HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ մանկության ադրբեջանցի ընկերներին էլ ես կարոտում եմ

Կապան գնալիս ամենաառաջինը մանկությանս եմ այցելում. շենքն այլևս չկա. կողքի միհարկանի մթերային խանութն էլ չկա. բակի (պտղատու) ծառերն էլ չկան: Երկհարկանի սպիտակ շենք էր՝ 2 մուտքով և 8 բնակարանով:

Մի փոքր հեռվից եմ նայում. մոշի քոլերով ծածկված է: Կանգնած-նայում եմ դիմացով անցնող ու արդեն համարյա չօգտագործվող ճանապարհից: Երբ  5 տարեկան էի, նույն ճանապարհին էի պառկում՝ մեքենաների առաջ, որպեսզի կովերին ու հորթերին քաղաքի մսի կոմբինատ չտանեն: Կողքի ցեխի վարիչն ինձ ասում էր՝ շատ դաղալ ես, բայց մեծ մարդ կդառնաս. պատասխանում էի՝ իսկ դու միշտ փոքր մարդ կմնաս. ծիծաղում էր:

Այդպես փրկեցի ոտքերը ծուռ ծնված «Կտողեն» անունով հորթին. մի քանի ամիս անց նույն հորթի  հետ ցած ընկա 5 մետրից: Հորթի վրա ընկա. միայն քերծվածքներ ստացա:

Նայում եմ մոշի քոլերով ծածկված բակին ու հիշում մեր բակի երեխաներին. մեկը հայտնի երգիչ դարձավ, մյուսը՝ Մոսկվայում սպանվեց: Ախ, կյանք:

Քայլում եմ դեպի իմ մանկության դպրոցը: Աջ կողմում սեփական տներ կային. հիմա չկան. կարծես չկային էլ: Ձախ կողմում ադրբեջանցի Շախսուվար դայու տնկած-աճեցրած ծառերն են՝ ճանապարհի երկայնքով. նստում եմ տակը: Բարի մարդ էր Շախսուվար դային. այդ ծառերը բոլորն ինքն է տնկել-ջրել-մեծացրել. կարծես իր երեխաները լինեին: Իր տղայի՝ Աբիի, հետ խաղում էի. ինքն էլ, հոր պես, ծառ ու բաղ էր սիրում: Տարիներ հետո՝ 80-ականների վերջին՝ մինչև իրենց Կապանից հեռանալ-փախչելը, մի քանի անգամ իրենց հաց տարա. օրեր կային,որ վախենում էին տնից դուրս գալ: Հուզված էին. ուրախ չէր:

Նստած եմ ծառի տակ. նույն ծառի տակ. փոշի է, բայց քաղցր է: Մտածում եմ՝ մարդ ամեն ինչ կարող է հաղթահարել, բացի... մանկության կանչից. սարսափելի հզոր է. սերը կողքին «հեչ բան» է: Ինչու՞. չգիտեմ: Արդեն շարժվում եմ:

Դպրոցի մոտ եմ: Մարդ չկա. լավ է՝ մտածում եմ: Ցանկապատով անցնում եմ ու  պատուհանից ներս նայում: Կարծես նույն 7-8 տարեկան տղան  լինեմ:

Երրորդ նստարանին Անուշ Աբասովան էր նստում. հայրն էր միայն ադրբեջանցի. մայրը հայկական դպրոց էր ուղարկել աղջկան: Անուշն էլ էր բժշկուհի ցանկանում դառնալ: Մեր դասարանում բոլորը բժիշկ կամ օդաչու էին ցանկանում դառնալ...բացի ինձնից: Ես ոչինչ չէի  ցանկանում դառնալ: Բայց բոլոր մարդիկ մի բան պիտի դառնան՝ ասում էր մեր լուսահոգի ուսուցչուհի ընկեր Ռոզան:

Տարիներ հետո օլիմպիադայում հաղթած իմ շարադրությունը ռադիոյով պիտի կարդային. վերնագիրը՝ «Ինչ եմ ցանկանում դառնալ»: Պատվոգիր էլ տվեցին. այն ժամանակ էլ աջ ու ձախ պատվոգիր ու մեդալ էին տալիս:

Անուշ Աբասովային մի քանի տարի առաջ հեռվից պատահմամբ տեսա Երևանում. ուրախացա՝ Հայաստանում է:

Հոգնած եմ, բայց ուզում եմ քայլել դեպի եկեղեցին. չի գործում. մենություն կա շուրջը. դա սիրում եմ: Ժամանակին  մորաքույրս այնտեղ թաքուն մոմ էր վառում. դրսում կանգնում էի, որ մարդ չտեսնի: Հավատացյալ կին էր: Քույրը՝ մայրս, աթեիստ է(ր). ինքն էլ է գրում. Նժդեհից ու իր պատմական պապերից էր պատմում. ինձ լողացնելուց միշտ «Իսոս Քրիստոս» էր ասում՝ ջուրը լցնելիս:  Բաղ գնալիս ավել հաց  ու կոնֆետ էր վերցնում. ճամփին երեխաները, շներն ու կատուները գիտեին, որ այդ ժամին գալիս է: Իրեն եմ քաշել:

Մորաքրոջս ձեռքը բռնած  հետո հետ էի գալիս եկեղեցուց: Ճամփին միշտ նույն լեզգի կինն էր մեզ հետ զրուցում. Լեյլա բաջին. ոչխարների հետևից էր գնում:

Հորս հավատի մասին չգիտեմ. չեմ հարցրել: Աստված սիրում էր նրան. հանկարծակի  ու շատ արագ տարավ. 6 բառ հասցրեց ասել:  Բոլորն են  որբանում. ամենատխուրը  հասուն տարիքում որբանալն է:  Մանուկներ ենք. տարիքը  խաղալիք  է:

Եկեղեցին հեռվից երևում է. նստում եմ քարին: Կյանքի-մահվան   մասին եմ մտածում: Ռաֆիգայի 18 տարեկանում մահացած քույրն էլ է մտքովս անցնում:

Ադրբեջանցի աղջիկ էր Ռաֆիգան. շփվող-խոսող. ստաժի համար գործարանում մի քանի ամիս աշխատել եմ հետը: Միասին էինք երբեմն  բարձրանում գործարան. վերևում էր՝ թումբի վրա: Ինքն էլ  էր  ստաժի համար  աշխատում. Բաքվում բուհ էր փորձում ընդունվել: Համեստ ընտանիքից էր. Կապան-Բաքու գնացքով էր գնում: Նեղսրտվում էր. Բաքվում ասում էին՝ վրայիցդ հայի հոտ է գալիս: Կապանում էր ծնվել-մեծացել. Կապանի լեզվով էր խոսում. գրական հայերեն լավ չգիտեր: Քրոջ մահից հետո փակվեց. չգիտեմ ինչից մահացավ:

Քայլում եմ դեպի եկեղեցին: Չգիտես ինչու  մտածում  եմ  Ռոբերտ Էջանանցու մասին: Ազգանունը Գրիգորյան է. Կապանի Առաջաձոր գյուղից է: Մեծ մարդ է: Մտքումս ծիծաղում եմ. հիշում եմ  մեր բակի կողքի ցեխի վարիչի խոսքերը: Էջանանցին  Լեռնաձոր գյուղի դպրոցի տնօրենն էր. չգիտեմ հիմա ինչով է զբաղվում: Դպրոցում լավ թանգարան էր ստեղծել: Տեսել եմ. զարմացած էի: Այն ժամանակ ինձ ասաց՝ շատ սուր ես: Դեռ հիշում եմ: Սյունիքի լեռներից ժամանակ առ ժամանակ մեծեր են ցած գլորվում. Էջանանցին  նրանցից  է:

Հասա եկեղեցի. նույն   լռությունն է. լավ է:  Մոմ եմ վառում մորաքրոջս համար: Երկրորդ մոմն եմ վառում. մորաքույրս կենտ թիվ չէր սիրում:

Հոգևոր տունն  այսպես լուռ պիտի լինի՝ մտածում եմ: Այն  (քաղաքական) պրոպագանդայի կենտրոն չպիտի դառնա.  իսկականը  ներսում ու ներսից է:

Լեյլա բաջին չկա. վաղուց են հեռացել:  Մորաքույրս էլ չկա: Մենակ եմ. նայում եմ խոտի դաշտերին. կենդանի շունչ չկա: Հանկարծ  հիշում եմ Ամստերդամում մի քանի շաբաթ մեզ հետ աշխատած  ադրբեջանցի  Արազին: Մի փոքր կաղում էր: Աղդամից էր. 12 տարեկան էր, երբ քաղաքից փախան. պայթունից ոտքը վիրավորվեց: Ճաշի ժամին  3 անգամ իմ սեղանին նստեց. դիմացս: Հարցնում եմ՝  հայերին ատու՞մ ես: Չէ՝ ասում է:  Գագո Դրագոյի հետ եմ պարապել՝ ավելացնում է: Երրորդ ճաշին պատմեց, որ ամեն օր ինտերնետով նայում է իրենց Աղդամի տունը: Հարցնում եմ՝ ի՞նչու: Պատասխանում է՝ մանկությանս տունն է: Նորից մանկության կանչը ՝ մտածում եմ: Հանկարծ սկսում եմ հասկանալ. մարդու կյանքը լավ հիշողությունների գումարն է:

Մանկությունն առաջին ձյան պես է՝ մտածում եմ. անմեղ, ճերմակ, անմոռանալի, առեղծվածային, անփոխարինելի, փշրվող, սրտաճմլիկ:  Ամբողջ կյանքում փորձում ենք կյանքին մեր մանկությունը չգումարել. դրա համար ենք միշտ վերադառնում մանկությանը. պարտք ենք մեզ:

Կապանի Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը ճիշտ է. գրագետ ու անկեղծ մարդ է.  ես էլ չեմ ուրախանում, երբ սահմանին ադրբեջանցի զինվոր է զոհվում: Չեմ ուզում,որ դա լինի իմ մանկության ընկեր Աբիի  կամ Ռաֆիգայի տղան: Իմ մանկությունն անաղարտ պիտի մնա, այլապես պարտքս ինձ չեմ կարող տալ:

Իմ սերունդը  գոնե  լավ  հիշողություններ էլ ունի  ադրբեջանցիների հետ: Ներկա սերնդին միայն ատելություն ու թշնամանք են հրամցնում. փոխադարձ. բոլոր մակարդակներով: «Ասկյար», «թուրք», «հայի հավերժ թշնամի», «արյունարբու մարդասպան», «անհոգի հակառակորդ», «դահիճ», «հավերժ պատերազմական դրություն»...:

Պատերազմն ամենամեծ բիզնեսն է՝ մտածում եմ. իշխանության գալու ու մնալու, պատասխանատվություն չկրելու  միջոց. պաշտոն ու փող դիզելու ճանապարհ: Նրանք  միշտ «պատերազական իրավիճակ» են  ցանկանում:

Միամիտ չեմ: Պատմություն էլ գիտեմ: Գիտեմ նաև,որ  ադրբեջանցին թրքախոս դարձած պարսիկն է: Գիտեմ նաև,որ հայի պայքարն ադրբեջանցու հետ չպիտի լիներ.  հայի  իսկական պայքարը մյուս կողմում է:

Ճիշտ է Լևոն Շիրինյանը: 17-րդ դարասկզբին պարսից շահը  300 հազար հայ քշեց Պարսկաստան: Թող հիմա էլ Հայաստանից 300  հազար հայ  քշեն  Արցախ ու  հարցը լուծեն. թող 10 տարի  եկեղեցի ու դղյակ չկառուցեն: Այլապես թող փոխզիջման գնան Ադրբեջանի հետ ու հարցը փակեն:

Անդրկովկասի ժողովուրդները մի օր  պիտի  դադարեն  (օտարի խարդավանքներին զոհ դառնալով)  իրար միս ուտելը . մենք չափից շատ ենք իրար նման՝ դարերով իրար արյուն թափելու համար: Միավորվել, համագործակցել ու միասին հզորանալ է պետք:

Որպես առաջին քայլ՝ թող Կապանի քաղաքապետարանը հայտարարի,որ Կապանում ծնված-մեծացած ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց ծննդավայրը: Մեծ մասը  չի գա. բայց դա չէ ամենակարևորը:

Իմ մանկության ադրբեջանցի ընկերոջ հետ  ես  էլի ցանկանում եմ նստել  մեր ծննդավայրի նույն ծառի տակ: Հետ տվեք մեզ մեր մանկությունը:

Վարազ Սյունի, Ամստերդամ

05.05.2015

Մեկնաբանություններ (7)

վարդան
ատելությունը ոչինչ չի որոշում:
լիլիկ
վարազ- ես իմ մանկությունն եմ կարոտում,իմ ընկերոջն եմ կարոտում,իմ կովերին ու ոչխարներին եմ կարոտում, շենքերն ու ծառերն եմ կարոտում,կարոտում,կարոտում,կարոտում.կարոտի ոչ ոքի չես խանգարում,բայց,որ դարեր էլ անցնի հայ ժողովուրդը պատիվ ինքնասիրություն ունի............բարեր կա որ չեն մոռացվում.կաշվիտ վրա չես զգացել,հոգիտ հանգիստ կողկից լսել ես, հիմել ծերացել ես պապիկ ես դառել խելքդ թռցրել ես,ծիշտ են ասում «խելքիտ ձյուն գա» կարկուտն էլ հետը.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հասմիկ(7) - Դա շատ ճիշտ նկատառում է: Արցախի ազատագրումը պատմական հաղթանակ ու հերոսամարտ էր. սրանում ոչ մի կասկած: Նպատակը Հայաստանի հետ վերամիավորվե՛լն էր:Մյուս կողմից՝ մարդ չի հասկանում,թե Ի՞ՆՉՈՒ են արցախցի պաշտոնյաները գալիս ու Երևանու՛մ պաշտոններ փորձում ստանձնել: Այդ դեպքում ու՞ր մնաց «դեմոկրատական ու կայացած երկիր» Արցախը: Կարծում են սա 3-րդ կողմերը «չե՞ն նկատում»: Փաստորեն ուրիշներին կոչ են անում՝ «եկեք Արցախում ապրելու», բայց իրենք չե՞ն ուզում այնտեղ ապրել:
Հասմիկ
ազատ Արցախն արդեն ձևավորված ու կայացած հանրապետություն է - որտեղից մարդիկ փախչում են Հայաստան, որտեղ նույնպես գյուղեր են դատարկվում, որտեղ ոչ մի նորմալ ներդրում չի կատարվում, բա ոնց, ինքներդ ձեզ հույս տվեք, ջայլամի պես գլւոխներդ կոխեք ավազը ու մի տեսեք էս անբարոյական իշխանությունների կործանարար գործունեությունը
Չշտապե՜նք
Չշտապե՜նք, Սյունաց Վարազ, չշտապե՜նք: Ինչպես սիրահարված կրիան կասեր արագավազ նապաստակին , չշտապե՜նք: Հայաստանին պայծառ ապագա է սպասվում: Թող մեր չկայացած գող ու ավազակ հարևաններն իրենց դարդը լացեն: Ի դեպ, ազատ Արցախն արդեն ձևավորված ու կայացած հանրապետություն է: Նվազագույնը կույր պիտի լինել, այն չտեսնելու համար: Այնպես որ, չշտապե՜նք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իմ նպատակը հոռետեսություն, պարտվողականություն, անցյալում կատարվածի մոռացություն, անհիմն զիջումներ քարոզելը չէ. ոչ էլ Հայաստանը «նորից թուրքերով լցնելը»: Պարզապես պիտի իրատես լինել ու անկե՛ղծ հարց տալ. արդյո՞ք Հայաստանն ու Արցախն այդ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներն ունենալու են՝ Ադրբեջանի հետ «հավերժ պատերազմ» վարելու ու «Բաքուն գրավելու» համար: Սա նաև Թուրքիայի ծուղակը չէ՞, որ Հայաստանը այս կողմում արյունաքամվի:..................................... Ցավոք, փաստ է,որ Արցախի խնդրի լուծմա՛ն իրատեսական պրոցես այսօր չկա. պատային վիճակ է: Իսկ ԼՂՀ-ին, որպես առանձին պետություն, ոչ մի երկիր (Հայաստանը ներառյալ) չի պատրաստվում ճանաչել. համենայն դեպքս մոտ ապագայում դա չի լինելու: Այս պայմաններում հակամարտության լուծման մեկ ճանապարհ է թերևս մնում. սկսել շփումներ մարդկանց/հասարակության անդամների միջև ու կամաց-կամաց կոտրել ատելության հիստերիան: Դրանից հետո մտածել 2-րդ քայլի մասին:
Arthur
https://armenia-kapan.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter