է, որ Նոյելը դարձել է Ռիչարդ Հիլարիի «Վերջին թշնամի» եւ ուրիշ հեղինակների պատերազմական վեպերի հերոսը: Իսկ Ջեքն էլ անմահացել է ֆրանսիացի մի  հեղինակի գործում: Այսպիսով, եղբայրներից ողջ է մնացել միայն Լեւոնը, ով հինգ տարի ծառայել է պատերազմում, նախ` Եվրոպայում, հետո` Հնդկաստանում: Նա իր ծառայության ընթացքում այնպիսի հաջողություններ է գրանցել, որ Կալկաթայի հայերը մեծ պատիվներ են արել հայազգի բրիտանացի զինվորին:

Իսկ ամենամեծ պատիվն իրենց  անձնվեր ծառայությունների դիմաց Աղազարյանների ընտանիքին արժանացրել է անձամբ Անգլիայի թագուհին` նվիրելով նրանց սուրը, որը հետագայում պետք է դառնար գերդաստանի հպարտության առարկան: Լեւոն Աղազարյանը, լինելով եղբայրներից  այն միակը, ով ապրեց  երկար,  այդպես էլ չեկավ հայրենիք, սակայն մինչեւ իր ծերության օրերը  Լեւոնը  երազում էր սուրը չթողնել օտար ափերում, այլ իր մահից հետո բերել Հայաստան: Ի վերջո՝ ամուսնու երազանքն իրականություն է դարձնում նրա կինը` Սոնյա Իզմիրլյանը, ով եղբոր հետ կատարած իր հերթական այցելության ժամանակ 1997-ին սուրը նվիրում է «Մայր Հայաստան» թանգարանին:

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Անգլիական թագուհու ձեռքից նվերը նույնն է՝ ինչ նվերը սատանայի ձեռքից։ Նզովյալ լինեն դրանք իրենց ազգով ու պետությամբ։ փառք մեր հայ զինվորներին, թեկուզև օտար դրոշի ներքո։ Աղազարյաններին նեղացնելու միտք բնավ չկա, հասկացողը հասկանում է միտքս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter