HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարի թոռնուհու նամակը ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին

 Վանուհի Թովմասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին

Ողջույն, սիրելի Մհեր

Ների´ր, ների´ր, ների´ր ուշ արձագանքիս համար։ Գիտեմ` ինչ է սպասումը քո կարգավիճակի մարդու համար։ Ոչինչ, մեղքս կքավեմ՝ այնքան նամակ գրեմ, որ բեզարես։

Ապրիլի 24- ին անտրամադիր և անհավես մտա համացանց։ Աչքս առավ «Հետքի» քո հոդվածը՝ «Թե ինչպես հայտնվեցի Լեռ Կամսարի բանտախցում»։ Տարա իմ էջ, որ հետո կարդամ՝ գիտեի, որ այդ պահին ոչինչ չեմ ընկալի։ Լուրի էի սպասում, և դա ինձ սպանում էր։ Ամեն դեպքում ցրված աչքերով անցա հոդվածի վրայով, գայթակղությունը մեծ էր՝ Կամսարը և է՛ն, է՛ն, է՛ն բանտի մեր սիրած տղեն՝ Մհերը։ Ի՜նչ էլ իրար նման նկարներ էր ընտրել «Հետքը»՝ ոնց որ հայր ու որդի լինեիք։ Միայն Կամսարի աչքերի պոչերը դեպի վար էին, իսկ քոնը դեպի վեր և շատ գեղեցիկ։

Մտքով սկսեցի զուգահեռներ անցկացնել երկու բախտակից ցմահ դատապարտվածների միջև։ Նույնն եք կամային ուժով, ազատության պաշտամունքով, համառությամբ, հաղթելու անհագությամբ…

Հետո ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այդ պահին կուզենայի լինել քո մաշկի մեջ և ոչ թե իմ՝ թո՛ղ լինեի ցմահ դատապարտված, թո՛ղ բանտում լինեի, թո՛ղ տանջվեի, միայն մերձավորիս բան չպատահեր։ Մեկ էլ հուսադրվեցի՝ գուցե սա լա՞վ նախանշան է, պատահական ոչինչ չի լինում, ինչո՞ւ հենց այսօր, ի՞նչ անակնկալ կբերի քո ուղերձը, Մհե՛ր…

Փաստորեն, հա՛ էլի, չուշացավ, Մհեր ջան, չուշացավ բարի լուրը: Դե, արդեն հավեսով կարդացի հոդվածը, ուրախացա, որ հենց դու ես թարգմանելու «Բանտիս օրագիրը»։ Քանի հիշում եմ, ասեմ, որ Չեկայի հարցաքննությունները չթարգմանես, որովհետև Չեկայի թղթապանակի բնագրում ռուսերեն է իրականացվել վարույթը, որ Մոսկվայում հասկանան։ Ինչպես ասել է Կամսարը. «Մոսկվան՝ տերթոդիկյան դարու բռնակալ ուսուցիչ, Հայաստանը՝ նրա առաջ չոքած խղճալի մոնթ. բնական կարիք ունի հոգալիք, մատ է բարձրացնում և պետքարան գնալու թույլտվություն խնդրում Մոսկվայից. տվավ՝ դուրս կերթա, չտվավ՝ տակը պիտի կեղտոտի»: Կպատճենեմ ռուսերեն տարբերակը և կուղարկեմ քեզ։ Ճիշտ է, անգրագետ է գրված, բայց դու քո միջնակարգում սովորած ռուսերենով հաստատ կշտկես անգրագետ չեկիստների գրածը։

Հիմա արդեն չեմ ուզում քո տեղը լինել, առավել ևս չեմ ուզում, որ դու այդ չարաբաստիկ տեղում լինես։ Եվ համոզված եմ՝ քո մոտ էլ տոն կլինի, և դու կվերադառնաս երազածդ «Ողջերի աշխարհը»։

Արդյոք գիտե՞ս, որ դու իմ և շատերի մի մասնիկն ես դարձել՝ ապրում ենք քո ճակատագրով, հիանում անասելի կամային հատկանիշներով։ Ուղղակի զարմանք է՝ ցմահ դատապարտված և անազատության 19 տարիները գլորած մարդն այդքան կենսունակ է և լավատես՝ սովորում է բուհում, թղթակցում է և չի կոտրվել։ Օրինակ, իմ կրտսեր որդին բանակի 2 տարիներից հետո, սովորելու հավեսը կորցրեց և գրողի ծոցը ուղարկեց մագիստրոսական կրթությունը։ Պահո՜, տղաս բանակում հոգնել էր:

Մհեր ջան, մարդիկ զարմացած են, միմյանց հարցնում են՝ ո՞վ է Մհեր Ենոքյանը, այդ ինչպե՞ս եղավ, և ամեն մեկն իր պատմությունն է հյուսում քո շուրջ, որտեղ չարը արդարադատությունն է, իսկ զոհ գնացած արդար հերոսը՝ դու։ Ես էլ ունեմ իմ երևակայած պատմությունը քո մասին։ Դու շուտով կազատվես, կազատվես ավելի վաղ քան վերջացրած կլինես Կամսարի գրքի թարգամությունը։ Իրավագիտությանը գերազանց տիրապետելով և մասնագիտանալով կդառնա՞ս, կդառնա՛ս մեր բոլորիս իրավունքների ազնիվ և արդար պաշտպանը՝ Օմբուդսմենը, ում կապավինենք մեր դարդերը: Հետո սկսում եմ կասկածել՝ բա որ մյուսների պես Մհերն էլ հուսախաբ անի, և մեր երազանքները արդեն որերորդ անգամ փշրի, քանզի ինչպես կասեր մեծն Լեռ Կամսարը. «Մարդիկ քանի պաշտոնի չեն անցել և ուտելու բան չկա մեջտեղ՝ ազնիվ են, պաշտոնի են անցնում՝ ուտում դառնում են անազնիվ, ձերբակալվում բանտ են գնում դարձյալ դառնում են ազնիվ, նորից պաշտոնի են անցնում, նորից դառնում են անազնիվ և այդպես շարունակ»։ Էնպես որ՝ քեզ էլ կտեսնեք, Մհեր տղա, քիչ մնաց…

Այսօր այսքանը…

Դու կամաց-կամաց կարդա էս նամակը, մինչև ես հետևից կհասցնեմ։ Ընդունում եմ հարցազրույցիդ հրավերը, և բոլոր հարցերիդ կպատասխանեմ մեկ առ մեկ։ Վաղուց էի ուզում գիրք գրել՝ «Ինչպես ես գտա իմ Լեռ Կամսարին», բայց ծուլանում էի։ Լա՛վ է, հիմա գործը գլուխ կգա։ Դու հարցեր կտաս՝ ես կլուսաբանեմ և դա կլինի իմ ու քո հեղինակած շատ հետաքրքիր գիրքը։

Այսքանից հետո մնամ՝ քեզ սպասող Վանուհի

05.05.2015

Հ.Գ. Ինձ կդիմես անունով և առանց Դուքի։ Հաջորդ նամակը կլինի Փառապանծ Հաղթանակների տոներից հետո։ Քեզ էլ եմ շնորհավորում և ցանկանում միշտ հաղթող լինես… ցանկանում եմ, որ սպասվող համաներումը քո վրա էլ տարածվի… Առաջ Աստված…

Մեկնաբանություններ (5)

Հասմիկ Բարսեղյան
Արդյոք գիտե՞ս, որ դու իմ և շատերի մի մասնիկն ես դարձել՝ ապրում ենք քո ճակատագրով, հիանում անասելի կամային հատկանիշներով։ - Այս նախադասության տակ շատերը կստորագրեն։
Անահիտ
«Արդյոք գիտե՞ս, որ դու իմ և շատերի մի մասնիկն ես դարձել՝ ապրում ենք քո ճակատագրով, հիանում անասելի կամային հատկանիշներով։» Հրաշալի խոսքեր մեր հոգու մի մասնիկը բացահայտելու համար, սիրով միանում եմ Ձեզ, Քեզ ուժ և կորով, Մհեր
Անահիտ
Հետքը հանդիպման վայրն է, եզակի վայր Երեւանում, ամենուր... ուր սպասումն արդարացված է: Շնորհակալ եմ, սպասենք հաջորդ թեմաներին... Ի դեպ, Լեռ Կամսար փողոցում է իմ տունը, որը երեւի պատահականություն չէ...
liana
Այո Հասմիկ ջան ստորագրում եմ, կեցցես
Քեշիշյան Արմեն
Ոճ, ջերմություն, միտք, կարեկցանք: Սեփական ցավը թաքցրած` օգնել պատրաստ: Ազատության կամսարյան տենչանք, սիրով ու հույսով կյանք տվող գրվածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter