
«Դուք էլ չգիտեիք, ես էլ չգիտեի, բա էս խեղճ ու կրակ «Ինքնիշխանությունը» որտեղի՞ց իմանա»,- հարցնում է դատավոր Ափինյանը
«Ի՞նչ եք ուզում «Ինքնիշխանությունից»,- Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանն այս հարցով բացեց «Արմավիա» ավիաընկերության հայցի քննության նախնական դատական նիստն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանը կարճ պատասխանեց, որ օրաթերթն իր հրապարակումով արատավորել է «Արմավիա» ավիաընկերության գործարար համբավը:
Գործարար Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթից պահանջում է հերքել սեպտեմբերի 15-ին հրապարակած տեղեկությունները և 2 մլն դրամ փոխհատուցել ընկերության գործարար համբավի արատավորման դիմաց: «ՉԻ»-ն epress.am կայքից լուր էր արտատպել, համաձայն որի՝ Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել էր, թե հայկական ավիաընկերությունները զենք են մատակարարում Լիբիային: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամլո քարտուղարը epress.am կայքի լրագրողին ասել էր, թե այդ մասին պարզաբանում կարող է տալ «Արմավիան», որովհետեւ այն մոնոպոլիստ է: Ի դեպ, Epress.am-ը լուրի մասին գրելիս իր հերթին հղում էր արել ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների: Իսկ «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հեռախոսազանգին չի պատասխանել: Նույն բովանդակությամբ լուրը արտատպել է նաև «ՉԻ»-ն:
«Ի՞նչ համբավ է արատավորվել, դրա հրապարակումից հետո ի՞նչն է պակասել, ուղևորները քի՞չ են»,- նորից հարց ուղղեց դատավոր Ափինյանը:
«Գործարար համբավն, ըստ էության, խախտվել է այնպիսի կտրվածքով, որը կարող է ազդել վերջինիս հետագա գործունեության վրա, և որոշակի ազդեցություն, ըստ էության, կա»,- պատասխանեց Արտավազդ Պետրոսյանը:
«Չե՞ք ամաչում բա, ինչի՞ եք արատավորել»,- դատավոր Ափինյանը կատակով հարցադրումն ուղղեց պատասխանող կողմին:
«Գտնում ենք, որ չենք արատավորել գործարար համբավը, քանի որ մենք արտատպել ենք այլ լրատվական գործակալության նյութը»,- պաշտպանվեց «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի (հրատարակիչ` «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ) փաստաբան Յուրա Եղիազարյանը:
Դատավորը մեջբերումներ արեց հայցվոր կողմի պատասխանից, այն է` թե բարեխիղճ չեն արտատպել, վերնագրում ավելացրել են «Արմավիա» բառը: «Վերնագրում հարցականն նշանն էլ կարգին չի երևում: Մեծ, հաջող հարցական դրեք, որ լավ երևա,- նույն տոնով շարունակեց դատավորը,- լուրջ ավիաընկերություն է, իսկ դուք նրա գործարար համբավի հետ խաղում եք»:
Արտավազդ Պետրոսյանն այնուհետև մեկնաբանեց, որ epress.am կայքում խոսվում է հայկական ավիաընկերության, իսկ Հայաստանում «Արմավիա»-ից բացի ևս 15 ավիաընկերություն կա: Ինչին զարմացած` դատավորը սկսեց հերթով կարդալ այդ ավիաընկերությունների անունները և հավելեց, որ ինքը երբևէ այդ ընկերություններից չի օգտվել, չի էլ լսել: «Լսած կայի՞ք տենց բան: Այ մարդ, չվերթներն ինչքան նայում ենք` «Արմավիա», «Արմավիա»:
Արտավազդ Պետրոսյանը խոստովանեց, որ նույնպես տեղյակ չէր, որ Հայաստանում այդքան ավիաընկերություն կա: «Դուք էլ չգիտեիք, ես էլ չգիտեմ, բա էս խեղճ ու կրակ «Ինքիշխանությունն» որտեղի՞ց իմանա»,- ավելացրեց դատավորը:
Ընկերության ներկայացուցչի պնդմանը, թե պետք է ճշտեին տեղեկատվությունը, դատավոր Ափինյանը նշեց, որ փորձել են ճշտել, բայց Նանա Ավետոսովան չի պատասխանել հեռախոսազանգին` «Անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել»:
Հայցվոր կողմի ներկայացուցիչը նշեց, որ օրաթերթը ոչ միայն շեշտել է «Արմավիա» ընկերության անունը, այլև տպագրել է լուսանկարը: Մինչդեռ epress.am կայքում հրապարակած նյութի վերնագրում ոչ միայն չի շեշտվել «Արմավիա» ընկերությունը, այլ տեղադրված չի եղել ընկերությանը պատկանող օդանավի լուսանկարը:
Այսօր դատարանը բավարարվեց այսքանով, իսկ գործի վարույթը կասեցնելու օրաթերթի ներկայացուցչի միջնորդությանը դատարանը չցանկացավ անդրադառնալ` դատական նիստը նշանակելով նոյեմբերի 28-ին:
«Հետքի» հետ զրույցում Յուրա Եղիազարյանը տեղեկացրեց, որ ուզում էր միջնորդել կասեցնել գործի վարույթը մինչև Սահմանադրական դատարանը կայացներ 1087,1 հոդվածի սահմանադրականության կամ հակասահմանադրականության մասին որոշումը: Իսկ դատավորն ավելի ուշ նշանակեց նիստը, մինչ այդ արդեն Սահմանադրական դատարանը որոշում կայացրած կլինի:
Մեկնաբանել