HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Առաջարկ օրենսդրին՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը փոփոխելու պահը հասունացել է

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Շնորհավորանքներ, լրագրողների հասցեին դրվատանքի խոսքեր շատ կհնչեն, դրան արժանի մարդիկ մեր ոլորտում, անշուշտ, կան: Բայց այս «տոնական» օրով ես որոշեցի ոչ թե շնորհավորել մեզ ու մեր գործընկերներին, այլ առիթն օգտագործել ու գրել ինձ՝ որպես լրագրողի ու նաեւ ընթերցողի հուզող մի հարցի մասին:

Ինտերնետի ու տեխնոլոգիաների շնորհիվ ցանկացած ոք այսօր դարձել է լրագրող ու ներկայանում է մեդիա ընտանիքի անունից՝ անկախ նրանից, թե ինչ բովանդակություն է ստեղծում: Հայկական համացանցը հեղեղված է երեւակայելի ու աներեւակայելի անուններով կայքերով, որոնց հրամցրածը անգամ հեռավոր առնչություն չունի ժուռնալիստիկայի հետ՝ բամբասանք, սուտ, ապատեղեկատվություն, քարոզչություն, կեղծ սենսացիա եւ այլն: Այդպիսի «լրատվամիջոցները» եւ դրանցում աշխատող լրագրողները պարզապես գցում են մասնագիտության պատիվը, արատավորում դժվարությամբ, տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում վաստակած հարգանքն ու վստահությունը: Պրոֆեսիոնալ լրագրությանը վերջիններիս հասցրած վնասները երկար կարելի է թվարկել:

Ինտերնետը կարգավորելուն դեմ հանդես եկողները հիմա կասեն՝ ընթերցողն է ընտրում՝ ինչ կարդալ, պարզապես պետք է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը: Արդեն քանի տարի սպասում ենք այդ մակարդակի բարձրացմանը, բայց դրա փոխարեն աճում է պսեվդո լրատվամիջոցների թիվը: Ես էլ կողմ չեմ Ինտերնետը կարգավորելուն, բայց կարծում եմ, որ ինչ-որ միջոց պետք է գտնել, որը թույլ կտա ընթերցողին, օրինակ, լրատվամիջոցը տարբերել «մարդ-խմբագրությունից», իսկական ԶԼՄ-ն՝ «ֆեյքից», բոլորի համար խաղի նույն կանոնները սահմանել:

Դրա համար կարեւոր է, որ բոլոր լրատվամիջոցները ներկայանան, այսինքն՝ ընթերցողին ներկայացնեն իրենց խմբագրակազմը, հիմնադրին, գործունեության այլ մանրամասներ: Լրագրող եւ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանն այս խնդրին նախկինում անդրադարձել է՝ թողարկման տվյալներ չներկայացնող առցանց ԶԼՄ-ներին անվանելով «լրատվական ֆեյքեր» եւ առաջարկելով նրանց դեմ պայքարել նրանց օրենքի դաշտ բերելով: Այսինքն` փոփոխություններ կատարելով «Զանգվածային լրատվության մասին» 2003թ. ընդունված օրենքում, որով թողարկման տվյալների մասին տեղեկություններ հրապարակելու պարտադիր նորմը կտարածվի նաեւ առցանց ԶԼՄ-ների վրա:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը մասամբ կարգավորում է հիմնադիրների հարցը, բայց այն հիմնականում վերաբերում է տպագիր լրատվամիջոցներին եւ հեռուստաընկերություններին, իսկ առցանց լրատվամիջոցների հարցը կարգավորված չէ: Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն` նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկում պետք է ներառի` լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը:

Քանի որ Հայաստանում լրատվամիջոցներն ի վիճակի չեն ինքնակարգավորվելու (բոլոր նման փորձերը ձախողվել են), կարծում եմ՝ հասունացել է պահը, որպեսզի օրենսդիրն անդրադառնա այս հարցին: 

Օրենսդրական այս փոփոխությունը կօգնի նաեւ հեղինակային իրավունքների պաշտպանության հարցում: Վերջին տարիներին ամենից շատ լրագրողներս բողոքում էինք գրագողությունից: Մեկը շաբաթներով աշխատում էր մի հոդվածի վրա, հրապարակում, եւ 1 րոպե անց այդ տքնաջան աշխատանքի արդյունքը հայտնվում էր ինչ-որ նորաթուխ, սեփական բովանդակությունից զուրկ կայքում, որը ուրիշի աշխատանքով դիտում էր ապահովում:  

2013-ին «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, թվում է, պիտի հեշտացնեին գրագողության դեմ պայքարը: Բայց պարզվեց` այդ ճանապարհին այլ խոչընդոտներ էլ կան: Եթե ձեր նյութը առանց պատշաճ հղման մեջբերել կամ առանց ձեր համաձայնության արտատպել է ինտերնետային լրատվամիջոց, ապա նրան դատի տալը մեծ գլխացավանք է: Որպես պատասխանող դատարան է կանչվում ԶԼՄ-ի հիմնադիրը: Ինտերնետային լրատվամիջոցի հիմնադրին գտնելը այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ ինտերնետային կայքերը հիմնականում ոչ մի տեղեկություն չեն հրապարակում հիմնադրի, խմբագրակազմի, խմբագրության գտնվելու վայրի, երբեմն` անգամ իրենց հետ կապի միջոցների մասին: 

Երբ անցյալ տարվա հունվարին «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը հեղինակային իրավունքների խախտման հայցով դատարան դիմեց ընդդեմ blog.1in.am կայքի, որն առանց թույլտվության եւ պատշաճ հղման ամբողջությամբ արտատպել էր «Հետք» պարբերականի 8 հոդված (հեղինակային հարցազրույցներ ֆոտոպատմություն եւ հետաքննական նյութեր), բախվեց այդ խնդրին:

Կայքի դոմեյնի անվանումից, նաեւ այն հանգամանքից ելնելով, որ սոցիալական ցանցերում blog.1in.am-ի նյութերը տարածվում են 1in.am-ի էջից, ենթադրեցինք, թե նրանց հիմնադիրները նույնն են: Ոչ blog.1in.am-ի, ոչ էլ 1in.am-ի էջում որեւէ տեղեկություն չկա կայքերի հիմնադիրների, խմբագիրների, դրանց գործունեության հասցեների մասին (բլոգում անգամ հռախոսահամար կամ էլ. հասցե չկա): Ենթադրաբար որպես պատասխանող հայցում նշեցինք «Առաջին լրատվական» ՍՊԸ-ն, որը գրանցված է Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում: Բայց ընթացքում տեղեկացանք, որ Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանները 27.12. 2012թ. քաղաքացիական հայց էին ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի 1in.am-ում հրապարակված երկու նյութի («Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ», «Քոչարյանների րոպեավճարը») կապակցությամբ եւ պարտվել` ոչ պատշաճ պատասխանողի մատնանշելու պատճառով: Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը չէր կարողացել ապացուցել, թե ով է «Առաջին լրատվական»-ի հիմնադիրը: Դատաքննության ընթացքում «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Բաբաջանյանը բացատրություններ էր տվել առ այն, որ իր ղեկավարած ընկերությունը՝ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ն, ստեղծման օրվանից երբևիցե որևէ հրատարակչական գործունեություն չի իրականացրել, հետևաբար չէր էլ կարող որևէ հոդված հրապարակել:

 Ու մենք սկսեցինք փնտրտուքը. http://website.informer.com/1in.am կայքից տեղեկացանք, որ 1in.am-ին դոմեյն տրամադրել է «Էյ Բի Սի դոմեն» ընկերությունը (ABC Domain LLC) http://www.internet.am/: Կազմակերպության փաստաբանը գրավոր դիմեց «Էյ Բի Սի դոմեն» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Արծրունուն` խնդրելով հայտնել, թե ում կամ որ ընկերությանն է տրամադրվել 1in.am դոմենը: Ըստ Ա. Արծրունու գրության` 1in.am դոմենային անունը 2010թ. սեպտեմբերի 27-ից հաշվեգրված է Արման Բաբաջանյանի անունով:

Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն` Արման Բաբաջանյանը «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիրն է, որն էլ «Ժամանակ» թերթի հիմնադիրն է: «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Բաբաջանյանը Արման Բաբաջանյանի եղբայրն է: Ու չնայած ՍՊԸ-ն ունի նույն անվաումը, ինչ կայքը, բայց այն չէ 1in.am-ի կամ «Առաջին լրատվական» կայքի հիմնադիրը:

Այս «գլուխկոտրուկի» ինքնուրույն լուծումը չավարտեցինք, քանի որ դատաքննության ընթացքում blog.1in.am կայքի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի անունից առաջարկ ստացանք «հաշտության համաձայնություն» կնքելու մասին եւ այդ առաջարկից իմացանք, որ ինչպես «Ժամանակ», այնպես էլ «Առաջին լրատվական» (1in.am), blog.1in.am կայքերի հիմնադիրը «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն է: Թե ինչու է այս տեղեկատվությունը գաղտնի պահվում եւ միտումնավոր խճճվում, կիմանան Բաբաջանյան եղբայրները:

Պատահականության սկզբունքով ես ուսումնասիրեցի 10 ինտերնետային կայք, որոնց թվում՝ հանրությանը լավ հայտնի եւ պրոֆեսիոնալի հավակնություն ունեցողներ. դրանցից ոչ մեկը չի նշել հիմնադրի անունը: Մի մասն անգամ խմբագրության հասցեի, խմբագրակազմի մասին տեղեկություն չի տրամադրում: Չեմ պնդում, որ նրանք բոլորը միտումնավոր չեն հրապարակում իրենց հիմնադիրների անունները, պարզապես ցույց եմ տալիս, որ հիմնադրի մասին տեղեկություններ չհրապարակելը տարածված պրակտիկա է: Մինչդեռ այս տեղեկատությունները կարեւոր են ընթերցողի համար՝ հավատալու, որ լրատվամիջոցը պատասխանատվություն ունի իր գրածի համար ընթերցողի առջեւ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter