HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ալեքս Գրիգը», «Տոյոտա Երևանն» ու «Օրանժ Արմենիան» զիջել են դիրքերը խոշոր հարկատուների ցանկում

«Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Արմենիա տելեֆոն կոմպանի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ»՝ սրանք այն առաջին 5 ընկերություններն են, որոնք   2015 թվականի առաջին եռամսյակում ամենաշատ հարկերն են վճարել պետությանը. Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակել է 2015 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Այն պետբյուջե է փոխանցել 15,077 մլրդ դրամի հարկ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերը նվազեցնելով  2,66 մլրդ  դրամով:

Առաջին հնգյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, փոփոխություններ են արձանագրվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության  մասով: 2014-ի առաջին եռամսակում «Ալեքս Գրիգ»-ը վճարած հարկերով զբաղեցրել էր երկրորդ տեղը, սակայն այս տարի նահանջել է 5-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 5,225 մլրդ դրամի փոխարեն վճարելով 3,931 մլրդ դրամ: Իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, ընդհակառակը, ավելացրել է հարկերի ծավալն ու հայտնվել երկրորդ տեղում. վճարել է  4,596 մլրդ դրամ՝ 2014-ի 1,830 մլրդ-ի դիմաց:

Խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում «Արմենտելն» է՝ մոտ 4,2 մլրդ դրամի հարկերով։ 4-րդ-ում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատը»` մոտ 4 մլրդ դրամ:

Երկրորդ հնգյակում են «Ֆլեշը», «Գրանդ-Տոբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը», «ՀԱԷԿ»-ը, «Սինփիէս Օիլ Քորփորեյշնը», «Ռենկո Արմէստեյտը»:  Այստեղ էլ դիրքերն է բարելավել «ՀԱԷԿ»-ը՝ պետությանը վճարելով 1,999 մլրդ դրամի հարկ՝ 2014-ի 1,243 մլրդ դրամի փոխարեն: Մյուսը «Ռենկո Արմէստեյտն» է, որը նախորդ տարվա 45-րդ հորիզոնականից (605,5 մլն դրամ) բարձրացել է  10-րդ հորիզոնական՝ վճարելով 1,956 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջել է «Տրանսգազ» ընկերությունը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ձեռնարկությունն է:  Այս տարվա առաջին եռամսյակում  այս ընկերությունը վճարել է 1,495 մլրդ դրամի հարկ՝ 2014-ի 1,837 մլրդի փոխարեն ու դուրս է եկել առաջին տասնյակից:

2014-ի առաջին եռամսյակում զգալի առաջընթաց էր գրանցել «Օրանժ Արմենիան»՝ 1,5 մլրդ դրամ ցուցանիշով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Բայց այս տարվա տվյալներով՝ այն առաջին տասնյակում չկա: «Օրանժ Արմենիան» 10-րդ հորիզոնականից իջել է 30-րդ հորիզոնական:

Նվազում է արձանագրել նաև «Տոյոտա Երևան» ընկերությունը, որը «Տոյոտա» ընկերության պաշտոնական դիլերն է և պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին:  Վերջինս 2014 թվականին Հայաստանի խոշոր հարկատուրների մեջ եղել է 20-րդը (1,1 մլրդ դրամ), իսկ այս տարի՝ 137-րդը (188 մլն դրամ):  

Աչքի է ընկնում նաև «Թեղուտի» ցուցանիշը: Այս տարվա առաջին եռամսյակում Թեղուտի պաշարների արդյունահանման և վերամշակման իրավունքը ստացած «Թեղուտ» ՓԲԸ պետությանը վճարել է  1,208 մլրդ դրամի հարկ: Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի մեկնարկը տրվել է 2014-ի դեկտեմբերից: 

Ընդհանուր առմամբ, ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2015 թվականի առաջին եռամսյակում վճարել են 152,3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա 154,3 միլիարդ դրամի դիմաց։

Իսկ թե այս կամ այն ոլորտում գործող մրցակից ընկերությունները (բանկային ոլորտ, հանքարդյունաբերություն, ծխախոտի արտադրություն, հյուրանոցներ և այլն) ինչ դիրքեր են զբաղեցրել իրար նկատմամբ և ինչպես է շուկան ազդել նրանց վճարած հարկերի վրա, «Հետքը» կներկայացնի առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter