HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ կորածի հետքերով

Գրիգոր Հարությունյան

Սվետիկ Ոսկանյանն ամեն օր լուսաբացն ու մայրամուտը դիմավորում է իր տան պատշգամբում, հայացքը դեպի անհայտ հեռուները: Սպասում է լուրի` ավետիսի կամ բոթի:

23 տարի առաջ ամուսինն ու 28-ամյա որդին կռվում էին Արցախում: Նրանցից ոչ մեկը չվերադարձավ:  «Որդիս սպանվեց Արցախյան պատերազմում, մեկ տարի չանցած լուր տվեցին, որ չկա նաև ամուսինս. Նա անհայտ կորել է»:

Հայաստանում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժեղովի տվյալով Ղարաբաղյան հակամարտության տարիներին հայկական կողմն ունի 1000-ից ավելի անհայտ կորածներ, այդ թվում քաղաքացիականներ: Նրանցից մոտ 230-ը Հայաստանից են: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը բացատրում է, որ Արցախյան ազատամարտից հետո շատ ընտանիքներ լքել են պատերազմական գոտին, եկել են Հայաստան, կամ մեկնել արտասահման: Այդ պատճառով հստակ թվեր ներկայացնել չի կարող: 1994 թվականից հետո հակամարտության հետևանքով անհայտ կորած համարվող որևէ մարդ չի գտնվել: Պետական մակարդակով չի քննարկվել անհայտ կորածների կամ նրանց աճյունների հայտնաբերման ու հայրենադարձման հարցը: Սամվել Ասատրյանն ասում է, որ հայկական կողմը բազմիցս փորձել է պայմանավորվածություններ ձեռք բերել ադրբեջանցիների հետ, սակայն արդյունքի չեն հասել: «Չի ստացվում նրանց հետ լեզու գտնել: Ադրբեջանում երկխոսության ցանկացած առաջարկ մտնում է փակուղի: Ալիևյան կլանը թուլ չի տալիս բանակցային հանդիպումներ անցկացնել: Նրանք մերժում են նույնիսկ 2 երկրների` գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժեղովների մակարդակով հանդիպումներ կազմակերպելու առաջարկը»:

 Հայաստանը և Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ նստում են հիմնականում միջնորդավորված ձևաչափով: Հակամարտության տարիներին և դրանից հետո  ակտիվ միջնորդի դեր է խաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Այս տարիների ընթացքում ԿՄԽԿ-ն Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում իրականացնում է անհայտ կորածների տվյալների հավաքագրման գործընթաց: Այդ շտեմարանում 2015 թվականի մարտի 1-ի դրությամբ գրանցված է 4545 մարդ:

ԿՄԽԿ-ն անհայտ կորածների շտեմարանը կազմելիս չի առաջնորդվում որևէ կողմի պաշտոնական կամ պետական վիճակագրական տվյալներով: Միջազգային կազմակերպության համար հիմք են ծառայում ընտանիքները, նրանց դիմումները ԿԽՄԿ` հակամարտության պատճառով հարազատներից որևէ մեկին կորցնելու մասին:

«Մեզ մոտ գալիս են հակամարտությունից հետո անհայտացած մարդկանց հարազատներ. քույրեր, կանայք, մայրեր: Խնդրում են օգնել, որ գտնենք իրենց բարեկամներին: Մենք առաջին հերթին տեղեկատվությունը գրի ենք առնում ու խմբավորում, հետո փորձում ենք ստուգել դրանց իսկությունը»,- ասում է ԿՄԽԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտը: Դիմումին կից լրացվում է հարցաթերթիկ, որտեղ նշվում են տվյալներ, որոնք հետագայում կարող են օգնել նույնականացման գործընթացում. արտաքին ու ֆիզիկական տվյալներ, վայր` որտեղ վերջին անգամ տեսել են անհայտ կորած համարվողին, հագուստ, արտաքին նշաններ, խալեր, առողջական վիճակ… Հիմա այս տվյալներին գումարվում է նաև անհայտ կորածների հարազատներից վերցված կենսաբանական նմուշները:

«Անցյալ տարի մենք իրականացրել ենք ծրագրի պիլոտային փուլը, անհայտ կորածների մի քանի հարազատներից ներթշային նմուշ ենք վերցրել: Դրանք վերամշակելու արդյունքում ստացվում է ԴՆԹ-ն, որը կցվում է անհայտ կորածի անկետային»,- նշում է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը և հավելում, որ գործընթացն իրականացվում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Սառա Էպրեխտ ցավով ընդգծում է, որ դեռևս չկա հստակ ճանապարհային քարտեզ՝ գործընթացն ավարտելուց հետո հնարավոր կլինի արդյոք երկու կողմերում իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ եղբայրական գերեզմաններ հայտնաբերելու, արտաշիրիմում անելու, նրանցից ևս նմուշներ վերցնելու համար: «Այս ծրագրի իմաստն այն է, որ եթե մեկ օր հնարավոր լինի արտաշիրիմում կատարել, այդ նմուշները կօգտագործվեն մասունքների նույնականացման նպատակով և հնարավորություն կտա ընտանիքներին պատասխաններ տալ իրենց հարազատների ճակագատրի վերաբերյալ»,-ասաում է Սարա Էպրեխտը:

Կենսաբանական նմուշների պահոցը ԿՄԽԿ-ն հանձնելու է Հայաստանի և Ադրբեջանի Անհայտ կորածների, ռազմագերիների ու պատանդների հարցերով հանձնաժողովներին:

Քանի դեռ չկա հստակություն, անհայտ կորածների հարազատները շարունակում են փնտրել նրանց ու հույսով սպասել երջանիկ հանդիպման: Շատերն են նրանց մասին որևէ լուր ստանալու համար հասել հայ-վրացական սահման՝ Սադախլու գյուղ: Այն բնակեցված է հիմնականում ադրբեջանցիներով: Սադախլուն հայտնի է իր առևտրական գործունեությամբ: Գյուղը Ղարաբաղյան հակամարտությունից հետո  դարձել է նաև գերիների մասին ինֆորմացիա ստանալու յուրօրինակ կենտրոն: Սադախլու գնում են թե Հայաստանից և թե Ադրբեջանից: Վարձում են գործակալներ իրենց հարազատների որոնումները սահմանի հակառակ կողմում կազմակերպելու համար՝ պատրաստ վճարել նույնիսկ աստղաբաշխական թվեր:

Մի քանի անգամ Սադախլուում եղել է նաև Սիլվա Անտոնյանը: Նա արդեն 23 տարի է՝ փնտրում է ամուսնուն՝ Մարտուն Բադալյանին:  «Միշտ սպասել եմ նրան, սիրտս հուշել է, որ ամուսինս չի մահացել: Նրան նորից տեսնելու համար ամեն ինչի պատրաստ եմ»,- նշում է Սիլվա Անտոնյանը: Ամուսնուն վերջին անգամ տեսել են Հորադիզում: Մարտական ընկերները պատմել են, որ Մարտունն իր ջոկատով ընկել է շրջափակման մեջ, դրանից հետո նրան որևէ մեկը չի տեսել, բացի Սիլվա Անտոնյանի վարձած ադրբեջանցի գործակալից:

ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սառա Էպրեխտն իր պրակտիկայի ընթացքում բազմաթիվ նման պատմություններ է լսել: Չի բացառում, որ հնարավոր է Մարտունը ողջ է, սակայն չի անտեսում նաև հանգամանքը, որ գուցե այդ գործակալը պարզապես մոլորեցրել է՝ գումար վաստակելու համար: «Մարդիկ դժվար հոգեբանական ապրումների մեջ են: Աննկարագրելի ցավ է ապրել առանց հարազատիդ մասին ստույգ տեղեկություն իմանալու: Շատ հեշտ է նրանց զգացմունքների հետ խաղալն ու նրանցից գումար շորթելը»:

 Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովում տեղեկություններ կան Արցախյան գոյամարտում անհետ կորածներից 94 հայերի հնարավոր գերության մասին: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանն ինֆորմացիայի աղբյուրը չի բացահայտում, բայց վստահեցնում է, որ Ադրբեջանը կոծկում է այդ տեղեկությունը՝ թույլ չտալով որևէ միջոցով ստուգել այդ ինֆորմացիան:

Զինադադարի հաստատումից հետո անցել է 21 տարի, սակայն հազարավոր ճակատագրեր դեռևս անհայտ են: Միակ ճանպարհը բանակցային գործընթացն ու ընդհանուր խնդիրների շուրջ զրուցելու պատրաստակամությունն են՝ դեմ առ դեմ, ինչը սակայն անորոշ հեռվում է:  

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հարավային Կովկասում հակամարտությունների հավասարակշռված լուսաբանմանը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից: Ծրագրում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել ֆինանսավորող կազմակերպության տեսակետներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter