HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միայն եզդիները կկարողանան իրենց խնդիրները լուծել»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին

-Իրաքի Թել Աֆեր նահանգում, նաև ըստ Ձեր կազմակերպության հայտարարարության, «Իսլամական պետություն» խմբավորումը 600 եզդի քաղաքացու մահապատժի է ենթարկել: Ձեր տվյալներով` Իրաքում քանի՞ եզդի քաղաքացի կա հիմա, ինչպե՞ս է նրանց կացությունը:

-Իրաքում մինչ 2014-ի դեպքերը ապրում էին ավելի քան 1 միլիոն եզդիներ եզդիաբնակ Շեյխան և Շինգալ շրջաններում: Շինգալի վրա հարձակումից հետո 150.000 եզդիներ լքեցին Իրաքը, իսկ 400.000 եզդիներ ապաստան գտան Իրաքի այլ քաղաքներում: «Իսլամական պետության» գերության մեջ ավելի քան 5.000 եզդի կանայք, երեխաներ և երիտասարդներ կան, որոնցից 600-ին երեկ գնդակահարել են: Եզդիների շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է դժվարին մնալ, և փախստական եզդիները սպասում են հարձակումների: Քրդական ինքնավարության ուժերն իրենց հերթին ևս ճնշում են եզդի փախստականներին, ձերբակալում են եզդի ակտիվիստներին: Քրդական ինքնավարությունն ամեն բան անում է, որպեսզի Շինգալը չազատագրվի, և եզդիները չկարողանան ինքնավարություն ստեղծել: Ամեն ինչ անում է, որպեսզի Իրաքում ապաստանած եզդիներն էլ լքեն երկիրը:

-Իսկ մնացած եզդիները, ովքեր գտնվում են գերության մեջ, ունե՞ք տեղեկություն` ի՞նչ վիճակում են:

-Իրենց ևս նույն ճակատագիրն է սպասվում, միայն մի քանի տասնյակ գերիների է հաջողվել փախուստի դիմել և փրկվել:

-Իսկ ինչպե՞ս եք կապ պահպանում Իրաքի եզդիական համայնքի հետ: Դեռևս մի քանի ամիս առաջ շրջանառվում էին խոսակցություններ, որ Հայաստանում բնակվող եզդիների միջոցով Հայաստան կտեղափոխվեն եզդիներ Իրաքից:

-Մենք փորձեցինք փախստականներին բերել Հայաստան, սակայն ՀՀ պետական մարմինները որոշակի հարցերում չընդառաջեցին, և հնարավոր չեղավ իրականացնել դա: Եզդիական համայնքի հետ կապ ենք պահում հեռախոսով, համացանցով, այնտեղ ապրող ընկերներ կան: Օրերս այստեղ էին եզդի գործիչներ Իրաքից:

-Ստեղծված իրավիճակում կոնկրետ ի՞նչ գործողություններ պետք է անի միջազգային հանրությունը` բացի կոչեր հնչեցնելուց:

-Առաջին հերթին եզդիներին ուղիղ ճանապարհով զինելն է և ռազմական գործողությունների ժամանակ միասնական պայքարելը:

-Իրատեսակա՞ն եք համարում դա:

-«Իսլամական պետության» վրա չի կարելի ազդել միջազգային ճնշմամբ, քանի որ նա որևէ պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար միջազգային կառույցներում: Միայն նրանց ոչնչացնելով կարելի է հասնել արդյունքի: Իհարկե, իրատեսական չէ, այստեղ է, որ մենք ասում ենք, որ միայն եզդիները կկարողանան իրենց խնդիրները լուծել, միայն թե անհրաժեշտ է, որ եզդիներն այս շոկային իրավիճակից կարողանան դուրս գալ և հասկանան, որ չպետք է սպասեն փրկիչների այլ պետություններից:

-Իսկ եզդիներն ինքնապաշտպանություն կազմակերպո՞ւմ են Իրաքում:

-Կազմակերպում են: Այսօր խոսում էի ջոկատներից մեկի մի մարտիկի հետ: Իրենց միակ խնդիրը զենք-զինամթերքի պակասությունն է: Իսկ ճանապարհները փակ են: Իրենք չենք կարող այնքան միջոցներ կուտակել, որ հակահարձակման անցնեն: Քրդական ինքնավարությունն էլ իր կողմից է փակել ճանապարհը, քանի որ վտանգ է տեսնում, որ Շինգալի ազատագրումից հետո եզդիները կփորձեն անկախ ապրել:

-Այսինքն` Շինգալո՞ւմ են ինքնապաշտպանություն կազմակերպում:

-Այո, իհարկե, Սինջար (Շինգալ, Շենգալ, Սանջար) քաղաքի կեսը եզդիների վերահսկողության տակ է, և եզդիական ջոկատները շարունակում են պաշտպանել լեռներում ծվարած 20.000 եզդիների, ովքեր հրաժարվում են լքել լեռները:

-Ձեր կազմակերպությունն ի՞նչ քայլեր է մտադիր անել:

-Գիտեք, մենք այսօր էլ փորձում ենք առաջին հերթին նպաստել եզդիական համաշխարհային կոնգրեսի ստեղծման աշխատանքներին: Միայն նման կառույցի ստեղծումից հետո կարելի է խոսել միասնական ջանքերի մասին: Իսկ մնացյալ դեպքերում, ինչ էլ որ մենք ցանկանանք անել, դրանք անիրատեսական կլինեն` առանձին-առանձին:

-Իսկ ի՞նչ է տալու եզդիների համաշխարհային կոնգրեսը: Դա արդյո՞ք ժամանակատար խնդիր չէ:

-Ոչ, ժամանակատար չէ: Այդ դեպքում կկարողանանք հասկանալ` ի՞նչ է պետք, ամեն կառույց ի՞նչ կարող է անել իր երկրում և ընդհանրապես այս պայքարի համար: Աշխարհում չի եղել որևէ դեպք, երբ պետականություն չունեցող ժողովուրդն առանց որևէ ձևի, համընդհանուր կառույցի կարողանա իր պայքարը տրամաբանական ընթացքի մեջ դնել և հասցնել ավարտին:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ինչքան լավ ու հեռատես կլիներ,եթե Արցախում (ասենք լքված Աղդամի շրջանում) մի տարածք տրամադրվեր,որպեսզի այնտեղ եզդիներ վերաբնակեցվեն: Մոտ 200-300 քառ. կմ տարածք տվեք այնտեղ եզդիներին.թող գան,բնակվեն ու իրենց ազգային-պետական միավորը ստեղծեն: Բարեկամ ժողովուրդներո՛վ պիտի սահմանն ամրացնել: Նույնը ասորիների հետ պիտի անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter