HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախում ԱԺ ընտրություններ են (ֆոտոռեպորտաժ)

Այսօր առավոտյան Արցախում մեկնարկեց 6-րդ գումարման ԼՂՀ ԱԺ ընտրությունները։


Համաձայն ԼՂՀ ԿԸՀ-ի` ժամը 11։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 101.653 արցախցիների 23,4 տոկոսը (23.786 մարդ) արդեն կատարել են իր քաղաքացիական պարտքը։ Ազգային ժողովի 33 մանդատներից 22-ի համար համամասնական ընտրակարգով պայքարում են 7 կուսակցություններ՝ («Ազատ Հայրենիք»,«Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազգային վերածնունդ», «Շարժում-88», «ԼՂ կոմունիստական կուսակցություն», «Խաղաղություն և զարգացում կուսակցություն») 164 թեկնածուներով, իսկ մեծամասնական ընտրակարգով 11 մանդատի համար` 42 թեկնածու։

Ըստ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի՝ խորհրդարանական նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրություններում առաջադրված թեկնածուների թիվը կրկնապատկվել է։

Ընտրություններին ներկա են 100-ից ավել դիտորդներ ավելի քան 30 երկրներից։ ՀՅԴ եվրոպական հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած 15 հոգուց բաղկացած դիտորդական խումբը հիմա աշխատում է հանրապետության տարբեր շրջաններում, և ըստ նրանց ներկայացրած զեկույցների, այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է ընթանում, խախտումներ չկան։

Ստեփանակերտից հաշվապահ Էլադա Առստամյանը 6-րդ գումարման ԱԺ-ի հետ մեծ հույսեր է կապում. «Ամենամեծ ակնկալիքս այն է, որ խաղաղությունը կարողանան պահպանել, ու որ ժողովրդի կյանքն էլ ավելի բարեկեցիկ դառնա»:

Ռաֆայել պապը ընտրությունների է եկել այն հույսով, որ նորընտրյալ պատգամավորները ժողովրդի մասին ավելի շատ կմտածեն։

«Ամենաառաջինը կուզեմ ամուր բանակ ունենանք։ Իսկ երկրորդ՝ մեր իշխանավորները ավելի շատ մտածեն գյուղերի մասին։ Գյուղացին այսօր սեփական անասունի ու բանջարանոցի ոռոգման համար ջրին փող է տալիս։ Իսկ Վերին Հոռաթաղը, որ ամենաշատ զոհերն է տվել պատերազմի ժամանակ, այսօր հասարակ մանկապարտեզ չունի, այնինչ քաղաքացու դաստիարակությունը սկսվում է հենց մանկապարտեզից»,- ասաց Ռաֆայել Հայրիյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
1989 թ. դեկտեմբերի 1-ին «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշում է ընդունվել:...............................23.08.1990-ին Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը հիմք է ընդունել վերոհիշյալ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը:...............................1995 թվի (2005 թվին վերահաստատված) ՀՀ Սահմանադրությունը նույնպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները: Այսինքն՝ ըստ ՀՀ Սահմանադրության՝ Արցախը ՀՀ մաս է: Ուստի՝ հատկապես իրավական տեսանկյունից՝ այս ի՞նչ «ԼՂՀ ԱԺ ընտրություններ» են: ԼՂՀ-ն անկախանում է Հայաստանի՞ց, թե՞...: Վերջապե՛ս մի (արցախյան) պաշտոնյա այս հարցին պաշտոնական պատասխան կտա՞:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter