HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախ. հետընտրական մտորումներ

Նարինե Սարգսյան, Ստեփանակերտ

Ինչպես հայտնի է, մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան 6 գումարման Ազգային ժողովի ընտրությունները, որոնց արդյունքում նոր պառլամենտում ներկայացված կլինեն 5 քաղաքական ուժեր. «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ կուսակցությունը, «Շարժում-88» կուսակցությունն ու նորաստեղծ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որին հաջողվեց հաղթահարել 5 տոկոսանոց շեմը:

Այսպիսով, նոր Ազգային ժողովը` ի տարբերություն նախորդների, միատարր չի լինի, և բնակչության մեծամասնությունը հույս ունի, որ գոնե այս խորհրդարանում չի տիրի այն համատարած լռությունը, որը կար վերջին 10 տարիների ընթացքում:

Սակայն հույսերի հետ մեկտեղ մեծ է նաև շատերի մտահոգությունն այն հանգամանքով, որ օրենսդիր քաղաքական մարմնի գրեթե կեսը կազմում են մի կուսակցության ներկայացուցիչներ, որը ժողովրդի կողմից անվանվում է «օլիգարխների կուսակցություն»: Կարծես թե, այս առումով Արցախը կրկնօրինակում է Հայաստանի Հանրապետությանը, որի խորհրդարանում գերիշխում են գործարար պատգամավորները:

Ճշտված տեղեկությունների համաձայն, 2015 թվականի փետրվարի 13-ին Արցախյան շարժման շուրջ 30 ակտիվիստների և մասնակիցների հետ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես և Հայաստանում, Արցախում նույնպես բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից: Արդյո ՞ք սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ  Հայաստանում «Բարգավաճ Հայաստանի» հետ: Կամ արդյո ՞ք Բակո Սահակյանը Արայիկ Հարությունյանի հետ կվարվի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը վարվեց Գագիկ Ծառուկյանի հետ:

Կա նաև երրորդ տարբերակը. Խորհրդարան անցած մյուս 4 կուսակցությունների պատգամավորները կարող են միանալ և ստեղծել կոալիցիոն կառավարություն, հեռացնելով ներկայիս վարչապետին և ընտրելով նոր կառավարության կազմ և նոր վարչապետ: Սակայն, կգնա ՞ն 2 իշխանական և 2 ընդդիմադիր կուսակցությունները նման քայլի:

Տրամաբանությունն ու երկրի շահերը հուշում են, որ պետք է գնան, սակայն դա ավելի շատ տեսականորեն կարող է տեղի ունենալ:

Ինչևէ, ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները, սակայն այսօր տեղի էր ունենում թիվ 2 ընտրատարածքի քվեաթերթիկների վերահաշվարկ, և սա կարող է վերջին վերահաշվարկը չլինել, քանի որ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները խոսում են բազմաթիվ խախտումների մասին:

Ընդհանուր առմամբ, այս ընտրությունների արդյունքները, ի տարբերություն նախորդների, հրապարակվել են 2 օր հետո, ու դեռ պարզ չեն վերջնական արդյունքները: Քանի որ պարզաբանումներ չեն տրվում, ամեն ինչ կառուցվում է միայն ենթադրությունների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter