HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Վարդանյանի՝ սիրիահայերին նվիրաբերած 42 մլն դրամի ճակատագիրը

Սեդա  Հերգնյան 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սիրիահայերի նոր թաղամասի համար նախատեսված վայրում այսօր միայն ամայի հողատարածք կարելի է տեսնել: 

Դեռ 2012 թվականին հղացավ Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ թաղամաս հիմնելու գաղափարը, որտեղ պետք է կառուցվեին բնակարաններ սիրիահայերի համար: Ծրագիրը մշակվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով, ՀՀ կառավարությունն էլ՝ հավանություն տվել: Կա նաև Աշատարակի ավագանու որոշումը: Ի սկզբանե հայտարարված է եղել, որ «Նոր Հալեպ»-ը սոցիալական ծրագիր չէ: Սիրիական պատերազմի հետևանքով 2012-ին մեծ թվով  հայեր եկան Հայաստան: Նրանց մի մասն այսօր էլ ապրում է վարձով կամ ծանոթ-բարեկամների տանը:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանի խոսքով՝ Նոր Հալեպում  պետք է կառուցվեր  488 բնակարան: Ըստ հաշվարկի՝ հարկավոր էր 25 մլն դոլար: Այն պետք է կառուցվեր բարերարների աջակցությամբ: Եթե բարերարները նվիրաբերեին դրա, օրինակ, 15 մլն դոլարը, մնացած 10 մլն դոլարը պետք է հավաքվեր բնակարանի համար պայմանագիր կնքած սիրիահայերից՝ ըստ բնակարանի քմ-ի: Երբ Սփյուռքի նախարարությունը հայտարարեց ծրագրի մասին, սիրիահայերի շրջանում ոգևորության մեծ ալիք բարձրացավ: Նրանց խնդիրները համակարգելու նպատակով էլ հիմնադրվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը», որը հանդիսանում է  «Նոր Հալեպ»  ծրագրի պատասխանատուն ու համակարգողը՝ Սփյուռքի նախարարության գլխավորությամբ: Բայց այսօր այդ ոգևորությունից այս կենտրոնում միայն դիմումներ են մնացել, որոնք խնամքով համարակալված պահվում են՝ հույսով, որ մի օր դրանց կհաջորդեն պայմանագրեր ու բարերարներների նվիրաբերությունների մասին տեղեկանքներ: Սակայն սայլը տեղից չի շարժվում: 

Շուրջ 660 դիմում, 100 հազար դոլար, անորոշություն և ոչ մի հեռանկար 

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ կառուցվելիք Նոր Հալեպում բնակարան ձեռք բերելու համար դիմում է ներկայացրել շուրջ 660 սիրիահայ: Դիմում ներկայացրածները տեղյակ են եղել, որ Աշտարակում է  կառուցվելու թաղամասը և նշել են, թե որքան գումար են պատրաստ ներդնել բնակարանի համար: 

Ծրագիրն իրականացնելուն աջակցելու նպատակով բարերար ներդրողների համար բանկում հաշվեհամար է բացվել: Ըստ Լ. Հալաջյանի՝ Նոր Հալեպի համար մինչ այսօր բարերարներն ընդհանուր նվիրաբերել են 52 մլն դրամ, որից 135 հազ. դրամը վճարվել է կադաստրային քարտեզավորման համար, 10 մլն 60 հազ. դրամը՝ երկրաբանական աշխատանքների: Նա «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» անունից անձամբ 175  նամակ  է ուղարկել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող կայացած հայերին՝ առաջարկելով թեկուզ չնչին ներդրում կատարել «Նոր Հալեպ» ծրագրում, բայց այդ նամակներն անարձագանք են մնացել: Բացի այդ՝ դիմում գրած սիրիահայերից և ոչ մեկը գումար չի ներդրել բնակարանի համար, ոչ էլ՝ դիմումից հետո պայամանգիր կնքել: Լ. Հալաջյանն ասում է, որ դրա համար երկու պատճառ կա: Առաջինը՝  չստացվեցին ակնկալված նվիրաբերությունները, երկրորդը՝ մարդիկ հույս  ունեին, որ կգնան Հալեպ, կվաճառեն իրենց անշարժ գույքն ու ունեցածը կներդնեն, որ այդ բնակարանների գումարի մի մասն էլ իրենք վճարեն, բայց չեղավ: Չնայած այս ծրագրի համար ոչ մի կոնկրետ հեռանկար չկա՝ սակայն, ըստ Լ. Հալաջյանի,  իրենք դեռ փոքր հույս ունեն, որ նվիրաբերված գումարները կավելանան և ծրագիրը կյանքի կկոչվի: Նա ընդգծում է, որ այս դեպքում այդքան կարևոր էլ չի «Նոր Հալեպ»-ը կիրականանա, թե՝ մեկ այլ ծրագիր, կարևորը հայրենիքում հաստատված սիրիահայերին օգնել է, որ տանիք ունենան: 

Այդուամենայնիվ, ինչ պետք է արվեն այդ գումարները և որքան ժամանակ է դեռ հարկավոր հասկանալու համար՝ «Նոր Հալեպ»-ն, ի վերջո, ձախողված համարել, թե ոչ: Լ. Հալաջյանն այս հարցերի պատախանները չունի: Ասում է, որ իրենց համար էլ այսօր ամեն ինչ անորոշ է: Բարերարների նվիրաբերած գումարից, հանած կադաստրային քարտեզավորման և  երկրաբանական աշխատանքների գումարը, մնացել է 42 մլն դրամ՝ 100 հազար դոլար, որը հիմա պահվում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» «Արմենիա» մասնաճյուղում:  Այդ 42 մլն դրամը նվիրաբերել է լուսահոգի գործարար Հրանտ Վարդանյանը:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը» նաև չի մտածել՝ ինչ ճակատագիր կունենա 100 հազար դոլարը, եթե ծրագրի վերբերյալ եղած հույսն էլ, որը արդեն արադարացված էլ չի, մարի ու այն վերջնականապես ձախողված համարվի: Ըստ Լ. Հալաջյանի՝ կան տարբերակներ: Եթե կենտրոնը իրավասու լինի, ապա այն կարող է օգտագործել սիրահայերի համար այլ ծրագրերում, հնարավոր է դրա համար Վարդանյանի որդիների թույլտվությունը հարկավոր լինի: Կա նաև այլ տարբերակ՝ որդիներին վերադարձնել այդ գումարը, եթե  նրանք, իհարկե,  ընտրեն այդ տարբերակը:   

Սակայն մամուլից տեղեկանում ենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արդեն իսկ հայտարարել է, որ վերադարձնելու մտադրություն չունի: Նրա խոսքով՝ Հրանտ Վարդանյանը դա նվիրաբերել է ցանկացած ծրագրեր իրականացնելու համար:  Ու եթե չկառուցվի Նոր Հալեպը, ապա՝ գումարները այլ ծրագրերում կներդրվեն: 

Դիմում գրած սիրիահայերը  «Նոր Հալեպ» -ի հետ վաղուց հույսեր չեն կապում 

«Հետքը» զրուցեց մի քանի սիրիահայերի հետ, որոնք դիմում էին գրել «Նոր Հալեպ»-ում բնակարան ձեռք բերելու համար: Նրանց միայն մեկ հարց ենք տվել՝ ինչու՞ դիմումից հետո պայմանագիր չստորագրեցին բնակարանի համար: Պատասխանները հստակ են և միանման: Նախ, նրանք վաղուց էլ հույսեր չեն կապում այս ծրագրի հետ և այն միանշանակ տապալված են համարում: Առաջինն այն է, որ ծրագրի ողջ նպատակի հիմքում բարերարների ներդրումներն էին՝  որպես օգնություն սիրիահայերին: Այդ օգնությունը չստացվեց, իսկ առանց դրա՝ սիրիահայերի ունեցածը բավական չի եղել բնակարաններ գնելու համար: Հետո՝ նրանց մի մասը դեռ աշխատանք չի գտել, մի մասն էլ՝ ցածր վարձատրությամբ է աշխատում: Ուստի՝ չէին  կարող վճարել իրենց բաժին գումարը: Ժամանակի ընթացքում նրանք նաև հասկացել են, որ աշխատելով Երևանում՝ չեն կարող ապրել Աշտարակում. ամեն օր Երևան գնալ-գալը լրացուցիչ ծախսեր էր առաջացնելու: Մի մասն էլ, երբ հերթը հասել է պայմանագրին, իրենց խնայողությունները ծախսած են եղել, իսկ Սիրիա գնալու և իրենց անշարժ գույքը վաճառելու, գումարը բերելու հնարավորություն չեն ունեցել: Մի մասի կարծիքով էլ՝  ի սկզբանե վստահություն չի եղել ծրագրի նկատմամբ:

Գալով Հայաստան՝ նրանք մի շարք խնդիրների առաջ են կանգնել, ոմանք զրոյից սկսել են նոր բիզնես հիմնել, ոմանք էլ սպասել են, որ Սիրիայում վիճակը հանդարտվի և վերադառնան այնտեղ՝ իրենց տները, շարունակեն իրենց աշխատանքով և բիզնեսներով զբաղվել: Մինչև պատերազմը Սիրիայում կյանքը  բարեկեցիկ է եղել ու Հայաստանի այժմյան պայմաններն այնտեղ ապրած հայերի համար դժվար ընդունելի են: Ի վերջո, նրանց մեծ մասը հաշվի չէր առել, որ Հայաստանի կառավարությունը չի կարող իրենց այդպիսի բարեկեցիկ կյանք ապահովել՝ չկա համապատասխան բյուջե, կա աշխատատեղերի պակաս,  և իրենք պետք է այստեղ ապրեն ու աշխատեն այն տեմպերով, ինչպես անում են իրենց մնացած հայրենակիցները:  Բայց այսօր նկատելի է, որ Սիրիայից Հայաստան եկած հայերի մի մասն ընտելացել է հայրենիքի պայմաններին, մի մասն էլ այստեղ ջանք չի խնայում նոր բիզնեսի սկսելու, կամ  աշխատանք գտնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter