HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իշխանության հաղթանակը ոչնչից, կամ ինչու են հիմա ազատ արձակվում Սեֆիլյանն ու ընկերները

Ինչպես և սպասվում էր,  «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, ովքեր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն իրականացնելու»  մեջ կասկածվելով ձերբակալվել էին ապրիլի 7-ին, այսօր ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ ազատ արձակվեցին: Որոշման պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և այդ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել այդ օրը զանգվածային անկարգությունների կազմակերպման նախատեսած հանցագործությունը: Ուստի նկատի առնելով, որ նախաքննության ընթացքում արդեն կատարվել են գործի քննության համար անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողությունները և, ազատության մեջ մնալով, այդ մարդիկ չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Թեև դատախազությունն իր այս որոշման համար հղում է կատարում քրեական դատավարության երեք հոդվածների՝ 53-րդ, 142-րդ, 151-րդ, ակնհայտ է, որ ինչպես նրանց ձերբակալումն ուներ քաղաքական դրդապատճառներ և ենթատեքստ, այնպես էլ ազատ արձակումը: Նախ՝ որովհետև հոդվածները, որոնց հիման վրա կայացվել է այս որոշումը, ազատ արձակման հիմնավորվածությունն ապահովելու տեսանկյունից մեղմ ասած կասկածելի են այն նույն կերպ, ինչպես կասկածելի և ինչ-որ առումով զավեշտալի էին նրանց բերման ենթարկելու և կալանավորելու համար ներկայացվող փաստերը:

 Ըստ էության՝ գործ ունենք «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար կազմի և ակտիվի ժամանակավոր մեկուսացման հետ՝ ապրիլի 24-ին նրանց կողմից «100-ամյակն առանց ռեժիմի»  շարժման շրջանակներում նախատեսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները թույլ չտալու և դրանով այդ օրն անցկացվելիք  Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին չխոչընդոտելու համար:

Տրամաբանորեն՝ եթե ձերբակալման պատճառն այդ մարդկանց կողմից  «զանգվածային անկարգություններ կազմակերպելու»  նախապատրաստումն էր, ապա անցել է ոչ թե այդ հացագործության վտանգը, այլ դրա համար որոշված օրը: Իսկ դա ինչը չի երաշխավորում, որ, եթե «Հիմնադիր խորհդարանի» ղեկավարները նման մտադրություն են ունեցել ինչպես քննչական կոմիտեն է կարծում, կրկին դրա իրականացմանը ձեռնամուխ չեն լինելու: Փաստորեն, ստացվում է, որ ինչպես իրավապահներն այդ անձանց՝ ազատության մեջ լինելու հետ կապված մտավախություն ունեին, նույն հաջողությամբ, առանց ի հայտ եկած որևէ նոր հանգամանքի, հիմա արդեն չունեն:

Այն, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ազատության մեջ են, թերևս ամենագլխավորն է՝ նրանց ֆիզիկական և հոգեբանական առողջության տեսանկյունից: Բայց դա չի նշանակում, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումն ավարտվել է: «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ոչ թե վերջնականապես ազատ են արձակվել, այլ ընդամենը փոխվել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը փոխարինվել է ստորագրությամբ ազատ արձակվելով: Իսկ դա նշանակում է, որ դեռևս փետրվարին հարուցված քրեական գործը շարունակում է ուժի մեջ մնալ, և ցանկացած պահի այդ մարդիկ կրկին կարող են հայտնվել ճաղերի ետևում: Այլ կերպ ասած՝  «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ազատ են արձակել յուրատեսակ փորձաշրջանով. եթե ազատության մեջ լինելով իրենց «խելոք» կպահեն, չեն մտմտա նոր «հանցագործություններ», կարող են հանգիստ վայելել իրենց ազատությունը՝ հույս ունենալով,  որ մի գեղեցիկ օր էլ հարուցված քրեական գործը կկարճվի: Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում. որովհետև հասկանալի է  դառնում, որ անհրաժեշտության դեպքում կարելի է կիրառել առանց վնասներ կրելու քաղաքական որևէ անցանկալի ուժի ժամանակավորապես մեկուսացնելու մեթոդաբանությունը: Դրա  համար ընդամենը պետք է գտնել հարմար պահ և այն փաթեթավորումը, որի միջոցով այդ մեկուսացումը ներկայացնելիս նույնիսկ հնարավոր է ստանալ հանրության հավանությունը:    

Ինչևէ, այս եղանակով իշխանությունը, փորձում է կապված պահել «Հիմնադիր խորհրդարանի»  ձեռքերն ու ոտքերը՝ միաժամանակ փորձելով ձերբազատվել «քաղաքական բանտարկյալներ»  ունենալու մեղադրաքներից: Որքան երկարաձգվեր այդ մարդկանց անազատության մեջ մնալը, այնքան իշխանությունների նկատմամբ հանրային ճնշումները մեծանալու էին:

Իշխանության նման կիսաքայլը, զուտ մարտավարական առումով, տրամաբանական է: «Հիմնադիր խորհրդարանը»   ներկայումս միակ ուժն է, որը, որքան էլ հախուռն, պատրաստ է այլընտրանքային օրակարգ առաջադրել և դրա հիման վրա քաղաքական պրոցեսներ հրահրել: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է մի ուժի, որի նկատմամբ փաստացի հնարավոր չէ կիրառել կոմպրոմատներ, բարոյական ճնշման այլ միջոցներ, մեղադրել 5րդ շարասյուն լինելու, արտաքին ինչ-որ շրջանակների պատվերը Հայաստանում կատարելու մեջ: Այս հանգամանքը «Հիմնադիր խորհրդարան» -ին ոչ միայն անխոցելի է դարձնում, այլև նպաստում նրա պոտենցիալ զարգացմանը, ընդլայնմանը և իսկապես համաժողովրդական շարժման, ընդ որում՝ տարերային շարժման վերածվելուն: Այս պոտենցիալը հաշվի առնելով՝ իշխանությունը չի ցանկանում «Հիմնադիր խորհրդարան» -ից կերտել քաղաքական հալածյալի կերպար, ինչը վերջինիս հասարակության աչքին ավելի գայթակղիչ է դարձնում:

Չի կարելի բացառել, որ հենց այս գործոնի վրա էլ  հույս էր դրել «100-ամյակն առանց ռեժիմի»  շարժման համակարգող շրջանակը, երբ որպես «ռեժիմից»  ազատվելու գործըթնացի մեկնարկ, ընտրում էր ապրիլի 24-ը: Նրանք չէին կարող չմտածել, որ այդ օրը մեծ թվով արտասահմանյան պատվիրակությունների սպասող իշխանությունը թույլ կտա ներքաղաքական ապակայունացման ենթատեքստ ունեցող որևէ, անգամ ամենաչնչին քայլով իրեն որևէ այլ լույսի ներքո մատուցել: Հաշվարկը, թերևս եղել է այն, որ իշխանությունը հարկադրված կլինի գնալ կանխարգելիչ ռեպրեսիվ քայլերի, իսկ դա կկատարի հասարակական ընդվզման աննախադեպ ալիք առաջացնելու դետոնատորի դեր:

Սակայն եթե այդպես է, «Հիմնադիր խորհրդարանն» ակնհայտորեն սխալ մարտավարական հաշվարկ էր կատարել, քանի որ հաշվի չէր առել այդ օրը գործողությունների մեկնարկ դարձնելու հարցում հասարակության օժանդակության կամ ըմբռնման անհնարինության գործոնը: Ապիլի 24-ի հետ կապվող նախնական պլաններից չհրաժարվելով՝ «Հիմնադիր խորհրդարանը»  իրեն դրեց մարգինալ վիճակում, քանի որ այդ օրվա խորհուրդն անխաթար թողնելու առումով միարժեք մոտեցում ունեցող հանրությունը, ուղղակի թե անուղղակի, արդարացրեց իշխանության կողմից նման կտրուկ միջոցի դիմելու որոշումը՝ թերևս առաջնորդվելով այն կանխավարկածով, որ ապրիլի 24-ից հետո չի կարող այդ մարդկանց ազատ չարձակել: Այլ կերպ ասած՝ իր անհաշվենկատ  չորկողությամբ «Հիմնադիր խորհրդարանը»  մի կողմից ռացիոնալության և խոհեմության ցուցաբերման կարողանության իմաստով իր նկատմամբ հանրային որոշակի թերահավատություն առաջացրեց, մյուս կողմից ավելի շատ իր հաշվին դիվիդենտներ հավաքելու հնարավորություն տվեց իշխանությանը: Որովհետև անուղղակի հանդես գալով լռությամբ տված խոսքի տերը լինողի, կալանավորվածներին ազատ արձակելու հանրային սպասելիքը բավարարողի կարգավիճակում, իշխանությունը միաժամանակ կարողացավ քրեական գործի հարուցմամբ կապանքներ ստեղծել հենց «Հիմնադիր խորհրդարանի»  համար: Խնդիրն այն է, որքանով ինքը՝ «Հիմնադիր խորհրդարանը»  կնկատի այդ կապանքները...

Մեկնաբանություններ (2)

hasmik
ստացվում է սեռժիկը երբ ուզում է բանտարկում է, երբ ուզում է բաց է թողնում, կեցցե հայոց արդարադատությունը
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համոզված չեմ,թե արդյոք համաձայն եմ հեղինակի եզրահանգումների՛ն: Նախ՝ կարևոր գործոն է այն, որ մոտենում է Շուշիի ազատագրման օրը. Շուշիի գումարտակի հրամանատարը եթե բանտում լիներ այդ օրը,հատկապես սփյուռքը շատ վատ կտրամադրվեր ներկա իշխանությունների հանդեպ: Մի մոռացեք, որ՝ ա) ներկա իշխանությունները հատկապես հիմա ամենուրե՛ք փող են ման գալիս, բ) Շուշիի ազատագրումը վերջին 1000 տարում եզակի հաղթանակ է և գ) բոլորը գիտեն,որ ՀԽ անդամների ձերբակալությունը ԱՆՀԻՄՆ էր՝ իրավական տեսանկյունից:..................................... Շատ է նաև չափազանցվում 24-ի օրի ու դերի հանգամանքը. խորքային պատճառներն ուրիշ տեղ են թերևս,որի մասին առանձին հոդված գրելն երևի ավելի ճիշտ կլինի: Ես նաև չեմ կարծում,որ իշխանություններն այդքան խորացված վերլուծություններ են անում միշտ. Հայաստանում շատ չե՞ք գերագնահատում իրենց ինտելեկտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter