Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ջոնի Քեշի կրակե օղակը



«Ring of Fire». սա քանթրի երաժշտության պատմության մեջ ամենաճանաչված երգերից է: Եվ ոչ միայն. 20-րդ դարի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկի՝ ամերիկացի երգիչ, երգահան և դերասան Ջոնի Քեշի ամենահայտնի երգն է: Համաշխարհային հիթ, որը 7 շաբաթ անընդմեջ գլխավորեց երաժշտական չարթերը և տասնյակ տարիների հեռվից էլ շարունակեց հիշեցնել իր առանցքային դերը՝ բազմաթիվ կոչումներով ու մրցանակներով: «Ring of Fire»-ը ճանաչելիության սահմանը անսահմանության վերածելուց բացի՝ հեղինակներին կոմերցիոն մեծ հաջողություններ ապահովեց:

Սակայն, երգին վիճակված էր իր մասին լսեցնել ոչ միայն լավ գործ և կատարում  լինելով, այլ, ինչպես լինում է հաճախ,  երգչի անձնական կյանքով պայմանավորված՝   թեժ քննարկումներով: «Ring of Fire»-ը անընդմեջ հաջողություններին զուգահեռ՝ ավելացնում էր հարցեր և վիճահարույց պատմություններ՝ կապված տեքստի իմաստի և հեղինակային պատկանելության մասին: Ըստ պաշտոնական հրապարակման՝ երգի հեղինակներն են Ջուն Քարթեր Քեշը և Մերլ Քիլգորը:  Ջուն Քարթերը այդ ժամանակ Ջոնի Քեշի սիրուհին էր, հետագայում դարձավ կինը: Նա, իբրև հեղինակ, երգին անդրադառնալիս՝ մեկ անգամ չէ, որ պատմել է, թե ինչպես է իր մոտ ծնվել այն գրելու գաղափարը: Ըստ այդ պատմության՝ մի գիշեր, մեքենայով թափառելիս, նա մտածում էր իր և Ջոնի Քեշի հարաբերությունների մասին: Ջոնին տարված էր ալկոհոլով և թմրադեղերով, անառողջ կյանք էր վարում, որին դիմակայելու մտահոգությունը գնալով խորանում էր:  Երգը այս մտահոգության արդյունքն էր: Որոշ աղբյուրների համաձայն՝ Քարթերի հորեղբայրը ելիզավետյան դարաշրջանի գրքեր ուներ. անգլիական ոսկեդարից նա կարդում էր հատկապես պոեզիա և մատիտով ընդգծում սիրած տողերը: Դրանցից մեկը նկատել էր Ջունը:  «Love is like a burning ring of fire» (Սերը նման է բոցավառված կրակե օղակի) արտահայտությունը նա մտապահեց և որոշ ժամանակ անց՝ նրանից ներշնչված, ամերիկացի երգահան  Քիլգորի հետ սկսեց աշխատել ապագա հիթի ստեղծման վրա:

Այս պատմությանը, սակայն, հակադարձում է Ջոնի Քեշի նախկին կինը՝ Վիվիան Քեշ/Լիբերտոն, ով տեղյակ էր ամուսնու սիրային կապից, բայց, միևնույն ժամանակ, շարունակում էր երգչի հետ համատեղ կյանքն ու հավատարիմ լռությամբ կիսում նրա ստեղծագործական վայրիվերումները: Նույն թվականին, երբ երգը ստեղծվեց, Քեշը բաժանվեց կնոջից և տեղափոխվեց Քարթերի մոտ: Իր «I Walked the Line.  My Life with Johnny» գրքում Վիվիանը անդրադարձել է երգի ստեղծմանը. Նա վստահաբար  պնդում է, որ Քարթերն իրականում ամենևին էլ համահեղինակ չի եղել. նրա անունը գրանցվել է Ջոնիի նախաձեռնությամբ: Վերջինս կնոջն ասել է, որ Քարթերը  խիստ փողի կարիք ունի և նա որոշել է այս կերպ օգնել ընկերուհուն: «Մինչ օրս զարմանքից ապշում եմ՝ լսելով Ջունից մանրամասն պատմություններ, թե ինչպես է նա երգը գրել Ջոնիի համար: Ճշմարտությունն այն է, որ հեղինակը Ջոնին էր՝ ով այդ օրը հարբած և հաբերի ազդեցության տակ երգ էր հորինել՝ նվիրված կանացի մարմնի որոշակի մասին: Այս բոլոր տարիների ընթացքում համոզում էր, որ ինքն է երգը գրել, մինչդեռ էդպես էլ երևի չի հասկացել, թե իրականում ինչի մասին է այն»,- նշում է Վիվիանը: 

Սա դեռ ամենը չէ. Քեշի ընկերներից մեկի՝ Քըրլի Լյուիսի պատմությունը ևս որոշակի լույս է սփռում երգի շուրջ ծավալված բուռն քննարկումների վրա: Այս երաժիշտը գրեթե միշտ ուղեկցում էր համերգների ժամանակ Քեշին, ով նրա տարբերակում ևս երգի հեղինակն է. «Ջոնին, Մերլ Քիլգորը և ես Կալիֆոռնիայում՝ Կասիտաս լճում ձուկ էինք որսում (Ի դեպ, այս մասին նշել է նաև Վիվիեն Քեշը): Հենց այդ օրը նա գրեց «Ring of Fire»-ը… Երբ արդեն բավականաչափ տեսքի էր եկել և մի քանի անգամ էլ փորձարկվել, Ջոնին հանկարծ ոգևորված բացականչեց, որ այն հզոր երգ է: Ապա, դառնալով Քիլգորին, ասաց՝ «Ես պատրաստվում եմ բաժանվել կնոջիցս և չեմ ուզում, որ երգը կապեն այդ հանգամանքով. դրա համար ավելի լավ կլինի, որ Ջունին ներկայացնենք, որպես հեղինակի»: 

Անդրադառնալով երգի իմաստին՝ Ք. Լյուիսը մեկնաբանել է նույն կերպ, ինչ Վիվիանը՝ միայն մարմնի մասը ուղղակի անվանելով: «Երգը սիրո փոխակերպվող հզորության մասին է. ես այդպես եմ ընկալում և միշտ այդ  իմաստը կունենա Քեշի երեխաների համար»,- ասել է երգչի դուստրը:  

«Ring of Fire» –ը առաջին անգամ ձայնագրվել է Ջունի քրոջ՝ Անիթա Քարթերի կատարմամբ  իր «Folk Songs Old and New» ալբոմի համար՝ « (Love's) Ring of Fire» անվամբ: 1962թ. այն թողարկվեց նաև սինգլ տարբերակով և թեպետ «Billboard» ամսագրի կողմից բնորոշվեց որպես ընտրյալ  հիթ, այնուամենայնիվ հանրային մեծ լսարանում առանձնապես հաջողություններ չունեցավ: Անիթայի տարբերակն ունկնդրելուց հետո Քեշը հայտարարեց, որ տալիս է նրանց հինգ կամ վեց ամիս ժամանակ, և եթե այդ ընթացքում Քարթերը չհաջողացնի այն հիթի վերածել, ուրեմն ինքը կձայնագրի արդեն այնպես, ինչպես ինքն է երգն ընկալում: Այդպես էլ եղավ. Ջոնի Քեշը կատարեց այն 1963թ. և ինչպես հետագա ընթացքը ցույց տվեց, այս տարբերակը նոր կյանք տվեց «Ring of Fire»-ին, գուցեև այն, ինչ նախապես վիճակված էր ունենալ: Նույն թվականի գարնանը թողարկվեց երգի սինգլը, որը գլխավորեց «Billboard Hot Country Singles»-ը: Ո՞վ էր իրականում երգի հեղինակը, ի՞նչ պատմություն էր թաքնված նրա հետևում, ոչ ոք ստույգ չի կարող ասել: Այն հավանաբար, որպես անհետաքրքիր փաստաթուղթ, երգի իրական արժեքը գնահատող արտիստների կողմից փոշիացվել է, մոռացվել հիշողության ամենահեռավոր գրպաններում. ո՞րն է կարևոր այս պատմության մեջ, նրանք թողել են երաժշտության երկրպագուներին:

Երգի հանդեպ հանրության ուշադրությունն ու գնահատանքը չի նվազել տասնյակ տարիներ անց. 2003թ. «Ring of fire»-ը կանադական «CMT»-ի  (Country Music Television) կողմից ճանաչվեց 4-ը՝ աշխարհի 100 լավագույն քանթրի երգերի շարքում: «Rolling Stone» ամսագրի տվյալներով՝ 87-րդն է հանրահայտ «լավագույն 500 »-ում: 2010թ. «Recording Industry Association of America»-ն երգի կարևորությունը ամերիկյան երաժշտական մշակույթում վավերացրեց «Ոսկե հավաստագրով»:

«Ring of Fire»-ը կատարվել է բազմաթիվ երաժիշտների կողմից, որոնց մեջ մեկնաբանության և կոմերցիոն առումով հաջողվածը համարվում է «The Animals» խմբի քավըրը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ