Վթարի հետևանքով հաշմանդամ դարձած դատապարտյալի պատժի կրումը հետաձգվել է
«Դատապարտյալների հիվանդանոցում» պատիժը կրող դատապարտյալ Տիգրան Գրիգորյանը երեկ տեղափոխվել է Չարենցավանի իր բնակարան: Նա զանգահարել էր տնից ու շնորհակալություն էր հայտնում բոլոր այն անձանց ու կառույցներին, ովքեր նպաստեցին, որ պատժի կրումը հետաձգվի առողջական խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ Չարենցավանի բնակիչ Տիգրան Գրիգորյանը 2014-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 2 տարի առաջ Սևան -Երևան ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի մեջ (զոհվել է 2, վիրավորվել մի քանի քաղաքացի): Վթարի հետևանքով Տիգրան Գրիգորյանը նույնպես ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, կոտրվել են նրա ոտքերը, մեկը՝ ազդրից ու ձեռքը՝ ուսագլխից:
ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի հետ աշխատող փաստաբան Տիգրան Սաֆարյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Տիգրան Գրիգորյանի պատժի կրումը հետաձգելու միջնորդությամբ: «Հետքի» հետ զրույցում փաստաբան Սաֆարյանը նշեց, որ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա էլ դատավոր Վաղինակ Մկրտչյանը երեկ բավարարել է իր միջնորդությունը. «Տիգրանը վթարից հետո դարձել է հաշմանդամ, սկզբում եղել է կոմայի մեջ, ապա մի քանի վիրահատություն է տարել, հիմա էլ վիրահատության կարիք կա, ապա երկարատև վերականգնողական բուժման: Այնպես որ, պատժի կրման հետաձգումը շատ կարևոր էր, որ նա կարողանա լիրաժեք բուժվել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, քանի որ դատապարտյալի պատժի կրումը անհամատեղելի էր նրա առողջական վիճակի հետ»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:
«Փաստաբանիցս ազատման լուրը իմանալուց հետո, ուրախությանս չափ չկար: Երեկոյան հասա տուն՝ երեխաներիս մոտ: Մի քանի օրից կգնամ հիվանդանոց: Դեռ առանց խադունոկի չեմ կարողանում շարժվեմ: Պիտի բուժվեմ, որ կարողանամ աշխատեմ»,-փոխանցեց դատապարտյալը:
Տիգրան Գրիգորյանը 32 տարեկան է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա: Վթարից հետո դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Պատիժը կրել է բաց ռեժիմում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մի քանի անգամ ստացել է կարճատև մեկնում, պառկել քաղաքացիական հիվանդանոցում ու տանը՝ բուժվելու նպատակով, տարել է մի քանի վիրահատություն: Ապա կարճատև մեկնումների քանակը սպառելուց հետո տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ երեկ գնացել է տուն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ պատժի կրումը հետաձգելու որոշման համաձայն:
Լուսանկարները՝ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել